Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն պարտավոր է այս հարցերը քննարկել

Մայիս 20,2015 10:19

Արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կամ Սուրիկ Խաչատրյանի որդու հերթական քաջագործությունները պետք է քննարկվեն Ազգային ժողովում: Ինձ թվում է՝ այո, անպայման պիտի քննարկվեն: Մեր քաղաքական կյանքի երկարատեւ լուսաբանման փորձից կարող եմ փաստել, որ իշխանությունը դեռեւս Գերագույն խորհրդի ժամանակներից խոչընդոտում էր եւ հիմա էլ խոչընդոտում է նման քննարկումներին՝ ասելով, թե «դա իրավապահների գործն է», «այստեղ իրենց խոսքը պետք է ասեն մասնագետները» եւ այլն:

Տեսականորեն դա ճիշտ է, իրականության մեջ, սակայն, այդ իրավապահներն ու մասնագետները խիստ քաղաքականացված են՝ «անկախ փորձագետներ» չեն, որ իրենց խոսքը որեւէ մեկին արժանահավատ թվա: Իհարկե, պատգամավորները նույնպես անկախ փորձագետներ չեն, մասնավորապես՝ ընդդիմադիր պատգամավորները խիստ շահագրգռված են ցանկացած հարց ներկայացնել որպես «աղետ», «սարսափ», «կործանում» եւ «անդունդի եզր»: Իշխանությունն իր իրավապահներով եւ «անկախ հանձնաժողովներով» ցանկանում է խնդիրները կոծկել, ընդդիմությունն իր «ապոկալիպտիկ» հռետորաբանությամբ՝ խնդիրները բացել: Հենց դա էլ «հակակշիռների եւ զսպումների» մեխանիզմի մի մասն է:

Իշխանությունը՝ ի դեմս իրեն ծառայող իրավապահների, պնդում է, որ Սյունիքում ամեն ինչ կարգին է, մարդկանց սպանում են, ծեծում են, ահաբեկում են, աչք են հանում՝ առանց «պատմափիլիսոփայական դոկտոր» Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի մասնակցության: Մնացած քաղաքացիները եւ, մասնավորապես, մեր պատգամավորների ընտրողները գտնում են, որ 20 տարվա ընթացքում դեպքերի կրկնությունը թույլ է տալիս կասկածելու, որ անցյալում դատվածություններ ունեցող «ինտելեկտուալ մարզպետը» դրա հետ որոշակի առնչություններ ունի: Ինձ թվում է՝ պատգամավորները ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են արձագանքել մեր՝ նրանց ընտրողներիս մտահոգությանը: Հռետորական արվեստի ինչպիսի «ճոխությամբ»՝ դա արդեն ճաշակի հարց է:

Առավել եւս դա վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը: Իշխանությունը՝ ի դեմս «անկախ հանձնաժողովի», ասում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» աշխատում է վնասով, եւ դրա մեղավորը մենք ենք՝ սպառողներս, քանի որ քիչ ենք նրանց վճարում: Իսկ մենք՝ սպառողներս, ենթադրում ենք, որ այդ ընկերության մենեջերները, սկսած մասնաճյուղի ղեկավարից, չափից դուրս ճոխ են ապրում, ինչի հետեւանքով էլ կուտակել են հսկայական պարտքեր: Դարձյալ պատգամավորները պարտավոր են ստուգել մեր այդ ենթադրությունը նաեւ այն պատճառով, որ պետությունը, այսինքն` մենք, հարկատուներս, երաշխավոր ենք կանգնել այդ ընկերության կոմերցիոն ռիսկերին:

Երկու դեպքում էլ չարժե պատգամավորների ձայնը լռեցնել: Ի դեպ, դրա համար սահմանադրական փոփոխություններ պետք չեն: «Նախագահական» Միացյալ Նահանգներում Կոնգրեսը շատ լայն իրավասություններ ունի եւ նման դեպքերում ասում է իր վճռորոշ խոսքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը դառնա (վերանվանվի) Արմենիայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) ու ընդունի Միացյալ Նահանգների օրենսդրությունը, միանշանակ ոչինչ չի փոխվի, որովհետեւ մասսան կմնա նույնը, իր նույնատիպ (ինչպես այսօր) մտածելակերպով ու ապրելակերպով:

    • Հրանտ Պապիկյան says:

      Մի՞ թե միայն Դուք եք այս երկրում այդպիսի գիտակից և տարբերվող՝ մնացած նույնատիպ ՛՛ՄԱՍՍԱՅԻՑ՛՛…

      • Ruben says:

        Շնորհակալություն Ձեր հարց-արտահայտության համար:
        Չեմ «խուրդի» ասածս, իմաստ չունի: Պատասխանում եմ՝ բանականությամբ տարբերվող՝ այո: Իսկ գիտակցությունը՝ Ձեզ:
        Վայելեք մասսայական ժողովրդավարությունը: Վարեք- վարվեք գիտակցաբար:
        Մնաք բարով:

        • Հրանտ Պապիկյան says:

          Սեփական բացառիկության զգացումը դա մի բարդույթ է, որը ԱՄՆ-ում էլ լինեք՝ նույնն է, այստեղ էլ… դա ընդամենը հիվանդություն է, հարգելիս:
          Իմ գրածը ընդամենը հեգնանք էր, և շնորհակալության կարիք չկար: Ամենածիծաղելին այն էր, որ Ձեր համար բարձրագույն չափանիշ համարվում է ԱՄՆ-ն, ու եթե ամերիկյան օրենքներն էլ այստեղ գործեն, Դուք մեկ է լայաղ չեք անի այստեղ մնալ… այս մասսայի հետ… և գիտե՞ք՝ երևի թե ավելի լավ, հավանաբար արտագաղթը նաև ՄԱՔՐՈՂ գործընթաց է:
          Այ հիմա՝ ՄՆԱՔ ԲԱՐՈՎ!!!

  2. Hay says:

    Խնդիրը, իմ խորին համոզմամբ, նախագահի մեջ է, ավելի ճիշտ` նախագահի բացակայության:

  3. Աբո says:

    Ասում են « սելը չի ճռում, սելվորնա ճռում »: Մեկը պետք է զբաղվի՞ էս հարցերով:
    Սուիկի որդու հարցով
    1) Հետաքրքիրա տուժողը դիմե՞լ է ոստիկանություն, խնդրե՞լ է, որ պատժեն, ցուցմունք տվե՞լ է:
    2)Այդ թեման հենց սկզբից էլ, գգողական «ռազբորկայ » եղել: Հայաստանում հարցերի 90%-ը այդ ձևով է լուծվում, իսկ մենք ՝ ամեն անգամ զարմանում ենք:
    Հոսանքի թանկացման համար, միայն կասեմ, որ Աժ պատգամավորները պետք է պահանջեն ոչ թե գինը իջեցնել, այլ ժողովրդի ՝ աշխատավարձը և թոշակը, համապատասխան բարձրացնեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031