Թուրքմենստանում կայացած Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Կասպից ծովի շրջակա միջավայրի վերաբերյալ գագաթնաժողովների շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձ վստահության ամրապնդման և երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
Իրանի նախագահը շեշտել է երկկողմ հարաբերություններում կայունության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։
Իրանի դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացումը և ծովային ու օդային ուղիների վրա ԱՄՆ-ի կողմից դրված սահմանափակումները կրկին ընդգծել են Իրանի արտաքին առևտրի և տարածաշրջանային շուկաների հետ կապի այլընտրանքային ուղիների հասանելիության կարևորությունը և Թեհրանի ուշադրության կենտրոնում են հայտնվել Իրանի ցամաքային սահմանների կարգավիճակը հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ։
Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերականգնման կենտրոնական և առանցքային բաղադրիչը «Սյունիքի ուղին» է, որի հայկական հատվածը պետք է իրականացվի «TRIPP» (Trump’s Path to International Peace and Prosperity) անվամբ հայ-ամերիկյան համատեղ նախագծի շրջանակներում։
Կարդացեք նաև
«TRIPP» նախագիծը ներառում է մայրուղու և երկաթուղու կառուցումը Հայաստանի Սյունիքի մարզի ամենահարավային կետում։ Նույն ծրագիրն է, որը նախկինում 2021 թվականի հունվարին մշակվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանձնաժողովի կողմից։
Այս նախագիծը կարող է վերափոխել տնտեսական միջավայրը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Երևանը անհամբեր սպասում է հայ-թուրքական սահմանների բացմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկաթուղային գծերի հաստատմանը։ Ավելի լայն հեռանկարում այս երթուղին պետք է կապ ստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև և Հայաստանը ներառի նոր միջազգային լոգիստիկ շղթաներում։
Հայաստանի իշխող կուսակցության և ընդդիմության ներքին հակամարտություններից բացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջընթացը բախվում է նաև միջազգային ասպարեզում առկա բարդություններով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների թուլացման գործընթացը շարունակվում է, և Մոսկվան սպասում է Երևանից հստակ պատասխանի՝ արդյոք Փաշինյանը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը, թե՞ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Չնայած «խաղաղության խաչմերուկի» գաղափարի առաջարկմանը, Հայաստանի վարչապետը դեռևս չի կարողացել ստեղծել հաջողակ բազմակողմանի քաղաքականություն, որը կարող է պահպանել դերակատար ուժերի հավասարակշռությունը։
Մյուս կողմից, Իրանը նույնպես վերապահումներ և առարկություններ ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում ԱՄՆ-ի ներկայության և ազդեցության վերաբերյալ և պահանջում է, որ «TRIPP» նախագծի իրականացման գործում հաշվի առնվեն Թեհրանի շահերը, սակայն Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումն ու բարդությունը դժվարացրել են այս հարցում ցանկացած հավասարակշռության հասնելը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջին այցը Թեհրան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հարավային Կովկասը գտնվում է կարևոր աշխարհաքաղաքական և տարանցիկ փոփոխությունների շեմին, և տարանցիկ ճանապարհների և տարածաշրջանի տարանցիկ ուղիների ապագան կապված է տարածաշրջանի ներսում գործողների և կովկասյան տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջև ուժերի հավասարակշռության, ինչպես նաև դեպի ռուսական և եվրոպական շուկաներ Իրանի մուտքի ուղիների հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև Թեհրանում կայացած հանդիպումը չի կարող գնահատվել միայն երկու հարևանների միջև պարբերական դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակներում։ Այս ուղևորությունը տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, երբ Հարավային Կովկասում և՛ հավասարումները փոխվում են, և՛ Միացյալ Նահանգների կողմից Իրանի ծովային ուղիների վրա սահմանված սահմանափակումները մեծացրել են ցամաքային ուղիների և հյուսիսային հարևանների կարևորությունը Թեհրանի արտաքին առևտրի համար։ Այս տեսանկյունից, Միրզոյանի և Արաղչիի միջև հանդիպումը գերազանցեց սովորական երկկողմ խորհրդակցությունները, որոնցում կովկասյան հավասարումներում կարևոր է ինչպես Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան, այնպես էլ ցամաքային սահմանների և օդային ուղիների կարողությունը՝ ամրապնդելու Իրանի առևտուրը Եվրասիայի հետ, սահմանափակ ծովային և օդային ուղիների պայմաններում, դարձել է ռազմավարական հարց երկու հարևան երկրների միջև։
Վերջին ամիսներին Իրանը շեշտը դրել է տարածաշրջանում միջազգային սահմանների և առկա հաղորդակցության ուղիների պահպանման վրա՝ միաժամանակ ձգտելով զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ որպես Կովկասում իր ներկայության և առևտրային ուղիներից մեկը։
Մյուս կողմից, Հայաստանը նաև ձգտում է դիվերսիֆիկացնել իր հաղորդակցության և տնտեսական ուղիները: Այս տեսանկյունից Թեհրանի և Երևանի միջև Կովկասում զարգացումների վերաբերյալ ուղղակի խորհրդակցությունները կարող են ազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկու երկրների միջև սահմանների, միջանցքների և տնտեսական հարաբերությունների վրա: Այս հարցը կարևոր է դառնում նաև Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունների հավասարակշռության առումով:
Հետևաբար, Թեհրանի համար Երևանի հետ հարաբերությունները ոչ միայն երկկողմանի հարաբերություններ են, այլև Կովկաս մուտքը պահպանելու և տարածաշրջանային հավասարումներում Իրանի հաղորդակցման ուղիների դերի անկումը կանխելու քաղաքականության մի մաս։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կարող է լինել Իրանի առևտրի լրացուցիչ ուղիներից մեկը Կովկասի և Եվրասիայի շուկաների հետ, իհարկե, ոչ թե որպես ծովային ուղիների ամբողջական փոխարինող, այլ որպես առևտրային ուղիների դիվերսիֆիկացման ռազմավարության մաս։ Ստեղծված իրավիճակում Իրանի ցամաքային սահմանների ռազմավարական արժեքը հարևանների հետ մեծացել է, և Իրան-Հայաստան սահմանը չպետք է դիտարկել միայն որպես երկկողմանի անցում։Իրան-Հայաստան սահմանը կարող է լինել Իրանի ցամաքային դարպասներից մեկը՝ եվրասիական շուկայի հետ ազատ առևտրի հնարավորությունների ավելի գործնական օգտագործման համար, մի հարց, որն ավելի կարևոր է դարձել ներկայիս պայմաններում և առևտրային ուղիների դիվերսիֆիկացման և Իրանի տնտեսական խոցելիության նվազեցման անհրաժեշտության շրջանակներում։
Մյուս կողմից, հոկտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում հիշատակեց «Թրիփ» միջանցքը և Կովկասյան երկաթուղային ուղիների բացումը՝ ասելով, որ այս զարգացումները կարող են հնարավորություն տալ Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի ձևավորմանը: Հետևաբար, տարածաշրջանային կապը ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր հարցերից մեկն է, և Իրանը նույնպես համարվում է այս հավասարման հիմնական խաղացող:
Ներկայումս Նորդուզի մոտ գտնվող Իրան-Հայաստան սահմանը այն ճանապարհներից մեկն է, որը կապում է Իրանը Հարավային Կովկասի և այնտեղից՝ ավելի լայն եվրասիական տարածքի հետ: Այս սահմանի թողունակության ընդլայնումը, բեռնատարների անցման հեշտացումը, տրանսպորտային և մաքսային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ընդհանուր առմամբ հարավային Հայաստանի հաղորդակցության ուղիների բարելավումը այժմ ավելի կարևոր են դարձել Իրանի համար:
Հորմուզի նեղուցի ճգնաժամը Իրանի արտաքին առևտրային կախվածությունը ծովային ճանապարհներից դարձրել է ավելի ռիսկային և մեծացրել Թեհրանի ուշադրությունը ցամաքային և հյուսիսային տարբերակների նկատմամբ։
Վերջին հաղորդագրությունները վկայում են Իրանի ջանքերի մասին՝ հյուսիսային և ցամաքային ճանապարհներից ավելի շատ օգտվելու համար։
Հետևաբար, Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի Թեհրան այցի կարևորությունը, առաջին հերթին, պայմանավորված էր Հորմուզի նեղուցի փակման և իրանական առևտրի ու ծովային արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած ճգնաժամով։
Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև սերտ և շարունակական հարաբերությունները, կարելի է ենթադրել, որ այս պահին երկու երկրները կփորձեն ուսումնասիրել համաշխարհային շուկաներ մուտք գործելու հնարավոր ճանապարհները, պատժամիջոցների սահմանափակումների հետևանքները նվազեցնելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային և տարանցիկ կապերը պահպանելու և զարգացնելու ուղիները։
Թուրքմենստանում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ, և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:
Սահակ ՇԱՀՄՈԻՐԱԴՅԱՆ
Քաղաքական մեկնաբան և Իրանի հարցերով փորձագետ՝



















































