Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Գագիկ Ծառուկյանի նման տղային հինգ րոպեում հավաքեցին, ի՞նչ էր իրենց համար մի շարժում հավաքելը»

Հուլիս 07,2015 12:06

«Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ այս պահին ամենակարևոր հարցն այն է, թե կկարողանա՞նք պահպանել ազգային վերափոխման համար ստեղծված նախադրյալները, թե ոչ: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նախագահի մակարդակով իշխանության ոլորտում շփումներ է ունեցել, եղել է նախարարների խորհրդական ու լավ գիտի իշխանությունների հոգեբանությունը: Ըստ նրա՝ սոցիալական շարժման արդյունքում ոչ թե պետք է շարժման մասնակիցներն ասեն, որ մենք ձեզ հաղթեցինք, այլ շնորհակալություն հայտնեն:

Պարոն Պեպանյանի կարծիքով՝ եթե չկարողանանք այս իրավիճակը օգտագործել ազգային վերափոխման համար, ապա ոչինչ չի փոխվի. «Ասենք շարժումը հաղթեց, մենք վերադառնալու ենք մայիս ամիսը, ոչ մի էական փոփոխություն չի լինելու, քանի որ չկար մի ուժ ու հոսանք, որ ասեր՝ երկիրը գնում է արմատական փոփոխությունների»:

Պարոն Պեպանյանը կողմ է, որ սոցիալական շարժումը շարունակվի. «Մենք սովոր ենք հեղափոխական շարժումներին, սոցիալական շարժումը նորություն էր մեզ համար: Այս շարժման հաղթանակն այն էր, որ վերականգնվեց վստահությունը»:

Aravot.am-ի հարցին՝ ոստիկանության գործողություններին ինչպիսի՞ գնահատական կտա, երբ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելով բացեցին Բաղրամյան պողոտան, պարոն Պեպանյանն ասաց. «Ես հետևել եմ առաջին օրը շարժմանը, ցուցարարների պահվածքին, նրանց ռեակցիային ոստիկանությանը, ոստիկանության հորդորներին: Ու ես, որ բավական զուսպ եմ, ինձ դժվար է հունից հանել, ինքս ինձ ասացի, որ պետք է ցրել: Ես բայց այդպես չէի ցրի, այլ կցրեի առանց բռնությունների և հայհոյանքների»:

Ոստիկանության՝ մեկ օր առաջ կատարած գործողություններին՝ Բաղրամյանը բացելուն, պարոն Պեպանյանն այսպես արձագանքեց. «Ես լինեի իրենց փոխարեն, կթողնեի փողոցը այնքան, որ արդեն ոչ ոք չգար այդ փողոց, որ աղբամանները մնային հուշարձան: Այստեղ պետք է լավ հասկանալ, որ եթե գնում եք փողոց փակելու, լավ հաշվարկենք»:

Նա զուգահեռ տարավ այն երևույթի հետ, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ ուժերը դուրս են գալիս փողոց, ինչը իզուր է: Նա հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Ստեփան Դեմիրճյանին, որոնք այժմ, ըստ Պեպանյանի՝ չկան ասպարեզում, բայց ժամանակին աստվածներ էին: Պատճառն ըստ Արծրուն Պեպանյանի՝ այն է, որ իրենք գնացել էին ճակատամարտի, որտեղ պարտվելու են: Արծրուն Պեպանյանն ամփոփեց. «Իշխանությունը ցույց տվեց, որ իր համար հինգ րոպեի խնդիր է ջարդել փշրելը: Գագիկ Ծառուկյանի նման տղային հինգ րոպեում հավաքեցին, ի՞նչ է իրենց համար մի շարժում հավաքելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031