Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է արյուն թափել իշխանափոխության համար

Ապրիլ 09,2015 17:00

Ըստ նրա՝ ճիշտ չի խուսափել արյուն թափելուց՝
հանուն հարյուր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու

«Ես այդ չակերտավոր մտահոգությունների հետ կապված, որը վերաբերում է ապրիլի 24-ին, թե միջոցառումներ կխաթարվեն եւ այլն, հայտարարում եմ՝ այդ օրը մենք չենք պատրաստվում որեւէ ձեւով խանգարելու, խաթարելու օրվա օրակարգը: Ավելին, մենք նույնպես եւ մեր շրջանակից նույնպես բազմաթիվ մարդիկ մասնակցելու են այդ օրվա հիշատակը հարգող տարաբնույթ միջոցառումներին: Մենք ընդամենը ասում ենք, որ 24-ի երեկոյան, ժամը 18.00-ից սկսյալ Էրեբունու թանգարանու առաջ սկսում ենք հավաքվել: Խաղաղ մոբիլիզացիան սկսվելու է: Դրանում մտահոգվելու որեւէ խնդիր չկա: Իսկ թե 25-ին եւ 26-ին քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում ինչպիսի գործողություններ կկատարենք՝ դա ժամանակը ցույց կտա: Կարեւորն այն է, որ մենք կրկնում ենք, բայց կարծես թե ամբողջը դիտավորյալ տեղ չի հասնում»,- «Առավոտի» հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսպես արձագանքեց ՀՀԿ-ականների մտահոգություններին, որ Հիմնադիր խորհրդարանը ազգադավ հայտարարություններ է անում, աններելի է այդ սուրբ օրը շահարկելը: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը հայտարարել է, որ ապրիլի 24-ից իշխանափոխության գործընթաց է սկսում, ընդ որում, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, դա ընդամենը հաշված օրերի խնդիր է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մինչեւ ապրիլի 24-ը Ժիրայր Սեֆիլյանի հնարավոր ձերբակալության հետ կապված ասել էր, որ ամբողջ աշխարհում ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված՝ այդ քայլերն արդարացվում են: Ժիրայր Սեֆիլյանը վստահ է՝ Ռուստամյանը գիտակցում է, որ սխալ մտքեր է ասել. «Դաշնակցության ղեկավարությունը, հուսամ, կգիտակցի պահի լրջությունը եւ փոխանակ շարունակելու պաշտպանել այդ հանցագործ, սպիտակ եղեռն իրագործող ռեժիմին՝ կկանգնի ժողովրդի կողքին»:

Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ ծավալվել ՀՅԴ-ի շուրջ, բայց զգուշացրեց՝ եթե անհրաժեշտություն լինի, ապագայում փակագծերը կբացեմ:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ միայն 2014-ին եվրոպական երկրներից քաղաքական ապաստան է խնդրել 5000-ից ավելի հայ: Մեր հարցին, ըստ Ձեզ՝ այդքան մարդ իսկապե՞ս Հայաստանում քաղաքական հետապնդումների է արժանանում, թե՞ իզուր խայտառակում են երկիրը եւ խաբում Եվրոպային՝ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այնտեղ քաղաքական հալածյալի հետ կապված օգտագործվող հանգամանքներ կան, սակայն երեւույթն է մտահոգում բոլորիս՝ քանակը մարդկանց, թե ինչպիսի ձեւերով փորձում են օր առաջ հեռանալ իրենց հայրենիքից: Սա է պատճառը, որ մենք էլ չենք սպասում 2017 թիվ, 2018 թիվ: Մենք ժամանակ չունենք: Պատահական չէ, որ մենք որոշել ենք այս տարի անել այն, ինչ ուզում ենք անել: Եթե հայերիս չհաջողվի այս ամիսների ընթացքում այն պտտվող անիվը, որը տանում է մեզ դեպի կործանում, կանգնեցնել, ապա ամեն ինչ սին է դառնալու եւ ամեն ինչ անիմաստ է լինելու: Ուստի եւ 24-ին մեր կողմից սկսվող պայքարին, ես համոզված եմ, մեր ժողովրդի զգալի մասը սատարելու է»:
Մեր հարցին՝ արյո՞ւն է թափվելու, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք ականատեսն ենք, թե օրը մեջ ինչպես է թափվում այդ արյունը՝ բառի բուն իմաստով: Առաջնագծում մենք կորցնում ենք երիտասարդների, որոնք չեն հասցրել սերունդ թողնել, այսինքն՝ ազգի վերարտադրությունը կասեցվում է այս ռեժիմի ապիկարության պատճառով: Մենք նաեւ ականատեսն ենք, թե ինչպիսի ձեւով մարդաթափվում է Հայաստանը: Սա արտագաղթ չի, սա մարդաթափում է: Եթե այս ամենը կասեցնելու համար, հնարավոր է, որ եթե արյուն պիտի թափվի, մենք խուսափենք դրանից, ես կարծում եմ, որ ճիշտ չի: Ես համոզված եմ, որ ամեն գնով պետք է կասեցվի այս ընթացքը՝ հանուն ապագա հարյուր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցն անցկացրել ենք մինչեւ երեկվա իրադարձությունները, երբ Ժիրայր Սեֆիլյանը դեռ ձերբակալված չէր:

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    մարտիրոս ա, մարտիրոս… կարգին Հերոս… կիսաստված… սակայն արյունը թափելու տեղ, մի քանի կաթիլ բժշկական վերլուծման թող ենթարկի, կարող է քիմիական պակասություններ յայտնաբերվին, դարմանի կարիքը լինի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930