Լրահոս
Օրվա լրահոսը

Ոռոգելը թանկ է նստում. աղավնաձորցիները ջուրը խնայում են, իսկ դրանից տուժում է բերքի քանակն ու որակը

Օգոստոս 20,2015 15:00

Վայոց ձորում ինչպես եւ հանրապետության այլ մարզերում այս տարի գյուղատնտեսության համար բարենպաստ տարի է՝ չհաշված տարեսկզբին տեղացած կարկտահարությունն ու վերջերս հաճախակի դարձած հրդեհները, որոնց հետեւանքով առանձին գյուղացիների հողատարածքներ տուժեցին:

Բայց խնդիրը ոչ թե բերքն է, այլ ոռոգման ջուրը, որից էլ կախված է բերքի որակը: Աղավնաձոր գյուղում այս տարի ոռոգման ջուրը գյուղացուն տրվել է ժամավճարով, ինչն էլ հարուցել է գյուղացիների դժգոհությունը:

«Մի ժամանակ ջուրը գյուղացուն տալիս էին ըստ հողատարածքի՝ հեկտարի հաշվով, հիմա արդեն ժամավճարով է: Կոնկրետ իմ ցորենի արտը ամեն տարի ջրելուց վճարում էի 7500 դրամ, իսկ այս տարի գրեթե կրկնակի՝ 14 հազար դրամ: Ժամով ջրելն էլ թանկ ա նստում գյուղացու վրա ու դրա պատճառով ավելի քիչ ենք ջրում, բերքի ե՛ւ որակը ե՛ւ քանակը տուժում է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Աղավնաձոր գյուղի բնակիչ Ասատուր Ասատրյանը: Նրա խոսքերով, ցորենը պետք է ջրեին 3-4 անգամ, բայց այս տարի ջրել են ընդամենը 2 անգամ, իսկ բերքատու այգիները 5 անգամ ջրելը կրճատել են՝ դարձրել 3 անգամ:

«Հարցն այն չէ, որ ջուրը լավ չի մատակարարվում, ուղղակի վերեւներից՝ կառավարությունից հրաման են ստացել դարձնել ժամավճար, արդյունքում տուժողը հողագործն է լինում»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղավնաձոր գյուղի մեկ այլ բնակիչ՝ Գեւորգ Շահինյանն էլ դժգոհ է այս տարվա գարու բերքից, քանի որ, ըստ նրա, գարին էլ քիչ է ջրվել: Նա մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ 6 հազար մետր խաղողի այգի ունի եւ ջրի թանկության պատճառով այս տարի 3 անգամ է ջրել, մինչդեռ անցած տարի՝ 6 անգամ:

«Անցյալ տարի ամեն այգին ջրելուց վճարել եմ 5-6 հազար դրամ, այս տարի վճարում եմ կրկնակի: Ուղղակի եկող տարի գյուղում նաեւ ցանք անող չի լինի»,- ասաց Գեւորգ Շահինյանը:

Գյուղի բնակիչներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ որ կառավարության ղեկավարը պետք է հասկանա, որ այս տարբերակով գյուղացու համար աշխատելը շատ ծանր է. «1 կիլոգրամ ցորենը աղալու համար 26 դրամ է, գումարում ես տրանսպորտ, տանել-բերել, չարչարանք ու հաշվում ես՝ դառնում ա 50 դրամ, էնա ալյուր առնես ավելի ա ձեռ տալիս, քան թե ցորեն ցանելը. փողը տուր ցանի, փողը տուր ջրի, հնձի, տար ալրաղաց, աղա, բեր…»:

«Եղեգնաձոր» ՋՕԸ-ի Աղավնաձորի տեղամասի պետ Արծրունի Իսրայելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ թանկացում չի եղել, պարզապես ջուրը այս տարի տրվել է ժամով՝ լիտր վարկյանով: «Ջուրը գյուղացուն վաճառվում է 11 դրամով, իսկ մինչ հողատարածք հասնելը ջրային կորուստները դուրս է գալիս եւ գյուղացու վրա չի մնում: Հանրապետության բոլոր մարզերում էլ ջուրը տրվում է լիտր վարկյանով, նույնն էլ Աղավնաձոր գյուղում: Այս տարի տեղադրվել են ջրաչափեր եւ վճարում են այնքան, որքան օգտագործել են, ուղղակի խնդիրը կավաաղային հողերն են, որը շատ ջուր է կլանում եւ կորուստը շատ է լինում»,- ասաց պարոն Իսրայելյանը: Նա, որպես օրինակ ներկայացրեց 1 հեկտար խաղողի այգին ջրելու նախկին եւ այժմյան տարբերությունները: Ասաց, որ, եթե նախկինում այգին ջրելու համար նախատեսվում էր 12-13 ժամ, բայց հողօգտագործողները ջրում էին մինչեւ 1 օր, այժմ այդքան երկար չեն ջրում. «Օրինակ Խաչիկ գյուղ ջուրը պոմպով ենք հասցնում եւ արժե 170 դրամ, բայց գյուղացուն վաճառվում է դարձյալ 11 դրամով, իսկ մնացածը դոտացիայով պետությունն է վճարում էլեկտրաէներգիայի վճարը: Աղավնաձոր գյուղ ջուրը ինքնահոս է հասնում»:
Աղավնաձոր գյուղի բնակիչ Վաչագան Կարապետյանն էլ պատրաստվում է դարձյալ մեկնի արտագնա աշխատանքի. «Էլի գնալու եմ, քանի որ այնտեղ էլի հնարավորություն են տալիս անասնապահության, հողագործության համար, էստեղ մի բան էլ խանգարում են: Ով այսօր մի թեթեւ հնարավորություն ունի գյուղից գնում ա, ո՛չ խաղողի այգիներին ա նայում, ո՛չ հողատարածքներին: Գյուղացին պաշտպանված չի, ամբողջ տարին տանջվում ա, վերջում էլ խաղողը տանում կռվով պատերազմով վերցնում են, 2 կոպեկ փող պիտի տան, այն էլ մինչեւ տալիս են հաջորդ տարին ա գալիս»:

Գյուղացիների վրդովմունքը այնքան շատ էր, որ հիշեցին նաեւ այլ խնդիրներ եւս: Ըստ նրանց, անհրաժեշտ է պետական աջակցությունը ընդլայնել նաեւ վարկերի տեսքով եւ եթե, գյուղ վարկերը տրվում են սահմանափակ քանակով, իսկ մնացած մասն էլ 24% -ից բարձր տոկոսադրույքներով վարկեր են վերցնում, ինչպե՞ս կարող են բերքը այնպիսի գնով վաճառել, որ ծախսերը փակի:

«Ամեն տարի գազը, հոսանքը, մնացած սնունդը թանկանում է, բայց բերքի գինը մնում է նույնը, դեռ մի բան էլ էժանացնում են: Ամեն տարի, որ խաղողը 200 դրամից պակաս չի եղել, ես տարի վարչապետը հայտարարել է 180 դրամ. տարեցտարի էժանացնում են բերքը, այ այդպես են աջակցում գյուղացուն»,- նշեց գյուղացիներից մեկը:
Գյուղացիները նշեցին նաեւ, որ «Արենի» տեսակի խաղողը հիմնականում Աղավնաձորն է արտադրում, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ գյուղ է եկել, ոչ գյուղացու հետ է խոսել, եկել մարզպետարանում նստել եւ հայտարարել է Աղավնաձոր գյուղի խաղողի գինը, մինչդեռ, ըստ գյուղացիների, 1 կիլոգրամ խաղողի ծախսը 170 դրամ է. «Այսինքն 1 դրամով խաղող են գնում, բա դա աջակցե՞լ է»,- վարչապետին հարցնում էին աղավնաձորցիները:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31