Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Դալիբալթայանը` Շուշիի ազատագրման, հաղթանակը տոնելու ու Վազգեն Սարգսյանի հետ զրույցի մասին

Մայիս 07,2015 15:36

«Ավելի լավ է կռիվ գնաս, պատերազմ, քան լրագրողների հարցերին պատասխանես: Դուք՝ լրագրողներդ վտանգավոր ժողովուրդ եք»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կատակեց 1991-92թթ. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ, «Հրազդան» ռազմական գործողության համահեղինակ, պաշտպանության նախարարի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը:

Գեներալն այժմ տարիների հեռավորությունից հետադարձ հայացք նետելով Շուշիի ազատագրմանը` հպարտությամբ նշեց, որ կարողացել են հայկական կողմից հնարավորինս քիչ զոհերով ազատագրել Շուշին:

Մանրամասներ ներկայացնելով «Հրազդան» ռազմական գործողությունից, պարոն Դալիբալթայանը նշեց, որ ռազմական գործողության անվանումը կապված էր Հրազդան գետի անվան հետ. «Վերևից ներքև ազատագրումը բավականին դժվար էր, ընդհանրապես պատերազմում հեշտ բան չկա: Այդ ժամանակ մենք ունեինք զենքի մատակարարման խնդիր: Դրա համար ռազմական գործողությունը ձգձգվում էր: Բավականին երկար նախապատրաստվել ենք: Հայկական խորամանկության ենք դիմել. ըստ էության Շուշին ազատագրելը մեզ համար խնդիր չէր, քանի որ քաղաքի բոլոր մոտեցումները մաքրել էինք բանդաներից, ուստի բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո մնում էր միայն շքերթով մտնել Շուշի»:

Պարոն գեներալը հիշեց, որ երբ եկել է Երևան, իր թոռնիկը առաջ է վազել ու գոչել. «Ղարաբաղը մերն է»:

Aravaot.am-ը հետաքրքրվեց` նման հաղթանակներ տարած Հայկական բանակին պատիվ բերո՞ւմ է այն, որ շատ հրամանատարներ «ջիփերով» են շրջում, բայց շարքային զինվորականներից շատերը օրվա հացի խնդիր են լուծում, պարոն Դալիբալթայանն արձագանքեց. «Ես երբեք չեմ երազել հարստություն ունենալ, իմ հարստությունը իմ ռազմական գործողությունը ավարտին հասցնելն ու հայրենիքս ազատագրելն է, ոչ թե պատերազմի հաշվին հարստանալը: Բայց կային մարդիկ, որ պատերազմից օգտվելով` հարստացան, սակայն անկախ ամեն ինչից հայկական բանակը կայացել է և պատրաստ է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև»:

Հարցին` ինչպե՞ս են տոնել Շուշիի ազատագրումը, գեներալ-լեյտենանտը անկեղծորեն պատասխանեց, թե «երբ արդեն հաստատ վստահ էինք, որ Շուշին ազատագրված է, գնացինք հանգստանալու»:

Այնուհետև նա հիշեց, թե ինչպես է ոտքով անցավ Շուշի-Լաչին-Երևան-ճանապարհով, զանգել Վազգեն Սարգսյանին ու կատակել:

Colonel-General, advisor of the RA Defense Minister Gurgen Dalibaltayan is guest in Hayatsk press club

«Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը ևս որոշ մանրամասներ ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունից. «Գործողությունը սկսել է 2.30, Շուշին ազատագրվել է լուսաբացին: Մարդիկ լանջով բարձրանում էին, ճանապարհին մարտեր սկսեցին, մարդիկ վիրավորվեցին: Բավական դժվարությամբ է վերցվել Շուշին, երբ այն թշնամուց ազատագրված էր, մի խումբ մարդիկ Շուշի մտան և առաջիններից մեկը հենց Դալիբալթյանն էր: Շուշիի ազատագրման լուրը միանգամից տարածվեց, այդ լուրին բոլորն էին սպասում, դա քարի տակ մնալ չէր կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031