Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ վտանգ է ներկայացնում նախաքննության մարտավարության մեթոդների հրապարակումն ու հանրայնացումը

Ապրիլ 20,2015 14:30

Օրեր առաջ լույս են տեսել «Քննիչի գրադարան» մատենաշարով իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանի 5 գրքերը, որոնցից «Քննիչի հոգեբանություն» գրքից ներկայացնում ենք «Ծառայողական գաղտնիքի պահպանումը» հատվածը:

Քննիչի աշխատանքում հրապարակային եւ ոչ հրապարակային տարրերի հարաբերակցությունը մշտապես իրավաբանական վեճերի առիթ է հանդիսացել: Քրեական դատավարության հրապարակայնության սկզբունքը մեխանիկորեն տարածելով նաեւ նախաքննության փուլի վրա, որոշ առումով խաթարվում է արդարադատության բուն էությունը: Ձգտելով խուսափել պատասխանատվությունից եւ խոչընդոտել քննությանը՝ հանցագործություն կատարած անձը եւ նրա կողմնակիցները միշտ շահագրգռված են ստանալ առավել լիարժեք տեղեկատվություն քննության ուղղության, իրավիճակի, քննիչի մտադրությունների վերաբերյալ: Ապացուցողական նյութի եւ քննիչի մտադրությունների ժամանակից շուտ հրապարակումը կարող է խանգարել քննությանը եւ վտանգի տակ դնել այն անձանց, ովքեր նպաստել են հանցագործության բացահայտմանը, օժանդակել են քննությանը:

Նախաքննության եւ հետաքննության տվյալների հրապարակումը հղի է նաեւ այլ վտանգով: Ինչպես իրավացիորեն նշում է իրավագիտության դոկտոր Ալեքսանդր Ռատինովը՝ «նախնական բնույթ կրող որոշումներն ու եզրակացությունները, որոնց ճշմարտացիությունը դեռեւս պետք է ստուգվի քրեական դատավարության ընթացքում, կարող են անվիճելի հաստատված փաստեր ընկալվել: Ընդ որում, ծագում է վկաների ցուցմունքների եւ հանրային կարծիքի վրա դրանց ներշնչողական ազդեցության ռիսկ, ինչը կարող է վնաս հասցնել մարդկանց հեղինակությանը»:

Քննության ընթացքում քննիչը ներթափանցում կամ ուղղակիորեն ներխուժում է մարդկանց անձնական կյանք, շոշափում նրանց նեղ անձնական հարցեր, բացահայտում անձնական ու այլ գաղտնիքներ: Այդ տվյալների հրապարակումը հղի է վտանգավոր հետեւանքներով, կարող է մարդկանց հեղինակության վարկաբեկման պատճառ դառնալ եւ նույնիսկ հանգեցնել ողբերգությունների: Հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ գլուխը նվիրված է գաղտնիության պահպանմանը:

Համապատասխանաբար, 170, 171 եւ 172 հոդվածները վերաբերում են անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, պետական գաղտնիքի պահպանմանը, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքի ստացմանն ու պահպանմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննչական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար տալիս են ստորագրություն: Քննիչն ի պաշտոնե ձեռք է բերում տարբեր տվյալներ, դառնում տեղեկատվության կրող: Դրանց թվում կարող են լինել պետական, ծառայողական, առեւտրային ու անձնական կյանքի գաղտնիքներ: Քննիչը պարտավոր է գաղտնի պահել նման տեղեկությունները:

Հանցավորության դեմ պայքարի ու հանցագործությունների նախականխման գործում մեծ վնաս կարող է հասցնել օրինակ՝ հանցագործության կատարման եւ դրա հետքերը թաքցնելու որոշ մեխանիզմների, մեթոդների հրապարակումը: Հանցագործները տեղեկանալով դրանց, հարստացնում են իրենց փորձը ու գիտելիքները, յուրացնում են հանցագործությունների կատարման եւ դրանց հետքերը թաքցնելու նոր եղանակները՝ տվյալներ վերցնելով զանգվածային լրատվական միջոցների հրապարակումներից, իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններից, իրական փաստերի հիման վրա գրված գրքերից կամ նկարահանված ֆիլմերից: Առավել մեծ վտանգ է ներկայացնում նախաքննության մարտավարության մեթոդների հրապարակումն ու հանրայնացումը, հատկապես քննչական եւ օպերատիվ հետախուզական գործունեության որոշ հնարքների եւ միջոցների մասին: Դա իր հերթին դժվարացնում է իրավապահ մարմինների հետագա աշխատանքը պրոֆեսիոնալ հանցագործների հետ հետագա «բախումներում»: Արտահայտված դատողությունները պետք է հաշվի առնվեն քննիչի կողմից տվյալների այն ծավալի որոշման ժամանակ, որոնք պետք է հրապարակվեն:

Հրապարակման ոչ ենթակա տվյալների պահպանումն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այստեղ որոշակի հոգեբանական դժվարություններ կան: Լռելու ընդունակությունը բնածին ընդունակություն չէ, այլ դաստիարակության, ինքնադաստիարակության ու փորձի արդյունք, որ մեծապես կախված է անձնական այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են կայունությունն ու կարգապահությունը: Հայտնի փաստ է, որ ինչ-որ նորություն իմացած, կարեւոր տեղեկություններ ստացած մարդը միշտ պահանջմունք ունի կիսել իր մտքերը այլ մարդկանց հետ… Հետաքրքիր պատմություն պատմելու, իր աշխատանքի զգալիությունը ցույց տալու համար, գայթակղությանը դիմանալը հատկապես երիտասարդ մարդու համար բավական բարդ է:

Հետաքրքիր եւ միաժամանակ գաղտնի տեղեկատվություն ձեռք բերած քննիչը դրա մասին պատշաճ ընթացակարգով իր անմիջական ղեկավարին զեկուցելով՝ միանգամից լուծում է երկու հարց՝ նախ իր ղեկավարին տեղեկացնում է քննության ընթացքի մասին, եւ երկրորդը՝ լուծում է վերոհիշյալ գայթակղության, այսինքն՝ գաղտնիքը ուրիշին հայտնելու հոգեբանական պահանջը: Արդյունքում՝ քննության շահը չի տուժում:

Գաղտնիքը պահել սովորելու համար ժամանակ, փորձ ու որոշակի պայմաններ են պետք: Պատահական չէ, որ քննիչների շրջանում ընդունված չէ որոշակի հետաքրքրասիրություն դրսեւորել ընկերոջ վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ, եթե վերջինս ինքը անձամբ չի դիմում խորհրդի կամ խորհրդատվության համար:
Օրենսդրությամբ քննչական պարկտիկայով, ծառայողական հրամաններով ու հրահանգներով սահմանված են կանոններ, որոնք ապահովում են քննչական գաղտնիքի պահպանումը:

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930