Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի պատգամավորը ԱԺ-ում պնդում է, որ «Դյութի ֆրիներից» մեր քաղաքացիները չեն կարողանում խմորեղեն գնել

Հունիս 16,2015 16:12

Այսօր ԱԺ-ում սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ  հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին. «ՀՀ-ում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ քաղաքացիները զրկվել են ՌԴ-ի օդանավակայաններում գտնվող «Դյութի ֆրիներից»՝ խանութ-սրահներից գնումներ կատարելու իրավունքից: Մի պահ թվում էր, թե սա շատ հասարակ խնդիր է, գնումներ չկատարելը: Բայց պարզվում է՝ դա շատ լուրջ խնդիր է: Հիմա ՀՀ քաղաքացիները երրորդ երկիր գնալու համար պետք է գնան ՌԴ-ի օդանավակայաններով եւ բավականին երկար ժամանակ մնում են օդանավակայաններում: Եթե եղանակն էլ անբարենպաստ է լինում՝ ոչ թռիչքային՝ 10-11 ժամ մնում են օդանավակայաններում: Այդքան ժամանակ գնումներ չկատարել խանութ-սրահներից, իհարկե, այնտեղ կան ռեստորաններ, սրճարաններ, բայց դրանց սակագները շատ բարձր են եւ մատչելի չեն մեր քաղաքացիներին: Հիմա մեր քաղաքացիները իրավունք չունեն օգտվել դեղատներից, սրճարաններից: Սա լուրջ խնդիր է պատճառում մեր քաղաքացիներին: Ի՞նչն է պատճառը, որ այս խնդիրը չի կարգավորվում»:

Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ «Դյութի ֆրիից սնունդ կամ այդ կարգի անհրաժեշտ ապրանք գնելը չի պատկերացնում, որովհետեւ Դյութի Ֆրիում հիմնականում ալկոհոլ, խմիչք, օծանելիք, այդ կարգի ապրանքներ են վաճառվում. «Մեր քաղաքացիները պարտադրված չեն Մոսկվայով գնալ Եվրոպա կամ Եվրոպայից Հայաստան գալ Մոսկվայով, որովհետեւ կան ավստրիական եվրոպական ընկերություններ, որոնք ուղիղ չվերթներ են իրականացնում: Պարտադրելու ոչինչ չկա: Եթե դուք ԵՄ ներսում փորձեք Գերմանիայից Հոլանդիա գնալիս Դյութի ֆրիից ապրանք գնել՝ դա ձեզ չեն վաճառի, որովհետեւ դա ամբողջ աշխարհում գործող կարգն է: Մաքսային տարածքից դուրս գործող ռեժիմն է: Դյութի ֆրի նշանակում է հարկերից ազատված»:

Արմեն Կարապետյանն էլ հակադարձեց, թե «Դյութի ֆրիներում» այնպես չի, որ միայն խմիչք ու հագուստ են վաճառում. «Դյութի ֆրիներում վաճառում են, ասենք, խմորեղեն, այնպիսի բաներ, որոնք մեր քաղաքացիները կարող էին գնումներ կատարել ու այդ 12 ժամը այնտեղ նստել: Սրճարանները, ռեստորանները այնտեղ շատ թանկ են: Ես ականատես եմ եղել, որ մեր քաղաքացիները չեն կարողացել դեղատնից դեղեր գնել: Այդ 12 ժամվա ընթացքում հնարավոր է դեղեր պետք լինեն՝ երեխաներ կան, ծերեր»:

Կարեն Ճշմարիտյանը հորդորեց օրենսդրական առաջարկությամբ հանդես գալ այդ մասին. «Ինչ վերաբերում է Դյութի ֆրիում խմորեղենին, հավատացեք, ես էլ քիչ չեմ երթեւեկել աշխատանքային գործունեության ընթացքում եւ չեմ տեսել, որ Դյութի ֆրիից որեւէ մեկը խմորեղեն առնի՝ սնվելու համար՝ մենակ նրա համար, որ էժան է: Եթե դեղատների հետ կապված կա սահմանափակում, որ Դոմոդեդովոյում չեն կարողացել օգտվել, ես այդպիսի բան չգիտեմ»:

Հետո նախարարը նկատողություն արեց, որ ի՞նչ կապ ունի «Դյութի ֆրին» «Ավիացիայի մասին» օրենքի նախագծի հետ, գոնե տուրիզմի մասին եթե խոսք լիներ՝ հասկանալի կլիներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930