Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրեսկոյի» մեկնարկին մնացել է մեկ օր

Հունիս 26,2015 17:14

Այսօր տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման ասուլիսը, որի բանախոսներն էին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը, փառատոնի հատուկ հյուր Դմիտրի Բրիկմանը և հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Երեկոյան Երևանը վայելել ցանկացող երևանցիները Կարապի լճում մասնակից կդառնան Սանկտ Պետերբուրգից ժամանած ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիային, «Որդան կարմիր» ռոք խմբի համերգին, ինչպես նաև իրենց հետ տուն կտանեն «Ֆրեսկոյի» պատրաստած անակնկալը:

«Փառատոնն ամեն մեկի համար իր նշանակությունն ունի. մեկի համար ֆիլմերի դիտումն է, մյուսի համար կամավորական աշխատանքը, երրորդի համար՝ հաճելի մթնոլորտում քննարկումը և այլն»,- ասում է Աննա Կարապետյանն ու հավելում, որ Կարապի լճից ամեն մեկը կհեռանա իր բաժին ձեռքբերմամբ:

Այս տարի փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: «Շատ ողջունելի է, որ գոյություն ունի մի փառատոն, որը որոշել է անդրադառնալ հենց այս ոլորտին: Կարևոր չէ, թե ֆիլմերում հատկապես ինչի մասին է խոսվում, արվեստն ինքնին հոգևոր է, դա է կարևորը»,- նշում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ֆրեսկոյի»՝ այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող այլ լուսանկարներ:

«Ընդամենը մեկ օր է՝ այստեղ եմ, բայց արդեն հմայված եմ Հայաստանով ու հայերով: Այստեղ ներկայացնելու և խոսելու եմ ֆոտոթարգմանության մասին, որը ստեղծել եմ շատ երկար աշխատանք կատարելուց հետո: Դա այն է, երբ տեքստերը թարգմանում ենք լուսանկարների լեզվով: Ինձ մոտ դա հատկապես լավ է ստացվում հայկական դուդուկի երաժշտության ներքո, ինչի համար երախտապարտ եմ Ջիվան Գասպարյանին»,- ասուլիսի ընթացքում ասաց Դմիտրի Բրիկմանը:

Փառատոնային 3 օրերին ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Կարապի լճի տարածքում, ևս 3 օր կտևի վրանային կինոճամբարը, որն այս տարի հյուրընկալվում է Հառիճավանքում, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում կկայանա փառատոնի փակման արարողությունը:

 

ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930