Դատապարտյալ Աշոտ Բադալյանը 25 օր է՝ հացադուլի մեջ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա քույրը՝ Նաիրան, ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ վերջինիս վիճակը կտրուկ վատացել է, իսկ իր բողոքներն ու դիմումները պատշաճ արձագանք չեն ստացել։
«Շատ ծանր վիճակում է, չի կարողանում խոսել։ Հեռախոսով խոսելիս ձայնն արդեն հազիվ է դուրս գալիս։ Մի քանի օր առաջ դատարանում տեսա նրան, եւ վախեցա։ Այդ ժամանակ դեռ հացադուլի 15-րդ օրն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Նաիրան։
Նրա խոսքով՝ եղբայրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանների վերաբերյալ բողոք չունի։ Հացադուլի դիմելու պատճառը, հարազատի պնդմամբ, քրեական գործով առաջադրված մեղադրանքն է, որի հետ Աշոտ Բադալյանը համաձայն չէ․ «Իր պահանջն այն է, որ իր հարցը ճիշտ լուծեն։ Նա ընտանիքին պաշտպանելու համար է հայտնվել այս իրավիճակում։ Բողոքն ուղղված է դատական համակարգին եւ քննիչին, որովհետեւ, իր համոզմամբ, իրեն սխալ մեղադրանք է առաջադրվել»։
Նաիրայի փոխանցմամբ՝ եղբորն առաջադրված մեղադրանքը կապված է դիտավորյալ սպանության հետ, սակայն ինքը պնդում է, որ տեղի ունեցածը սպանություն չի եղել, այլ՝ ընտանիքը պաշտպանելու իրավիճակ։
Նաիրայի խոսքով՝ եղբոր հացադուլի 11-րդ օրվանից ինքը տարբեր կառույցների դիմել է՝ եղբոր առողջական վիճակին ուշադրություն դարձնելու խնդրանքով։ Սակայն, իր դիմումներն առայժմ ցանկալի արդյունք չեն տվել․ «Ես շատ տեղեր եմ բողոքել։ 11-րդ օրվանից անընդհատ դիմում եմ, բայց ոչ ոք չի այցելում։ Մի անգամ տարել են հիվանդանոց, շաքարն են ստուգել ու հետ բերել։ Հիմա շատ ծանր վիճակում է։ Երեկ նույնիսկ ջուր ու «Ջերմուկ» եմ հասցրել, որովհետեւ ուրիշ բան չէր ուզում»։
Նաիրան մտահոգություն հայտնեց, որ հացադուլի շարունակման հետեւանքով եղբոր առողջական վիճակը կարող է էլ ավելի վատանալ․ «Մենք փորձում ենք համոզել, որ դադարեցնի հացադուլը, բայց ասում է՝ պետք է հասնեմ արդարության։ Ես ուզում եմ, որ նրա առողջությանը հետեւեն, եւ որ գործը արդար քննվի»։
Իսկ թե ինչի՞ց է սկսվել քրեական գործը՝ Նաիրայի պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Իր որդին, որը, ըստ մոր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վիճաբանության ընթացքում հարձակվել է իր եղբոր՝ Աշոտ Բադալյանի վրա։ Նաիրայի պնդմամբ՝ միջադեպի ժամանակ որդին ատրճանակով կրակել է քեռու ուղղությամբ, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվել է, երբ նա նռնակով փորձել է մոտենալ ընտանիքի մյուս անդամներին․ «Նռնակով վազել է, որ երեխաներին վնասի։ Երեխաները եղբորս ընտանիքի հետ էին։ Ամուսինս ու եղբայրս փորձել են խլել ատրճանակը։ Ես քննիչներին ցույց եմ տվել նաեւ այն տեղը, որտեղ նռնակն էր պահված»։
Նաիրայի խոսքով՝ միջադեպի ընթացքում իր որդին մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Նա պնդում է, որ եղբայրը դեպքից հետո չի փորձել թաքնվել, այլ փաստաբանի միջոցով ինքնակամ ներկայացել է իրավապահներին եւ հայտնել տեղի ունեցածի մասին․ «Ինքը գնացել, ներկայացել է ու ասել՝ այսպիսի բան է տեղի ունեցել։ Բայց հիմա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար։ Մենք՝ ես ու ամուսինս, նրա դեմ բողոք չունենք։ Մենք ուզում ենք, որ գործը ճիշտ քննվի»։
Նաիրան նաեւ դժգոհություն հայտնեց դատական նիստերի ընթացքից՝ նշելով, որ իրեն հաճախ դուրս են հրավիրում դահլիճից՝ հրահանգելով սպասել՝ մինչեւ կկանչեն։ Գործի քննությունը դատարանում կարող է տեւել մինչեւ դեկտեմբեր, իսկ այդ ընթացքում եղբոր անչափահաս երեխաները մնացել են միայն մոր խնամքին։ Աշոտ Բադալյանն ունի երեք անչափահաս երեխա՝ 4, 6 եւ 7 տարեկան։ Հորաքրոջ խոսքով՝ երեխաներից կրտսերը աուտիզմ ունի․ «Մայրը գրեթե չի կարողանում աշխատել, որովհետեւ չորս տարեկան երեխան մշտապես իր խնամքի կարիքն ունի։ Երեխաները երեքն էլ անչափահաս են, եւ նրանց համար շատ դժվար է»։
Նաիրան խնդրում է իրավասու մարմիններին ուշադրություն դարձնել եղբոր առողջական վիճակին եւ ապահովել, որ նրա գործը քննվի օրենքի պահանջներին համապատասխան․ «Իմ ամբողջ պահանջն այն է, որ եղբորս ճիշտ դատեն։ Նա ասում է՝ մինչեւ արդարության չհասնեմ, հացադուլը չեմ դադարեցնի։ Բայց ես վախենում եմ նրա կյանքի համար։ Շատ ծանր վիճակում է, եւ մենք մեզ անօգնական ենք զգում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































