Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթը Նեապոլում. «Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ»

Ապրիլ 11,2015 17:51

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները  շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

 

***

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի խոսքը Նեապոլում խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Ձերդ Վսեմափայլություն Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպե,
Մեծարգո՛ քաղաքապետ Մաջիստրիս,
Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ հայ ժողովրդի պատմության հետ բազմաթիվ թելերով կապված այս հիասքանչ քաղաքում՝ Նեապոլում, շրջապատված ձեր հարգարժան ներկայությամբ:

Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի։

Առհասարակ խոսուն է այն փաստը, որ հայերը եկեղեցաշինությամբ են զբաղվել ոչ միայն իրենց Հայրենիքում, այլև այն բոլոր վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են: Դեռևս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Շատ հուզիչ է, որ անգամ իտալական այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Մատեռան է, նույնպես վեր է խոյանում մի գողտրիկ հայկական եկեղեցի:

Րոպեներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը: Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է: Վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ և աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին:

Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, շարունակաբար ջանում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին, և դրա դրսևորումներից է նաև այս վանական համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի վերանորոգումը:

Հարգարժա՛ն ներկաներ,

Յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու և պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան և Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Վերադառնալով այսօրվա միջոցառումներին՝ շնորհակալություն եմ հայտնում դրանց կայացման գործում ձեր համակողմանի աջակցության համար: Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից։ Հատկանշական է, որ հենց Նեապոլի սրտում գտնվող Սան Գրեգորիո Արմենո փողոցի վրա են կազմակերպվում Իտալիայում ամենահայտնի սուրբծննդյան տեսարանների ցուցադրությունն ու տոնավաճառը, որն այդ օրերին վերածվում է քրիստոնյաների յուրօրինակ հավաքատեղիի:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ պետք է համատեղ աշխատենք, որպեսզի մեր մշակութային կապերը համալրենք համագործակցության այլ ուղղություններով, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտի ծրագրերով, հատկապես որ Իտալիան հայ զբոսաշրջիկների այցելության առաջնային ուղղություններից է: Այս հարցում մենք պետք է հետևենք Նեապոլի մեծ զավակ և աշխարհահռչակ գիտնական Ջորդանո Բրունոյի խորհրդին. «Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»։

Շնորհակալություն»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930