Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսդրական խորհրդի» ձեւավորվելուց հետո մեր պատգամավորները այլոց օրենքները չե՞ն արտագրի

Հունիս 27,2015 14:30

Հայաստանի Հանրապետությունում օրինագծեր պատրաստող
մասնագիտացված մարմնի ստեղծումը կնպաստի՞ ընդունվող օրենքների որակի բարձրացմանը:

Սայադ Բադալյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է, իրավաբանական գիտությունների թեկնածու: «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» կողմից կազմակերպվող PFP ծրագրի շրջանակներում նա վերջերս գտնվել է ԱՄՆ-ում: Սայադ Բադալյանը, քանի որ մասնագիտացված է օրինաստեղծ գործընթացների ուսումնասիրությամբ, փորձի փոխանակման նպատակով ուսումնասիրել է Կալիֆոռնիայի «Օրենսդրական խորհրդի գրասենյակի» փորձը:

Զրուցակցիս տեղեկացմամբ, գրասենյակը պետական գործակալության կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, պատրաստում է օրինագծեր Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի համար: Մեզանում, ի դեպ, օրինագծերի մշակմամբ զբաղվող մասնագիտացված մարմին չկա: Մեր այդ դիտարկման կապակցությամբ Ս. Բադալյանն ասում է. «Տարբերությունը նրանում է, որ մեզ մոտ գործում է օրինագծերի պատրաստման ապակենտրոնացված եղանակը, իսկ Կալիֆոռնիայում միայն այդ մարմինն իրավունք ունի պատրաստել օրինագծեր: Գրասենյակն ունի մոտ 90 իրավաբան: Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի վերին եւ ստորին պալատների անդամների պատվերով իրենք պատրաստում են օրինագծեր»: «Առավոտի» հարցին՝ եթե պատգամավորը ցանկանում է օրենքում փոփոխություն կատարել, ինչպե՞ս է իրականացնում, զրուցակիցս ասում է. «Պատգամավորը պարտավոր է դա կատարել միայն գրասենյակի իրավաբանների միջոցով, անգամ, եթե օրենքում ընդամենը մեկ բառ է ուզում փոխել: Այսինքն՝ ինքնուրույն այդ փոփոխությունն անելու իրավունք չունի»:

Օրենքը գրողը՝ ծնողը կարո՞ղ է մեկնաբանել օրենքը հարցին էլ՝ Ս. Բադալյանն ասում է. «Այն անձինք, ովքեր Կալիֆոռնիայում պատրաստում են օրինագծերը, իրենք պաշտոնական մեկնաբանություն տալու իրավունք չունեն: Կարող են միայն իրենց անձնական, սուբյեկտիվ կարծիքը օրենքի վերաբերյալ արտահայտել: Ավելին, անգամ եթե սենատորը ինչ-որ օրինագծի պատրաստումն իրենց է հանձնարարում ու նրանց ներքին համոզմունքը չի համապատասխանում առաջ քաշված գաղափարին, իրենք բոլոր դեպքերում պարտավոր են հանձնարարությունը կատարել»:

«Առավոտի» հարցին, թե ԱՄՆ փորձից ի՞նչը կարող է կիրառելի լինել մեզ մոտ, մասնավորապես՝ այս փուլում, երբ մենք նախապատրաստվում ենք սահմանադրական փոփոխություններին, զրուցակցիս կարծիքով, իրեն հետաքրքրել է «մասնագիտացված մարմնի» ստեղծման գաղափարը, մարմին, որը, ըստ նրա, պատասխանատու է օրինագծերի պատրաստման համար:

«Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում եւս ունենալ նման մարմին, ու բոլոր օրինագծերը պատրաստել այդ մարմնում: Մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը, անգամ ոչ իրավաբանները, պատրաստում են օրինագծեր բոլոր գերատեսչություններում: Օրինագիծ պատրաստելու գործունեությունը դիտում են ոչ թե որպես մասնագիտացված գործունեություն, այլ ինչ-որ հարակից գործունեություն: Դու կարող ես լինել, օրինակ, ինչ-որ նախարարությունում այլ մասնագիտություն ունեցող ծառայող ու քո հիմնական աշխատանքային պարտականություններին զուգահեռ՝ ձեռքի հետ պատրաստես օրինագծեր: Դա սխալ է, իմ կարծիքով, օրինագծերը պետք է պատրաստեն ոչ միայն բացառապես իրավաբանները, այլ իրավաբանության ոլորտում հատուկ մասնագիտացում ունեցող իրավաբանները՝ նեղ մասնագետները: Շատ երկրներում այդ ինստիտուտը կա»,- ասում է Ս. Բադալյանը:

Կալիֆոռնիայի նշյալ գործակալության իրավաբանները օրենք պատրաստողներ են՝ մասնագիտացված իրավաբանության այդ ոլորտում: Հարցին, թե այլ երկրներում նույնպես կա՞ն «հատուկ մարմիններ», Ս. Բադալյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Ռումինիայում եւ Հունաստանում պառլամենտին կից նմանատիպ մարմինների մասին հիշատակում կա անգամ Սահմանադրությամբ: Այդպիսի մարմիններն օրինագծեր պատրաստելու մասնագիտական աջակցություն են ցույց տալիս պառլամենտի անդամներին:

Տարբերությունը մեր եւ ԱՄՆ-ի միջեւ այս ոլորտում իրավագիտության թեկնածուի համար այն է, որ նրանց մոտ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է բացառապես պառլամենտի անդամին: Քանի որ ունեն մեկ կատեգորիայի սուբյեկտ օրենսդրական նախաձեռնություն իրականացնող, ԱՄՆ-ում առավել սահուն է այս համակարգը գործում: Հայաստանում օրենսդրական նախաձեռնության իրավունքը վերապահված է նաեւ գործադիրին՝ կառավարությանը: «Կառավարությունը մեզանում դիտվում է որպես մեկ սուբյեկտ օրենսդրական նախաձեռնության, սակայն կառավարությունը, որպես այս իրավունքի սուբյեկտ՝ միատարր չէ, կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրացվում է բազմաթիվ նախարարությունների, գերատեսչությունների միջոցով, ու ցավալին այն է, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր գերատեսչական շահը: Ցանկացած օրինագիծ պատրաստելիս, երբ պատրաստում են կառավարության աշխատասենյակներում, իմ տպավորությամբ, պատրաստողները շահագրգռված են նաեւ ամրագրելու այնպիսի դրույթներ, որոնք ծառայելու են հետագայում նույն այդ մարմնի շահերին, ինչի հետեւանքով ընկնում է օրենքների որակը»,- ասում է զրուցակիցս:

Իմ այն դիտարկմանը, թե նույն այդ նախարարություններից եկող ցանկացած ներկայացված օրինագիծ պրակտիկ է, գալիս է կյանքից, հարգարժան իրավաբանը համաձայնեց, ասելով. «Իհարկե, պրակտիկ աշխատողներն օրենսդրական կարգավորման ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին ավելի շատ են տեղյակ: Այդ պատճառով լավագույն տարբերակը աշխատանքային խմբերի միջոցով օրինագծերի պատրաստումն է»: Այդ խմբերում կարող են ընդգրկվել նաեւ պրակտիկ աշխատողներ, որոնք տեղյակ են ոլորտի խնդիրներից, բայց նրանք պետք է հանդես գան զուտ որպես խորհրդատուներ, նրանց չպետք է վերապահվի օրենքներ գրելու իրավունք: Կալիֆոռնիայի նշյալ գործակալությունը տալիս էր նաեւ գրավոր, բանավոր կարծիքներ՝ արդեն իսկ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Եթե կա օրինագիծ եւ պառլամենտի անդամը չի կողմնորոշվում, թե ինչպես քվեարկի, իրավունք ունի գործակալության իրավաբանի միջոցով ստանալ բանավոր խորհրդատվություն կամ խնդրել գրավոր կարծիք: Կազմակերպվում է ներքին քննարկում, եթե կար հակասություն գործակալության իրավաբանների միջեւ: Ներքին քննարկումից հետո որոշում են ինչ կարծիք տրամադրեն պառլամենտի անդամին:

Քննարկումները հրապարակային չեն: Նշենք որ օրենսդիր մարմնի անդամի եւ գործակալության իրավաբանի միջեւ տեղի ունեցող գրագրությունը խիստ գաղտնի է: Կալիֆոռնիայում, ի դեպ, հատուկ այդ գործակալության համար մշակվել են հատուկ համակարգչային ծրագրեր, որը ապահովում էր արդյունավետ կապը պառլամենտի եւ իրավաբանների միջեւ: Նրա կարծիքով, սխալ է մեզանում նաեւ այն ընկալումը, թե պատգամավորը օրինագիծ պատրաստող է:

Պատգամավորն առավելապես պետք է լինի օրենսդրական կարգավորման գաղափարը բարձրացնողի դերում, նրա մասնագիտական գործունեությունը չի օրենք գրելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930