Հայաստանից 327 ուսանող և երիտասարդ 2012 թվականից ի վեր օգտվել է «Սքոլաե Մունդի Արմենիա» կրթական բարեգործական հիմնադրամի ծրագրերից և կրթաթոշակային աջակցությունից. այդ նպատակով հատկացվել է շուրջ 15,6 մլն դոլար: Այս մասին «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Վասիլի Բարդադիմովը ՝ նշելով, որ 230 հայաստանցի ուսանողի կրթաթոշակ է հատկացվել միայն UWC Դիլիջանի և UWC ցանցի մյուս քոլեջներում ուսանելու համար, ևս 22 երիտասարդ աջակցություն է ստացել բարձրագույն կրթություն ստանալու համար, իսկ 75 երեխա հիմնադրամի ամբողջական աջակցությամբ մասնակցել է UWC Դիլիջանի ամառային կրթական ծրագրերին։
«Սքոլաե Մունդի Արմենիա» -ի հիմնադիրները Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն են, վերջինս նաև հիմնադրամի նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է դեռ 2009 թվականին, մինչև UWC Դիլիջանի քոլեջի հիմնումը՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին որակյալ կրթություն տալու ծրագրերին: Իսկ UWC Դիլիջանի քոլեջի բացումից հետո արդեն սկսել է կրթաթոշակներով ու դրամաշնորհներով աջակցել քոլեջ ընդունված ուսանողներին:
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կրթական հնարավորություն՝ լինի դա կարճաժամկետ դասընթաց, քոլեջում կամ համալսարանում կրթություն, նպաստում է նրան, որ երկրի ապագա սերունդը ոչ միայն ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն ստանա, այլև ձևավորվի որպես պատասխանատու, արժեքներով առաջնորդվող անձնավորություններ»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Նրա խոսքով՝ հիմնադիրներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն կրթության նկատմամբ: «Թե՛ ներկայումս Բաքվի բանտում ապօրինի կերպով պահվող Ռուբեն Վարդանյանը, թե՛ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հավատացած են, որ դրական փոփոխությունների հնարավոր է հասնել միայն կրթության միջոցով:
Կարդացեք նաև
«Նրանք բազմիցս են ասել, որ XXI դարում կրթությունը դառնում է ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հաջողության գրավականը: Ռուբեն Վարդանյանը միշտ ասում էր, թե հիմա արդեն կարևոր չէ, թե ինչքան տարածք, նավթ և ուրիշ նյութական ռեսուրսներ դու ունես, այլ այն, թե որքան կրթված, ստեղծագործ մարդ է ապրում քո երկրում: Նա միշտ համարում էր, որ կրթությունը հայերի մրցակցային առավելությունն է, դրա համար էլ նրանք հիմնեցին Դիլիջանի միջազգային դպրոցը, որը մի կողմից արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս երկու տարի ուսանել Հայաստանում ու այն ընկալել որպես իրենց երկրորդ տունը, իսկ հայ երեխաներին հնարավորություն է տալիս միջազգային որակյալ ու աշխարհում մրցունակ կրթություն ստանալ»,-նշեց Վասիլի Բարդադիմովը։
Նա նաև ավելացրեց, որ ներկայումս UWC դպրոցներում 39 հայ ուսանող սովորում է մասնակի կամ ամբողջական կրթաթոշակով։ Վարդանյանների ընտանիքը հիմնադրամի ամենախոշոր դոնորներից է:


















































