Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես վկա կկանչվի՞ մանկաբույժի եղբայրը

Մարտ 25,2015 14:00

Երեխայի մահվան գործով ֆեյսբուքյան
գրառումը կարող է դառնալ ուշագրավ բացահայտման հնարավորություն

Մարտի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանվող մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

2 -ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Աղջնակը օրեր անց մահացել է բուժկենտրոնում:
Հիշեցնենք, որ Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրանց պաշտպանությունն իրականացնում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Երեմ Սարգսյանն ու Գիվի Հովհաննիսյանը:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով դատարան ներկայացվեց նոր ապացույց:

Ըստ այդ ապացույցի՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին փոքրիկ Լիայի մեզի եւ կղանքի անալիզ չի արվել, քանի որ լաբորատորիան չի աշխատել եւ հերթապահ բժիշկ Իրինա Մամյանը տնից է հերթապահություն իրականացրել: Ի դեպ, այդ մասին մարտի 12-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ ասել է տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Վերջինը միջնորդել է վերսկսել դատաքննությունը եւ որպես վկա հարցաքննել բժշկուհու եղբորը՝ Սերգեյ Մամյանին:

Իրավապաշտպանը հայտնել է, որ նա գործի հանգամանքների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկության է տիրապետում:

Ըստ Արթուր Սաքունցի՝ դատաքննությունն ավարտվելուց հետո՝ 2015թ. հունվարի 28-ին, տուժողի իրավահաջորդ Գեորգի Մինասյանի եղբայրը՝ Անդրեյ Միսակյանը, որը նույնպես ներգրավված է գործում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Լիա Միսակյանի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել նույն սոցցանցի օգտատեր Սարգիս Մամյանի հետ: Վերջինը հայտնել է, որ հերթապահող բժշկուհին իր քույրն է եղել՝ Իրինա Մամյանը, եւ ինքն ամեն ինչից տեղյակ է: «Հունվարի մեկին շատ դժվար է բուժօգնություն ցուցաբերել, դա բժշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն է, որ լաբորատորիաները չեն աշխատել ու այդ օրով հերթապահ բժիշկ են նշանակել անփորձ մեկին»,- գրել է հերթապահող բժշկուհու եղբայրը:
Մեղադրող Դավիթ Կարապետյանը եւ գործով ամբաստանյալ, բժշկուհի Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը միջնորդել են վերսկսել դատաքննությունը՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ Լիա Միսակյանի վիճակը ցույց տվող՝ հոր կողմից արված տեսանյութը հետազոտելու նպատակով: Դատարանում սպասվում են այլ միջնորդություններ նույնպես:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031