Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չի կարելի հստակ ասել՝ դիմորդների թիվը պակասել է, թե ոչ». Գագիկ Մելիքյան

Հունիս 05,2015 12:38

Այսօր առավոտյան մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, որը Երևանի պետական համալսարանում ներկա էր միասնական քննությանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում այս առարկան հանձնում է մոտ 7000 դիմորդ: Այս առարկայից քննություն հանձնողներն ամենաշատն են: Նրանք քննություն են հանձնում մայրաքաղաքում ու մարզերում տեղակայված 34 կենտրոններում, որոնցից 14-ը Երևանում են:

Այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդների թիվը, նախորդ տարվա առաջին փուլի համեմատ, պակաս է 500-ով, սակայն Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ասում է, որ դեռ չի կարելի հստակ ասել՝ դիմորդների թիվը պակասել է, թե ոչ, քանի որ առջևում է նաև երկրորդ փուլը, և դիմորդները հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը կարող են ներկայացնել իրենց դիմումները։

Երևանի պետական համալսարանում գտնվող միասնական քննության քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը հայտնեց, որ այստեղ տեղակայված երկու քննասենյակներում քննություն է հանձնում 227 դիմորդ, բացակա են 12-ը։ Բացակաները կարող են մասնակցել լրացուցիչ փուլին. «Վերջին քննությունից հետո նրանք կգան Գնահատման և թեստավորման կենտրոն, այնտեղ կհայտագրվեն և կմասնակցեն լրացուցիչ փուլի քննություններին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գ. Փալիկյանը:

Դիմորդներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ պարապել են կրկնուսույցի մոտ, քանի որ, նրանց ձևակերպմամբ, ավագ դպրոցի տված գիտելիքը բավարար չէ բուհ ընդունվելու համար:

Դառնալով շտեմարաններին՝ նրանք վստահեցրին, որ չեն շտկվել նախորդ տարվա սխալները: Դիմորդների խոսքով՝ դրանք տեղ են գտել նաև այս տարվա շտեմարանում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930