Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ոչ ոք չի զորացրել»

Հուլիս 03,2015 14:30

Ասում է պաշտպանության
նախարարությանը դատի տված Բաբկեն Մարգարյանը

«Անցյալ տարվա հունիսի 6-ին զեկուցագիր եմ գրել զորամասի հրամանատարին, որպեսզի նա միջնորդի իր վերադասին՝ իմ ուսման ծախսերը փոխհատուցելու պայմանով խզել քսանամյա պայմանագիրս, ՀՀ զինված ուժերի պահեստազոր ուղարկեն ինձ:

Զորամասի հրամանատարը միջնորդություն է ուղարկել պաշտպանության նախարարին: 30-օրյա ժամկետում ինձ ոչ ոք չի զորացրել: Ոչ ոք չի պատասխանել, դրա համար իրավաբան եմ վարձել, դիմել դատական պաշտպանության»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է ՊՆ զորամասերից մեկի բուժկետի պետ Բաբկեն Մարգարյանը:
ՀՀ վարչական դատարանն, ի դեպ, հայցը վերցրել էր քննության:

Վարչական դատարանը, դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, դռնբաց քննությամբ լսել է ՀՀ զինված ուժերից զորացրելու մասին հրամանը հայցվորին տրամադրելու պահանջի վերաբերյալ գործը:

Պաշտպանության նախարարությունից պահանջվել էր Բաբիկ Մարգարյանի փոխհատուցման ենթակա ուսման ծախսերի վերաբերյալ գումարի մասին փաստաթուղթը նույնպես:

Հայցվորը սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, ապա՝ ինտերնատուրայում, եւ զինվորականի պահանջն այն էր, որ ուսման գումարը հաշվեն առանց կրկնապատիկ գործակցի:

Բաբիկ Մարգարյանը տեղեկացնում է, որ իր եւ պաշտպանության նախարարության միջեւ 2004թ. կնքվել է պայմանագիր՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ հետագա զինվորական ծառայությունն անցնելու մասին: Տասնմեկ տարի հետո զինվորականը ցանկացել է խզել պայմանագիրը:

Վարչական դատարան էր ներկայացվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» գործող օրենքը: Համաձայն այդ օրենքի 51 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի՝ սահմանված ուսման ծախսերը ենթակա են փոխհատուցման հետուսումնական պայմանագրային ծառայության զինվորական ծառայությունից արձակվելիս՝ ռազմաուսումնական հաստատությունն ավարտվելուց տասը տարի հետո:

Ի դեպ, նույն օրենքի համաձայն, զինծառայողին արձակում են նրա զեկուցագրի հիման վրա, բացառությամբ, երբ արձակում կամ նոր պաշտոնի են ներկայացնում առանց նրա հետ համաձայնեցնելու:

Բուժծառայության գծով ավագ լեյտենանտի հայցը վարչական դատարանը բավարարել է:
Ըստ դատարանի իրավական հետեւության, ավագ լեյտենանտը մինչ օրս իր կամքին հակառակ շարունակում է ծառայել ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ նրա դիմումին պետք է անհապաղ ընթացք տրվի:

Ուշադրության արժանի է այն, որ այս հարցով նախարարությունը հարկ չի համարել իր առարկություններն ուղարկել դատարան:

Փոխհատուցման գումարը, ըստ հաշվարկի, եղել է 5 991 362 դրամ:

Զրուցակցիս փաստարկով՝ ուժային գերատեսչությունը հաշվարկել էր այս գումարը կրկնապատիկ գործակցով, ինչը հիմնավորված չէ:

«Դատարանը ժամկետ էր տվել նախարարությանը, որպեսզի հաշվարկեին իմ վրա կատարված ուսման ծախսերը, ներկայացնեին, որը ես մուծեի, ինձ էլ զորացրման հրամանը տային: Ես համաձայն չեմ եղել նախարարության ներկայացրած հաշվարկին: Այսինքն՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, որոնք անցնում են կլինիկական ինտերնատուրա, մեկ տարվա ընթացքում ստանում են դրամային բավարարում: Ամսական երկու հարյուր հազար դրամի չափով՝ մեկ տարվա ընթացքում: Դա ենթակա էր ծախսման: Մինչդեռ ՊՆ-ն վկայակոչել է հինգ տարի առաջ ընդունված կառավարության որոշումը, ըստ որի՝ ցանկանում է պայմանագիրը վաղաժամ խզել, երեք տարուց էլ պակաս ստաժ ունենալու համար, նրա վրա կատարված ուսումնական ծախսերը հաշվարկել կրկնակի գործակցով: Մոտ երկու միլիոն դրամը, որ նրանք ինձ բավարարում էին հատկացրել ինտերնատուրայի ժամանակ, ներկայացրել էին չորս միլիոնից ավելի գումարի պահանջ»,-ասում է Բ. Մարգարյանը:

Նրա ներկայացուցիչ Դավիթ Վարդիկյանի կարծիքով, նախարարությունը կրկնապատիկ գործակիցը կիրառել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն: Իսկ օրենքում փոփոխությունը եղել է 2009թ. դեկտեմբերի 26-ից:

Մինչդեռ, ինչպես նշել ենք, պայմանագիրը նախարարության եւ դիմողի միջեւ կնքվել էր 2004-ին:

Ըստ փաստաբանի. «Հայցվորի եւ նախարարության միջեւ կնքված պայմանագիրը որեւէ դրույթ ուսման ծախսը կրկնապատիկ գործակցով հաշվարկելու վերաբերյալ չի պարունակել»:

Բ. Մարգարյանի կարծիքով էլ, իր դեմ, ըստ էության, վիճակը վատթարացնող օրենքն է կիրառվել, ինչն անգամ Սահմանադրությամբ հետադարձ ուժ չունի:
Վարչական դատարանը Բաբիկ Մարգարյանի հայցը բավարարել էր եւ վճռել՝ պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկում ինտերնատուրայում ուսանելու ընթացքում հաշվարկված դրամական բավարարման գումարը հաշվարկել առանց կրկնապատիկ գործակցի:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հօգուտ Բ. Մարգարյանի պետք է բռնագանձվի ընդամենը չորս հազար դրամ պետտուրքի գումարը՝ փոխհատուցումը: Վճռից անցել է երկու ամիս ժամանակ, սակայն նախարարությունը վճիռը չի կատարում:
Դատական ակտերի հարկադիր ծառայողներն էլ ռետինե մահակներով հո չե՞ն գնա պաշտպանության նախարարություն, «պարտավորեցնելու» գործընթացն ապահովելու համար:

Վարչական դատարանն իր իրավական գնահատականներում հանգել էր հետեւյալին. «Տվյալ դեպքում վերոհիշյալ դրույթներն անձի իրավական վիճակը վատթարացնող են այն առումով, որ եթե հրաժարումը տեղի է ունեցել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին երեք տարվա ընթացքում, ապա փոխհատուցման ենթակա ուսման ծախսերը հաշվարկում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով»:

Մինչդեռ, վարչական դատարանի վճռի համաձայն, հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները, ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող իրավական ակտերին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031