Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքների իրավաչափության մասին

Հուլիս 02,2015 17:32

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը դատապարտելով 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, հայտարարում է, որ քաղաքացիական ինքնաբուխ խաղաղ հավաքները՝

–        Ամբողջովին իրավաչափ են և համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 1-ին, 2-րդ և 29-րդ), «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (հոդված 11), ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագրին (հոդվածներ 20 և 25):

–       Ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ. Համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր և զրահամեքենաներ:

Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի) (…):

Հավաքին մասնակցել են հղի կանայք և անչափահասներ, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել: Բացի այդ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

– Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ:

– Խաղաղ հավաքներին մասնակից քաղաքացիների պահանջները հիմնավոր են և բխում են իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն լինելու գաղափարից, քանզի ՀԷՑ ՓԲԸ-ում տեղ են գտել աննախադեպ չարաշահումներ, որոնց մասին վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը կոչ է անում՝

– Իշխանություններին` քրեական գործ հարուցել և անցկացնել ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի և բռնությունների կիրառման, ինչպես նաև  լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ օբյեկտիվ և թափանցիկ քննություն:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի թանկացման մասին որոշումը, քանզի թանկացման վճարման բեռը ՀՀ կառավարության վրա թողնելը կրկին անգամ ենթադրում է այդ կուտակած ահռելի պարտքի մարում՝ Հայաստանի Հանրապետության հարկատուների՝ քաղաքացիների ֆինանսական միջոցների հաշվին:

– ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցել և իրականացնել հանրության համար թափանցիկ քննություն՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում կատարված հնարավոր իրավախախտումների բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պետությանը հասցված վնասը վերականգնելու համար:

 

 

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031