Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հիմնավորում է, որ «96-ին քանդվել է երկիրը», ոչ թե 2000-ին

Մայիս 07,2015 18:40

Այսօր ԱԺ-ում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, օգտվելով առիթից, իր տեսակետը ներկայացրեց համայնքների խոշորացման մասին՝ կոչ անելով, որ մայիսի 17-ին մի շարք համայնքներում հայտարարված հանրաքվեներին մարդիկ մասնակցեն շատ ակտիվ, բայց դեմ քվեարկեն: Նա համեմատություն արեց 90-ականների հետ եւ ասաց, որ համայնքների խոշորացման ծրագրով փորձում են համայնքները վերահսկելի դարձնել եւ աստիճանաբար մարզպետարանների միջոցով յուրացնել համայնքային իշխանությունների լիազորությունները՝ համակարգում ստեղծելով ավերածություններ:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորել էր հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին ժամանակաշրջանը վերականգնել եւ ասել, թե ինչպես է 96-ին քանդվել երկիրը:

Վաչե Տերտերյանն էլ քննադատեց ՀԱԿ-ին, որ Համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներին չեն մասնակցել եւ իրենց մոտեցումները չեն ներկայացրել, չեն արձագանքել. «Կոչ անել համայնքի բնակիչներին գնալ հանրաքվեին, թե չգնալ՝ այս ամբիոնից չպիտի արվի: Կա քարոզչություն, կարող եք գնալ համայնքներ եւ քարոզչություն կամ հակաքարոզչություն անել: Ինչ վերաբերում է համայնքներին, կառաջարկեի գնալ համայնքներ, արվածի, անելիքների մասին խոսել»:

Խոշորացման հետ կապված Վաչե Տերտերյանը կասկածեց՝ ո՞նց է Զուրաբյանը հաշվել վերջին 16 տարին. «Խոշորացման մասին առաջին անգամ խոսվել է այս ինստիտուտի շրջանակներում 96-ին, երբ ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին առաջին օրենքը: Խոսվել է բավականին լուրջ, իմ կարծիքով, հասուն քաղաքական թիմի եւ հասուն քաղաքական գործիչների կողմից: Արձանագրությունները կան, ի տարբերություն շատերի, ես նույնիսկ այդ արձանագրությունների սղագրություններն եմ նայել: Այն ժամանակ փաստարկներ բերվեցին ավելի շատ, թե որտեղ պետք է լինի մարզկենտրոնը, քանի մարզ ենք ուզում, քանի մարզպետի խնդիր ենք ուզում լուծել: Արդյունքում՝ համայնքների խոշորացման խնդիրը կարծես մղվեց երկրորդ պլան, բայց բոլոր նիստերում խոսվել է, որ համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է, մենք դա անխուսափելիորեն պիտի անենք: Եթե խոսում ենք քայքայումից, ես համաձայն չեմ, որ որեւէ բան քայքայվել է 96-ին, ոչ 91-ին: Խոշորացման գաղափարը ֆիքսվել է 96-ին, չասենք 2000-ին»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն է, բայց գոնե փաստերի դաշտից չպետք է այդքան հեռանալ, թե չէ զավեշտի կարող են հասնել. «Գյուղերը կդատարկվեն, ինչո՞ւ պիտի դատարկվեն, ոչ մի տեղ նման բան չկա: Ասում են, որ Սովետական միության ժամանակ խոշորացում ենք արել՝ դատարկվել են: 3-րդ կուրսի էլեմենտար պատմություն անցած ուսանողի համար պիտի հիշելի լինի,որ մենք Սովետմիության ժամանակ չենք արել  միայն խոշորացում, արել ենք գյուղերի դատարկում՝ դիրեկտիվայով, հատուկ պլենումի նյութերով: Ախր չի կարելի փաստերը խեղաթյուրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031