Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ֆանտաստիկան՝ «Այլ քաղաքում»

Օգոստոս 21,2015 13:30

Վերջերս «Առավոտը» ներկա գտնվելով գրողների մի հավաքի, կրկին մտահոգվեց այն հարցով, որ չունենք գրողներ, որոնք ստեղծագործում են գիտաֆանտաստիկ ժանրում: Այդ միջոցառման ժամանակ նշվեց միայն երիտասարդ արձակագիր Վահե Ղուկասյանի անունը, ով ստեղծագործում է զուտ գիտաֆանտաստիկ ժանրում: Գրողները հայտնեցին, թե Վահե Ղուկասյանը Ֆրունզ Հարությունյանի հետ հաճախ կազմակերպում է գիտաֆանտաստիկ գրականության մրցույթներ, հրատարակում «Այլ քաղաք» գրական ամսագիրը: Պարզեցինք նաեւ, որ Վահե Ղուկասյանի «Քուն» պատմվածքը Հունգարիայում հրատարակել է տեղի հեղինակավոր «Naput» ամսագիրը եւ երիտասարդ գրողը իր «Փաբերի ձայնը» պատմվածքով 2012թ. Մոսկվայում մասնակցել է «Դեբյուտ» մրցանակաբաշխությանը: «Քունը» տպագրվել է հունգարերեն, իսկ «Փաբերի ձայնը» հեղինակի թարգմանությամբ՝ ռուսերեն: Արվեստագետները մեր հարցին ի պատասխան, թե իսկ խորհրդային տարիներին ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող ո՞ր գրողներին կառանձնացնեն, ներկաները միայն հիշեցին անցյալ դարի կեսերին ստեղծագործող Աշոտ Շայբոնին, 1960-ականներին գրական ասպարեզ եկած Կարեն Սիմոնյանին եւ ավելի ուշ՝ 1980-ականներին՝ Ռուսլան Սաղաբալյանին:

Vahe_Gukasyan-2
«Առավոտի» հետ զրույցում Վահե Ղուկասյանը նշեց, որ մեր իրականությունում շատերին խորթ է հնչում հայկական ֆանտաստիկա արտահայտությունը կամ հայ ֆանտաստ հեղինակ բառակապակցությունը: «Ցանկացած երկրում, որտեղ գերակա են համարվում կրթությունն ու գիտությունը, ֆանտաստիկան պետք է իր ուրույն տեղն ունենա, քանի որ զարգացած գիտությունն ու հարուստ ֆանտաստիկ գրականությունը փոխպայմանավորված են: Այժմ մենք ունենք ֆանտաստիկայի մասնագիտացված հրատարակություն եւ հեղինակների համայնք, որը հատուկ ստեղծագործում է այս տարվա փետրվարին հիմնված «Այլ քաղաք» ամսագրի համար: Պարբերականում տեղ են գտնում հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաեւ՝ թարգմանություններ: Կարճ ասած՝ մենք հիմա ունենք ֆանտաստիկայի մասնագիտացված հրատարակություն»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը՝ գուցե մեր գրողների համապատասխան գիտելիքը կամ երեւակայությունն է պակասում, որ չեն ստեղծագործում գիտաֆանտաստիկ ժանրում, Վահե Ղուկասյանը պատասխանեց. «Քանի որ հայկական գրական դաշտը ժանրայնացված չէ, չենք կարող ասել, որ հայ գրողները չեն գրում ֆանտաստիկա, հակառակը՝ հիմա կա ժանրային թերթ, որը խոսում է այն մասին, թե հայերն էլ են գրում ֆանտաստիկա եւ հավաստիացնում եմ՝ կա այդ ժանրը նախընտրող մեծ լսարան: Պարզապես պետք է օգնել այս ամենը հանրայնացնել: Մեր իրականությունում անհրաժեշտ են ֆանտաստ հեղինակները, որոնք ոչ միայն նոր որակ կհաղորդեն գրական դաշտին, այլեւ մշակույթի այլ ճյուղերին»:

Երիտասարդ գրողը տեղեկացրեց, որ շուտով՝ հավանաբար սեպտեմբերից, կգործի իրենց ayl.am կայքը եւ հույս ունեն ավելի մեծ թվով ֆանտաստիկայի սիրահար ընթերցողներ ներգրավել: Առաջին իսկ օրվանից «Այլ քաղաք» ամսագիրն ունի նաեւ ֆեյսբուքյան էջ, որը պարբերաբար թարմացվում է: Իմիջիայլոց, «Այլ քաղաքի» օգոստոսյան համարում կարելի է կարդալ Ռոջեր Ժելյազնի եւ Այզեք Ազիմով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31