Լրահոս
Օրվա լրահոսը

«Երդվեցի՝ նոր կյանք պիտի տամ Շուշիի եկեղեցուն». հիշում է ճարտարագետ-շինարար Վոլոդյա Բաբայանը

Օգոստոս 10,2015 12:15

Վոլոդյա  Բաբայանն իրեն համարում է ճարտարագետ-շինարար: Նա մասնակցել է Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: «Առավոտի» հետ զրույցում նա անդրադարձավ եկեղեցու երկրորդ՝ Ղազանչեցոց անվանը. «Ղազանչին ստուգաբանվում է պղնձագործ,  կաթսայագործ: Կովկասի տարածաշրջանում ղազանչի գյուղեր կան, տարբեր վայրերից ղազանչիներ են եկել: Նրանց մի մասը հաստատվել է Շուշիում, իսկ նրանք լավ ղազանչիներ, այսինքն՝ արհեստավորներ էին: Նրանց մի մասը մասնակցել է եկեղեցու կառուցմանը, այստեղից էլ՝ անունը՝ Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի»: Վոլոդյա Բաբայանը 1981 թվականին գնացել է Արցախ ու մինչ այսօր Արցախում է: Ասում է. «Երեւանից եմ գնացել Արցախ ու հաստատվել: Ես երբ առաջին անգամ տեսա այդ եկեղեցին, շատ սիրեցի, մնացի Արցախում: Շատ հուզվել էի՝ տաճարը 40 տոկոսով ավերված էր»:

Մեր զրուցակիցը մենակ է տեղափոխվել, ասում է՝ կինը հրաժարվել է  բնակվել Արցախում,  իսկ երեխաները սովորում էին, ու այդ շրջանում հարմար չէր նրանց տեղափոխվելը: «Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ տաճարը գազանային ախորժակով քանդված ու ավերված վիճակում էր: Մի ամպամած օր էր, թոն էր մաղվում, ջրի կաթիլները արտասուքի նման թափվում էին պատերն ի վար: Ինձ թվաց՝ եկեղեցին արտասվում է… Հաստատապես երդվեցի՝ նոր կյանք պետք է տամ նրան: Հավերժ փառք մեր Տեր Հիսուսին, որ ինձ վստահեց, օգնեց եւ ուժ տվեց նպատակս իրականացնելու, որի համար գոհ եմ, երջանիկ եւ շնորհակալ»,- հիշում  է Վոլոդյա Բաբայանը: Ու հիմա հպարտ է, որ սրբավայրը կանգուն է:

Հավելենք, որ Շուշիի ջարդերից հետո՝ 1920թ.-ին տաճարը դադարել էր գործել, ապա  ադրբեջանցիների կողմից օգտագործվել էր որպես ամբար ու ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում քարուքանդ էին արվել տաճարի մուտքի հրեշտակները, գմբեթը փլվել էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը: Շուշիի ազատագրումից հետո  միայն եկեղեցին վերանորոգվեց ու 1998 թվականից սկսած՝ գործում է:  Ավելին՝ 2008-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ, այսպես կոչված, «մեծ հարսանիք»՝ ամուսնացավ 687 զույգ, ընդ որում՝ 550 զույգ ամուսնացավ հենց Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում, մյուսները՝ Գանձասարում:

 Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31