Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Ադրբեջանը տեռորիստական պետություն է, հակատեռորիստական քայլեր են պետք»

Սեպտեմբեր 09,2015 13:04

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հարցին՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը վստահեցնում էր, որ սահմանում իրավիճակն այնքան լարված չի, որքան ԶԼՄ-ներն են ներկայացնում, ընդամենը ահաբեկչական գործողություն է իրականացվում սահմանին եւ Ալիեւը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկիչ, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ՝ պատասխանեց. «Միշտ չի, որ ռեալ իրավիճակն իր արտացոլումն է գտնում ԶԼՄ-ներում: Ճանճից փիղ են ստանում երբեմն: Ես չեմ կարող ասել իրական լարվածությունը մեծ է, թե փոքր, որովհետեւ վերջերս սահմանում չեմ եղել: Ինչ վերաբերում է հակաահաբեկչական քայլերին՝ կիսում եմ, հակաահաբեկչական քայլեր պետք են: Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Ադրբեջանը միջազգային ատյաններում այնպիսի կարծիք է ստեղծել, որ իրոք խնդիրը Հայաստանի ագրեսիան է՝ Ադրբեջանի հանդեպ. «Երբ 1992-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, երբ Արցախում 20-25 հազար բնակչություն կար, Հայաստանը չի կարողացել այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ում: Իսկ երբ 94-ին Հայաստանը հաջողություններ կարողացավ գրանցել մարտի դաշտում, Ադրբեջանը 4 անգամ իրար վրա դիմեց ՄԱԿ-ին եւ մեկը մյուսից կոշտ որոշումներ կան Հայաստանի դեմ: Ադրբեջանը հասավ նրան, որ միջազգային կառույցներում կարծիք ստեղծվեց, որ Հայաստանն է ագրեսիա դրսևորել»:

Մանվել Բադեյանը չհամաձայնեց՝ ասելով, որ Արցախի դիվանագիտությունը լավ է աշխատել, իսկ Ադրբեջանի դիվանագիտությունը եթե հաջողության հասած լիներ եւ Հայաստանը ագրեսիա համարվեր, ժողովուրդների ինքնորոշման խնդիր չէր դրվի. «Հայաստանը որեւէ փաստաթղթում ագրեսոր համարված չէ»:

Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ը չի գրում, որ Հայաստանը ագրեսոր է, բայց ասում է, որ պետք է ազատեք ձեզ չպատկանող տարածքները, այն դեպքում, երբ այդ տարածքները Ղարաբաղինն են:

Մանվել Բադեյանի խոսքերով՝ երբեք որեւէ պաշտոնական անձ չի ասել, որ ինչ-որ տարածքներ պատրաստ ենք վերադարձնել Ադրբեջանին: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Բանաձեւերը մի բան են, մեր դիրքորոշումն այլ է: Երբ մենք ասում ենք «բուֆերային գոտի», կրկնում ենք իրենց ասածները: Բանակցությունները գնում են, եւ բոլորս էլ հասկանում ենք, որ փոխզիջումային լուծումներ պետք է լինեն, բայց Արցախի բուն տարածքներից ոչ մի թիզ չենք զիջելու»:

Թե որն է Արցախի բուն տարածքը՝ Բադեյանը հստակեցրեց. «Այն տարածքները, որոնք միջազգային հանրությունը համարում է լեգիտիմ տարածք, անկախ նրանից, թե 18-րդ դարում ինչ է եղել»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսելիս Մանվել Բադեյանն ասաց, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ուրիշ բան՝ հնարավորություն, նախադրյալներ կան, թե ոչ: Կարծում եմ, չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930