Լրահոս
Օրվա լրահոսը

Սևազգեստ մայրերը` Բաղրամյանում. «Մենք մեր ջահելության կողքին ենք» (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 16:50

Այսօր Բաղրամյան պողոտայում էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը: Aravot.am-ի հետ զրույցում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը հավաստիացրեց. «Մենք մեր ջահելության հետ ենք. ի՞նչ տարբերություն, մեկ է հոսանքի խնդիրը բոլորիս գրպաններին է խփում: Օլիգարխներինը հո չէ՞, որ օդից խաբելով ու գողությամբ գումարները գան»:

Նա նշեց նաև, որ իրենք այս խնդրից բացի ունեն նաև իրենց պայքարը` իրենց որդիների սպանության գործերը և նախագահի ու Սեյրան Օհանյանի հետ հանդիպման պահանջը:

Մեզ հետ զրույցում սևազգեստ մայրերն ասացին,որ արդեն երկու շաբաթ է իրենց թույլ չեն տալիս Բաղրամյան պողոտայով բարձրանալ դեպի նախագահի նստավայր,` պատճառաբանելով, թե «այս խառը շրջանը թող անցնի, հետո»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  սևազգեստ մայրերի դեմ ոստիկանական բռնությունների գործը ՀՔԾ-ում է, նրանց օրեր առաջ հրավիրել էին ՀՔԾ: Մեզ հետ զրույցում Իրինա Ղազարյանն ու սպանված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, տեղեկացրին, որ դեռ նորից չեն կանչել իրենց ու թերահավատություն հայտնեցին, թե այդ գործը չի բացահայտվի` նշելով, որ այնտեղ, ըստ էության, բացահայտելու բան էլ չկա, քանի որ տեսանյութում հստակ երևում է` ով է բռնություն գործողը:

Նանա Մուրադյանը վրդովվեց. «Ի՞նչ է` մենք իրենց ասածներին պիտի ենթարկվե՞նք. համ երեխաներիս սպանեն, համ էլ ոնց ֆռռացնեն, այնպես էլ ֆռռա՞նք: Իրենց ուզածն այն է ,որ մենք տուն գնանք, նստենք: Մի աղջիկ ու մի տղա ունեի: Տղայիս սպանեցին, իմ ազգը շարունակողը չկա, սա հենց ցեղասպանություն է: Նա թուրքն է, թշնամին է արել է, բա հայը հային այսօր կոտորում է, ես կանգնեմ թուրքի՞ց ցեղասպանություն պահանջեմ: Ես այսօր մեր երկրի ղեկավարությունից եմ պահանջում, որ իմ ընտանիքի ցեղասպանությունն ընդունեն»:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կգնահատի խաղաղ ցուցարարների դեմ կատարված բռնությունը,տիկին Մուրադյանը պատասխանեց. «Դա մեր երկրի դեմքն է: Մանվելը, որ Սերժին ասաց, թե «նալն էլ է ձեռդ, մեխն էլ է ձեռդ, մուրճն էլ է ձեռդ, հիմա այդ վիճակն է»:

Հետաքրքրվեցինք` Հայկ Քոթանջյանը կատարե՞ց իր խոստումը, Սեյրան Օհանյանի հետ հանդիպում կազմակերպվե՞լ է, տիկին Իրինան վրդովվեց. «Նա ՊՆ-ում փոխանցել էր: Սկզբում ասացին, որ Սեյրան Օհանյանը Ձեզ կընդունի, հետո նրա խոսնակն ասաց, որ բազմիցս ընդունել է` ստելով, ուստի այժմ ժամանակ չունի ընդունելու, ուղղակի պատրաստ են ինձ իրավաբան տրամադրել: Ես երեխա եմ տվել Սեյրան Օհանյանին, նրանից էլ պիտի պահանջեմ: Այնքան պիտի պնդեմ, որ նրա մոտ գնամ:Երբ իմ տղային սպանել են, այնտեղ է եղել Սեյրան Օհանյանը, Գասպարյան Վովան, Արմեն Հարությունյանը: Սեյրան Օհանյանը պետք է նստի, ինձ նայի ու իմ հարցերին պատասխան տա: Որ իր երկու փոքր երեխաներով ուրախանում է, ես 19 տարի 7 ամիս էի մեծացրել: Ասում են Օհանյանը ժամանակ չունի: Ծնունդներ է կատարում, տներ է սարքում, սևաններում է լինում, որդեկորույս ծնողի համար 15 րոպե ժամանակ չունի՞: Սեյրան Օհանյանն ինձ պիտի ընդունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031