Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահում ենք երաժշտական թատրոնի կոչումը»

Սեպտեմբեր 07,2015 13:30

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը՝
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաքելության մասին

Օրերս «Առավոտը» ներկա գտնվելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Արտեմի Այվազյանի եւ Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» բեմադրության փորձին, անբացատրելի ոգեւորություն նկատեց դերասանների եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի շրջանում: Պարոն Ղազանչյանի հետ զրույցում ռեժիսորը դա մեկնաբանեց վերջերս Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար ՀՀ նախագահի մրցանակով:

Հիշեցրեց, որ այդ բարձր պարգեւին արժանացել են հիշյալ բեմադրության մեջ ընդգրկված երգիչներ Լալա Պուլուզյանը, Ավո Խալաթյանը, Վահագն Մարգարյանը, Արսեն Գեւորգյանը եւ ինքը՝ ռեժիսորը: Պարոն Ղազանչյանը տեղեկացրեց, որ այս՝ 2015-16թթ. թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 11-ին, հենց «Ուշ լինի, նուշ լինի» կատակերգությամբ: Մեր զրուցակցին հիշեցրինք, թե 75-ամյա կոմեդիայի թատրոնը, որն իր հոբելյանը կտոնի 2016-17թթ. խաղաշրջանում, նախկինում խաղացանկում ունեցել է այս ներկայացումը եւ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված անդրադարձը «Ուշ լինի, նուշ լինի»-ին: «Առաջինը 1941թ. ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանն է բեմադրել «Ուշ լինի, նուշ լինի»-ն, հետո տարբեր տարիների անդրադարձել են Արտեմի Այվազյանի իսկապես փայլուն երաժշտությամբ այս կոմեդիային ռեժիսորներ Գրիգոր Սիմոնյանը, Հրաչյա Ղափլանյանը, Գայանե Բարսամյանը, վերջին անգամ մեր թատրոնում 3-4 տարի առաջ այն բեմադրել է Արմեն Մելիքսեթյանը»,- տեղեկացրեց պարոն Ղազանչյանը: Հետո էլ հավելեց. «Գարեգին Երիցյանի այս ստեղծագործությունը բոլոր ժամանակների համար է, այդ թվում՝ մեր օրերի: Կոմեդիայի ժանրով հանդիսատեսին ներկայացվում է, թե ինչպես հանուն փողի, հարստության, փնտրելով հարուստ փեսացուների, ծնողները, ուղիղ ասած՝ վաճառում են այս դեպքում՝ իրենց աղջկա երջանկությունը…»: Կանխելով հարցը, թե գալիք թատերաշրջանում էլ ի՞նչ պրեմիերաներ են սպասվում հանդիսատեսին, Երվանդ Ղազանչյանը հայտնեց, որ դա Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղա» երաժշտական սատիրան է (բեմադրությունը հանդիսականին կներկայացվի այլ վերնագրով). «Այս գործն էլ ունի աղերսներ մեր ժամանակի հետ: Արթին աղայի կինը, որը ոտքից գլուխ քաղքենի է, ցանկանում է աղջկան ամուսնացնել Եվրոպայում կրթված, տարբեր լեզուների տիրապետող մի շառլատանի հետ: Տիկնոջը ձգում է այդ փեսացուի՝ տարբեր լեզուների տիրապետելու փաստը…»:

Ervand_Kazanchyan-2

Տեսարան՝ «Ուշ լինի, նուշ լինի»-ի փորձից:

Երվանդ Ղազանչյանը զրույցի ընթացքում քանիցս անդրադարձավ «Ուշ լինի, նուշ լինի»-ին, հիացմունքի բառեր չխնայելով ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանի, նկարիչ Մարիամ Մուրադյանի, խմբավար Շուշան Հովհաննիսյանի, պարի բեմադրիչ Աննա Կարապետյանի, զգեստների դիզայներ Մերի Սարգսյանի հասցեին: Ասաց, որ այս ստեղծագործությունը Արտեմի Այվազյանի՝ հատուկ Երեւանի կոմեդիայի թատրոնի համար գրված 13 երաժշտական գործերից մեկն է: Խոսելով թատրոնի խաղացանկի մասին, Երվանդ Ղազանչյանը նշեց. «Վերջին 5 տարում վերադառնում ենք մեր թատրոնի, այն է՝ երաժշտական թատրոնի կոչմանը: Այսօր ունենք Չուխաջյանի «Կարինեն», Հակոբ Պարոնյան- Ստեփան Լուսիկյան՝ «Շողոքորթը», Շիրվանզադե-Արամ Սաթյան՝ «Մորգանի խնամին», Սունդուկյան-Արամ Սաթյան՝ «Ձեր աստվածը փողն է»: Առաջիկայում երաժշտական թատրոնը կհամալրվի դարձյալ երաժշտական երկերով»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Երվանդ Ղազանչյանը, առանց կոնկրետ ժամկետ նշելու, հայտնեց, որ գալիք խաղաշրջանում, հավանաբար մինչեւ տարեվերջ, հանդիսատեսին կընդունի թատրոնի փոքր դահլիճը՝ Լեռ Կամսարի գործերով: Նշեց, որ փոքր դահլիճի գաղափարին ծանոթանալով, իրենց աջակցել է ՀՀ նախագահը:
Նաեւ փաստեց, որ վերջին շրջանում հիանալի երիտասարդներ են եկել թատրոն՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտից, ինչպես նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից:

Մեր զրուցակիցը հաստատեց, որ խաղաշրջանի բացմանն անմիջապես հետեւում է թատրոնի հյուրախաղերը ԱՄՆ. «Քանի որ արդեն վերջին տարիներին անընդմեջ հրավիրվում ենք Նահանգներ, կարող եմ բարձրաձայնել, որ մեր թատրոնն իր խաղացանկային ներկայացումներով սպասված է այնտեղ: Օրինակ, անցյալ տարի մեկնել էինք Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» ներկայացմամբ, հիմա էլ մեր հայրենակիցների համար կխաղանք «Մորգանի խնամին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930