Լրահոս
Օրվա լրահոսը

 Քիշնեւի չինովնիկները հարձակվում են հայկական տարածքների վրա

Հուլիս 24,2015 14:43

Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու եւ դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում:

Տիկին Վեներայի ասելով, փորձում են տիրանալ հայկական հնագույն գերեզմանատանը, եւ այդ ամենի նախաձեռնողը, նրա հավաստմամբ, հայկական գերեզմանատան տնօրեն Մարիա Մունթյանն է՝ Ծիսական ծառայությունների կոմբինատի տնօրեն Լյուդմիլա Բոցմանի հետ միասին:

Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, փաստաբան Ալեքսանդր Բոնդնարյուկի խոսքով,  ազգային նշանակության բացառիկ պատմամշակութային արժեք է եւ կառավարության որոշմամբ պահպանության գոտի պետք է ունենա 100 մետրի չափով, մինչդեռ տարածքն արդեն բավականին կրճատվել է:

haykakan-ekexeci2

«Հուլիսի 21-ին հարձակում է եղել մեզ վրա՝ պահանջով, որ հայերն ազատեն հայկական եկեղեցու տարածքը, որովհետեւ հարեւանությամբ հայկական գերեզմանատունն է, որը մեզանից վաղուց են վերցրել: Գերեզմանատան տնօրենն է շահագրգիռ այդ տեղին տիրանալու համար: Հայկական տարածքները քաղաքի կենտրոնում են եւ բավականին թանկ են գնահատվում: Որոշ մարդիկ նպատակ ունեն եկեղեցին էլ վերցնել ու գերեզմանատան տարածքի հետ միասին թանկ վաճառել»,-ասաց տիկին Գասպարյանը:

haykakan-ekexeci1

Նա հավելեց, որ Քիշնեւի քաղաքապետ Դորին Կիրտոակեն, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմն է, լավ է վերաբերվում հայությանը, ֆինանսավորում է հայկական միջոցառումները, մասնակցում է հայերի բոլոր միջոցառումներին, պարզապես, տիկին Վեներայի համոզմամբ, քաղաքապետին խանգարում են հակադիր կուսակցությունների անդամակցող նրա տեղակալները:

Ինչ վերաբերում է գերեզմանատան տնօրեն Մարիա Մունթյանին ու Լյուդմիլա Բոցմանին, վերջիններս, Վեներա Գասպարյանի պատմելով, պարբերաբար դիմում են շանտաժի ու փորձում ահաբեկել իրենց՝ համագործակցելով ոստիկանության հետ: «Հարձակումների թիրախը ես եմ՝ այստեղ ես եմ ազգը ու մշակույթը ներկայացնում, ու երեւի մտածում են, որ եթե իմ հարցերը լուծեն, հեշտությամբ կտիրանան հայկական տարածքներին: Ընդ որում` երկու անգամ հայկական գերեզմանատան տարածքում անօրեն թաղում են կազմակերպել, ինչի համար մենք դիմել էինք իշխանություններին:

haykakan-ekexeci4

Տեղի մշակույթի նախարարությունը, Գիտությունների ակադեմիան, տեղի ինտելիգենցիան մեզ աջակցում են, իսկ գերեզմանատան տնօրենը այնպիսի կին է, որ ոչնչի առաջ կանգ չի առնի, նա գնել է ոստիկանությանը եւ նրանց ձեռքով անում է այն, ինչ ուզում է: Ամեն վայրկյան մեզանից մեկին կարող են տապալել: Մենք առայժմ մուտք չունենք հայկական գերեզմանատուն, ինչի համար դիմել եմ քաղաքապետարան, ասել եմ՝ ինչո՞ւ պետք է հայկական գերեզմանատան տարածքը բաժանեք հարուստների մեջ, հայերին էլ թաղեք մոլդովական գերեզմանատներում, մենք ինչու պետք է հողի տակ էլ ցրված լինենք: Մինչեւ հիմա այդ հարցը չէինք բարձրացնում, սպասում էինք եկեղեցու տարածքի հարցը լուծվի նոր;

5-րդ դարից այստեղ մշակութային գործունեություն ենք վարել, մշակութային արժեքներ ստեղծել: 1-2 տարի առաջ մյուս հայկական եկեղեցու տարածքն են վաճառել, որովհետեւ դավաճան մի հայ ստորագրեց, թե փոխանցում է, հիմա մեզ մոտ էլ են ուզում մի դավաճան գտնեն, չեն կարողանում, երկու ձեռքս մեկնում եմ, ասում՝ ընտրեք, էս ձեռքերից որն է դավաճանը: Նրանք էլ մտածում են՝ Վեներայի գլխին, որ փորձանք կազմակերպենք, մնացած հայերի հետ հեշտ կլինի լեզու գտնելը»,- ահազանգում է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը:

Խնդրին անդրադարձել են նաեւ մոլդովական ԶԼՄ-ները՝ vedomosti.md-ը եւ ipn.md-ն: Մտահոգված զանգեր են հնչել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերից:

Տիկին Գասպարյանը օգնություն է ակնկալում ՀՀ Մշակույթի եւ սփյուռքի նախարարությունից, Ազգային ժողովից, Կառավարությունից, Երեւանի քաղաքապետարանից եւ խնդրով մտահոգ բոլոր մարդկանցից:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ խնդրին մանրամասն տեղեկանալուց հետո կդիմեն գործողությունների:

Մշակույթի նախարարությունից փոխանցեցին, որ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը խորհրդակցության է եւ չի կարող հարցերի պատասխանել՝ խորհուրդ տալով հարցը ուղարկել գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031