Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Դիլիջան քոլեջը դռներն է բացել 94 նոր ուսանողի առջեւ

Սեպտեմբեր 01,2015 11:55

UWC Dilijan College -ը նոր ուսումնական տարում դռներն է բացել եւս 94 ուսանողի առջեւ, ովքեր սկսում են ուսումնառությունը Միջազգային բակալավրիատի (IB Diploma) երկամյա ծրագրով: Այսպիսով, 2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը:

Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից: Նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի:

Համալրվել է նաեւ դասախոսական կազմը. հրավիրվել են 17 մասնագետներ՝ նոր առարկաների դասավանդման համար:

Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, ողջունելով ուսանողներին ու դասախոսական կազմին, նշել է. «Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման եւ Միջազգային բակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթության մեջ այսօր ներդրում կատարելով՝ ապագայում խաղաղության, արդարության եւ բարեկեցության հասնելու հույս ենք տածում: Այդ իսկ պատճառով ջանքեր, ժամանակ ու միջոցներ ենք ներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, եւ ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվերափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին եւ ողջ աշխարհին ծառայելու գործին»,- ասել է նա:

UWC Dilijan College -ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցը միայն շենքը չեն. «Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ: Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել, եւ UWC-ի ընդունելության բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիս տաղանդավոր, վառ, յուրահատուկ երեխաներ: Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, թեեւ ոչ հեշտ աշխատանք՝ ստանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ բազմամշակութային միջավայրում ապրելու փորձ ձեռք բերել, որն, անշուշտ, կվերափոխի ձեր անհատականությունը: Ուրախ եմ, որ այդ աշխատանքը տարվում է ոչ միայն քոլեջում, այլեւ նրա սահմաններից դուրս, քանի որ UWC Dilijan College -ը Դիլիջան քաղաքի անբաժանելի մասն է: Քաղաքի կյանքում արդեն տեսանելի են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուսանողների եւ տեղի երիտասարդների համագործակցության շնորհիվ եւ, հուսով եմ, այդ արդյունքները կայուն ու երկարատեւ կլինեն»:

Այս տարի ամբողջությամբ ավարտվել են շինարարական եւ ներքին հարդարման աշխատանքները շինարարության առաջին հերթի ուսումնական եւ բնակելի մասնաշենքերում, եւ ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը բնորոշ բոլոր պայմանները:

2015 թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում:  Այն դարձել է նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:

«Քոլեջի նոր շենքերն ու հնարավորություններն իսկապես հրաշալի են: Մեր այցելուներից շատերն են նշում, որ կցանկանային երիտասարդ լինել եւ սովորել այստեղ: Քոլեջը տեղակայված է չքնաղ բնություն ունեցող եւ հյուրընկալ երկրում ու ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն նմանատիպ կրթական հաստատություններին: Համոզված եմ, որ մեր ուսանողները ոչ միայն հրաշալի փորձ ձեռք կբերեն, այլեւ բավականություն կստանան ուսումնառությունից ու այստեղ բնակվելուց», -նշել է Ջ. Փադըֆութը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930