Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները էսկալացիա են ստեղծում շփման գծում՝ փորձելով ազդել հայկական կողմի վրա»

Մայիս 16,2015 14:30

Քաղաքագետը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը hայ-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժ է ակնկալում: Նա այս ընթացքում հանդիպում է երկու երկրների նախագահների հետ՝ առաջիկա նրանց հանդիպումը կազմակերպելու համար: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ արդեն յոթ-ութ տարի է՝ 2008 թվականի քիուեսթյան բանակցություններից ի վեր, այդ հանդիպումները ձեւական բնույթ են կրում, բայց միեւնույն ժամանակ նշում է, որ դրանց առկայությունը կարեւոր է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման համար. «Այդ բանակցությունների դադարեցման դեպքում անհնար կլինի շարունակել հրադադարի ռեժիմը պահպանել: Դա հասկանում են բոլորը,- ասում է պարոն Մինասյանը եւ շարունակում:- Վերջին տարիներին բանակցությունները վերաբերում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, բայց այդտեղ էլ ես խնդիրներ եմ տեսնում, որովհետեւ դժվար թե Ադրբեջանը հրաժարվի իր ցանկությամբ այն միակ ռեսուրսից կամ այն ազդեցության լծակից, որը որ նրան տալիս է այդ էսկալացիոն վիճակը. ադրբեջանցիները էսկալացիա են ստեղծում շփման գծում՝ փորձելով ազդել հայկական կողմի վրա»:

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը իր հասարակության մոտ է տրամադրություն եւ լարվածություն ստեղծում. «Չեմ կարծում, որ Ադրբեջանի հասարակությունը ցանկանում է այդ լարվածությունը կամ դա հաճելի է նրան, որքան էլ այնտեղ ազգայնական հռետորիկա լինի: Բայց այն, որ քաղաքական վերնախավը դա օգտագործում է, փաստ է: Այդպես նա ոչ միայն փորձում է շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից՝ նավթային գների անկման ֆոնին, այլեւ վերնախավն իմիջի խնդիր ունի, որովհետեւ սահմանում իրենց երեխեքը չեն զոհվում, այլ սովորական ադրբեջանցիների զավակները»:

Անդրադառնալով Ադրբեջանի ազգայնամոլական քաղաքականությանը՝ Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրուցեց նաեւ վերջին շրջանում ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված «հայի արյուն» ունեցող Ռեշադ Մամեդովի մասին, որը իբրեւ թե փոխել է իր ազգանունը ադրբեջանական իշխանությունների ճնշման տակ: Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանում որեւէ պատահական մեկը չի կարող հարստություն ունենալ, դա երկրի իշխանությունները թույլ չեն տա, իսկ Բաքվում ապրող գործարարի արմատները հիշեցին, երբ նրա շուրջն աղմուկ բարձրացավ: Սերգեյ Մինասյանը նշեց՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում իշխանությունները փորձում են պիտակավորել հային, հիշեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը՝ համարելով, որ Ադրբեջանում էլ նույն տրամաբանությունն է իշխում. «Այդ մարդու հայ լինելու մասին հիշեցին, երբ նրա մոտ խնդիրներ եղան, մեղադրանքներից մեկը դա հնչեց»,- ասում է քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանի հետ զրուցեցինք նաեւ ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցին հայ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի տված հարցազրույցին եւ հայ հասարակության մի կողմի՝ ռեժիսորին տրված «պիտակավորումներին»: Քաղաքագետը նշում է, որ ինքն էլ մեկ շաբաթ առաջ նույն լրատվամիջոցին հարցազրույց է տվել: Կարծում է, որ անընդունելի է որեւէ մեկին պիտակավորելը, ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել ցանկացած լրատվամիջոցով, եթե դա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում չի դառնա: Սակայն այս հարցն այլ կերպ է վերլուծում. կարծում է, որ երկրում տիրող վիճակի քաղաքագիտական վերլուծությունը պետք է մասնագետը տա. «Ի՞նչ արձագանք կլիներ, եթե ես քաղաքագետ լինելով՝ հարցազրույց տայի Ֆելինիի կամ Պրոկոֆեւի մասին: Այսօր ինձ էլ զանգում են ու էլեկտրաէներգիայի թանկացման մասին են հարցնում, բայց ես այդ հարցում մասնագետ չեմ, եւ իմ մեկնաբանությունը սխալ կլինի»,- ասում է Սերգեյ Մինասյանը:

 ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.05.2015 թ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031