Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազանքն սկսվում է այն պահից, երբ ավարտվում են մարդու հնարավորությունները». ռեժիսոր

Ապրիլ 04,2015 12:21

Ապրիլի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Երազանք 19:27» ընտանեկան լիամետրաժ կատակերգության պրեմիերան:

Սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Սիմոնյանն է: Ֆիլմում նկարահանվել են Անդրանիկ Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը, Ֆրեդ Դավթյանը, Գայանե Առաքելյանը, Արմեն Մուրադյանը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Լիլիթ Քոչարյանը, Արսեն Սաֆարյանը և ուրիշներ:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել չստանալ ցինիկ կատակերգություն. ստանալ դասական ֆիլմ, որը մի րոպե կարող է ձանձրալի թվալ, բայց այդ տեսարանը կա, որովհետև ասելիք ունի: Հայկական որոշ կատակերգություններ կան, որոնք կարող են, ասենք, ժամ ու կես անընդմեջ ուրախացնել, բայց երկրորդ անգամ չցանկանաս դիտել»,- ասում է Դավիթ Սիմոնյանը:

Ռեժիսորը չգիտի՝ դիտողն ինչպես կընդունի իր ֆիլմը կամ արդյո՞ք կուզենա երկրորդ անգամ դիտել այն. «Բայց ես նկարել եմ այն, ինչ ինքս կուզենայի տեսնել,- ասում է նա,- սովորաբար, ֆիլմը երկրորդ անգամ նայում են այն դեպքում, երբ ինչ-որ բաներ չեն հասկանում: Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, որոնք չեն հասկանա և կքննադատեն. կլինեն նաև մարդիկ, որոնք չեն հասկանա, բայց կուզենան հասկանալ: Ու դա բնական է, քանի որ միանգամից ոչինչ չի բացահայտվում: Ինձ համար դեռ հարց է՝ եթե ֆիլմն ընդունվի, ես դրանից կուրախանա՞մ, թե՞ կմտածեմ, որ շատ պարզ էր»,- ասում է Դ. Սիմոնյանը:

Ունեցիր երազանք. ռեժիսորի խոսքով՝ սա է ֆիլմի ասելիքը. «Իմ ընկերները հիմնականում երազող և հումորով մարդիկ են. հումորն ու երազելը շատ կարևոր են: Իսկ երազանքն սկսվում է այն պահից, երբ ավարտվում են մարդու հնարավորությունները: Ենթադրենք՝ ես շատ լավ մեքենա եմ ուզում: Բայց ես դրա մասին այնքան ժամանակ չեմ երազի, մինչև հասկանամ, որ չեմ կարող ունենալ, իսկ երբ այն երազանք է դառնում քեզ համար, դառնում է գերբնական ինչ-որ բան»,- կարծում է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ «Երազանք 19:27»-ը հայկական մյուս կատակերգություններից տարբերվում է իր՝ նվազագույնի հասցված կոմերցիոն տարրերով. «Եթե մոնտաժման աշխատանքներին ներկա լինեիք, ձեր սիրտը կցավար, որովհետև այնպիսի կադրեր ենք կտրել, որոնք ֆիլմի հաղթաթղթերից կարող էին դառնալ, բայց հանել ենք դրանք, որպեսզի ֆիլմը չդառնա էժանագին, վատ, ցածր»,- նշեց Դ. Սիմոնյանը:

Դառնալով դերասանական կազմին՝ ռեժիսորը նշեց, որ նրանց ընտրությունը մոտ մեկ ամիս տևել է: Ընդգրկվել են ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դերասաններ: Ինչ վերաբերում է երգիչ Արսեն Սաֆարյանին, որն առաջին անգամ է ֆիլմում նկարահանվում, Դ. Սիմոնյանը շատ հաջողված համարեց նրա կերպարը. «Ինձ համար առաջին հերթին կարևոր են մարդու որակները, հոգեվիճակը, բնավորությունը, հետո նոր պրոֆեսիոնալիզմը: Ա. Սաֆարյանի մոտեցումը, նրա՝ առաջին դասարանցու պես հուզված վիճակն ինձ ոգևորեցին»,- նշեց նա:

«Ես կարծում եմ՝ ֆիլմն ստացվել է. այն ունի ասելիք,- ասում է Լևոն Հարությունյանը:- Ես միանգամից համաձայնեցի այս ֆիլմում նկարահանվել (չնայած ես ո՞վ եմ, որ չհամաձայնեմ. մեկ է՝ գործ չկա, պիտի համաձայնեմ), որովհետև տղերքը հենց սկզբից մի նախադասություն ասացին, որն ինձ շատ դուր եկավ: Ասացին, որ ուզում են այս ֆիլմը դաստիարակչական լինի, մտածեցի՝ լավ, թող լինի, բա կոմերցիա՞ն: Ասացին՝ դե լավ, ի՞նչ կոմերցիա, պատասխանեցի՝ դե որ փող եք դրել, տեսնեմ՝ ո՞նց եք հանում… Բայց ինձ թվում է՝ կհանեն»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930