Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա երիտասարդները մեր միակ հույսն են»

Հունիս 29,2015 13:30

Տնտեսագետը պնդում է,
որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել

Այս օրերին, երբ Հայաստանում ահագնանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը, կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորից պնդեց, որ սակագնի որոշված թանկացումն օբյեկտիվ պայմաններից է բխում, եւ չեղարկման ենթակա չէ: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս օրերի իրադարձությունների հիմքում տեսնում է տարիներ շարունակ պետության կողմից վարվող սխալ քաղաքականությունը, հիշատակելով 2002 թվականը, երբ մասնավորեցվեց էլեկտրական ցանցերը եւ ընկերությունը գնող կազմակերպությունների առջեւ պահանջներ դրվեցին, որոնք այդպես էլ չիրականացվեցին ոչ էլեկտրական ցանցերը գնող առաջին, ոչ էլ ներկայիս ընկերության կողմից, եւ պետությունը բացթողումները չվերահսկեց:

Իսկ պահանջները հետեւյալն էին՝ բաշխիչ էլեկտրացանցի արդիականացում, խնայողական ռեժիմի անցում, վնասների կրճատում, արդյունավետության բարձրացում եւ ներդրումներ: «2002 թվականին, երբ մասնավորեցրեցին, իրականում մրցույթ չեղավ. միայն մեկ ընկերություն էր մասնակցում մրցույթին՝ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որն օֆշորային էր, խախտվել էր կառավարության եւ Համաշխարհային բանկի մրցույթի կարգը. գոնե երկու կազմակերպություն պետք է մասնակցեր, որ մրցույթ լիներ, բացի այդ՝ պահանջ կար, որ մրցույթին պետք է մասնակցեն էներգետիկայի բնագավառում փորձառու ընկերություններ, իսկ այս ընկերությունը բացարձակ փորձառություն չուներ, խախտվել էր երկրորդ կանոնը. պետք է ներկայացվեր թափանցիկ ֆինանսական հաշվետվությունը, որն ընկերությունը չէր ներկայացրել, որովհետեւ օֆշորային էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է պարոն Մանասերյանը եւ պատմում, որ ինքն առաջարկել էր մոնիթորինգ անել, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի արել: «Ես շատ հստակ կետեր եմ ձեզ ասում, եթե դա չի արվել, ուրեմն չի բացառվում, որ հանցավոր համաձայնություն է ձեռքբերվել սակագնի մեջ մտցնելու այն կորուստները, որոնք մեր գրպանից են տանում, հետո հանձնաժողովն էլ կանգնում եւ ասում է, որ բարձր աշխատավարձեր են նշանակել, բարձր տոկոսով վարկեր են վերցրել, այսինքն՝ իրականում լվացք են արել»:

Պարոն Մանասերյանը կողմ չէ խնդիրը քաղաքականացնելուն, ասում է՝ այն զուտ իրավական է: «Պետությունը իր վերահսկիչ գործառույթը պետք է իրականացնի, թող Վերահսկիչ պալատը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կամ որեւէ այլ կառույց պարզապես համեմատի այն պահանջները, որը գրված են պայմանագրում եւ այն իրական արդյունքները, որ ունենք այսօր: Ակնհայտորեն խախտված են դրանք: Ոչինչ մինչ օրս չի կատարվել: Չի համապատասխանում՝ ոչ ներդրումների ծավալների առումով, ոչ արդյունքների: Այստեղից բխում են իրավական հետեւանքները. ընկերությունը պետք է ներկայացնի առողջացման ծրագիր եւ հստակ ժամանակ ու պատժամիջոցներ սահմանի՝ եթե չանեն, ապա ինչ է լինելու, ո՞վ պետք է պատժվի»,- ասում է պարոն Մանասերյանը:Ըստ նրա կառավարությունը շատ մեծ սխալ գործեց հենց 2012 թվականին, երբ ստանձնեց ընկերության վնասի մի մասը: «Դա հիմք դրեց, որ հետո թանկացնեն էլեկտրաէներգիան, հիմա դրա համար երկրորդ քայլն են անում: Այստեղ մենք պետք է վերջակետ դնենք: Պետությունը մասնավոր ընկերության վնասները չպետք է փոխհատուցի: Ինքը երբ գերշահույթներ է ստանում, չի գալիս, ասում՝ եկեք, ձեր հետ կիսվեմ, բայց երբ այսպես կոչված վնասով են աշխատում, ասում են՝ չէ՛, պետք է ավելի չաղանանք, մի քիչ էլ յուղոտվենք, այ դրա համար ձեր գրպանները պետք է մտնենք, ձեր կաշիները քերթենք: Բայց սուտ է իրականում, իրենք գերշահույթով են աշխատում, եւ այդ հաշվարկները ես կարող եմ ապացուցել»:

Պարոն Մանասերյանը նշում է, քանի որ էլեկտրոցանցերը գնած ընկերությունը չի կատարել իր պարտականությունները, նրանից կարելի է գնել ընկերության ամբողջ գույքը եւ վճարել այնքան, որքան իրենք տվել են մասնավորեցման ժամանակ. «Ոչ ավել, ոչ պակաս, գումարած խախտումների համար գումար գանձել»: Ըստ տնտեսագետի՝ իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը «Հայ էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելն է, այդ փուլում այն դարձնելով բաժնետիրական ընկերություն: Նախընտրելի է, որ բաժնետոմսերը քաղաքացիները գնեն. «Այսինքն՝ մենք ինքներս լինենք սեփականատերը եւ վերահսկողը: Այս դեպքում գողությունը գրեթե բացառվում է: Մենք չենք կարող ինքներս մեզանից գողանալ»,- ասում է նա:

Տնտեսագետը մեզ հետ զրույզում նաեւ հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի ոչ թե բարձրացման, այլ իջեցման հսկայական ռեսուրս կա: «Շատ պատասխանատվությամբ ասում եմ՝ սակագինն ունի նվազեցման ռեսուրս, այն կարող է իջնել, եւ ոչ թե բարձրանալ: Եթե մարդկանց կհետաքրքրի, կարող եմ ասել՝ ինչպես»:
Մեր դիտարկմանը, որ չնայած հասարակության ընդվզմանը, երկրի ղեկավարությունը չի վերանայում իր որոշումը, արդյոք նպատակայի՞ն են այսօրվա բողոքի ցույցերը, պարոն Մանասերյանը պատասխանեց. «Այսօրվա երիտասարդները, որոնցով որ ես հիացած եմ, նրանք իմ ուսանողներն են, ընկերներն են, միակ մեր հույսն են: Խիզախ ու անկողմնակալ են, չեն թողնում, որ իրենց շարքերում որեւէ մեկը կուսակցական շահերով մտնի այնտեղ: Սա այն է, ինչ մենք ուզում ենք. առողջ պայքար՝ ոչ թե պղտոր ջրում ձուկ բռնողների խումբ: Իրենք են, որ մեզ առաջնորդում են: Սա պետք է արվի մինչեւ վերջ, որովհետեւ արդար է պայքարը եւ հաջողության կհասնի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930