Լրահոս
Օրվա լրահոսը

«Այբ» դպրոցում կբացվի նոր արհեստանոց-լաբորատորիա

Սեպտեմբեր 09,2015 15:23

Նորագույն տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ նոր գիտելիք յուրացնել եւ տիրապետել նոր հմտությունների: Դրանց կիրառմամբ ուսումնական գործընթացն ավելի տեսանելի է դառնում և արդյունավետ` հետազոտությունների ժամանակ:

Թվային տեխնոլոգիաների կիրառումը որակապես փոխում է նաև ուսուցչի կամ դասախոսի աշխատանքը` երկար դասախոսություններին փոխարինում են նոր մեթոդներն ու ձևերը:

Գիտելիքի ստուգման եւ գնահատման համար էլ կարելի է օգտագործել հատուկ համակարգչային ծրագրեր: «Այբ» դպրոցն այն եզակի կառույցն է, որտեղ այսօր արդեն` խոսում են ապագայի մասին:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքով՝ տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը  կարեւոր և պարտադիր է ժամանակակից դպրոցում: Հենց այդ պատճառով էլ «Այբ» դպրոցում իրականացնում են ֆաբլաբ նախագիծը:

Ֆաբլաբ նախագծի իրականացման աշխատանքները Հայաստանում սկսվեցին 2013 թվականին, երբ  «Այբ»-ն սկսեց  համագործակցել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ:

Ֆաբլաբը նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ ծրագիր է: Արհեստանոց-լաբորատորիա` զինված  հատուկ սարքավորումներով և նյութերով, որը սովորողին տեսական գիտելիքը գործնականում կիրառելու լայն հնարավորություն է տալիս:

«Ֆաբլաբը մշակվել է կրթական նպատակներով, որ պատանիներն իրենց գիտելիքները օգտագործեն մի բան սարքելու գործում»,-ասում է Արամ Փախչանյանը:

Նոր  տեխնոլոգիաների կիրառմամբ աշակերտները ստեղծում են «գրեթե ամեն ինչի» ձևանմուշը և տիրապետում   բիզնես հմտություններին:

Ֆաբլաբեր գործում են աշխարհի ավելի քան 34 երկրում՝ հիմնականում կրթական հաստատություններին կից:  Միանալով Ֆաբլաբ  ցանցին՝ Հայաստանը դառնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ աշխարհի լավագույն տեխնիկական բուհի  հսկա ցանցի անդամ և հնարավորություն է ստանում օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:

«Այբ»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի  մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրել են ֆաբլաբի սարքավորումների ցանկը, և Հայաստանում դրանց  օգտագործման արդյունավետությունը, ինչից հետո`«Այբ»-ը ձեռք է բերել ֆաբլաբի սարքավորումների լիակատար փաթեթը:

Այսպիսով՝ այս արհեստանոց լաբորատորիաներում յուրաքանչյուրը ներկայացնում է իր փորձն ու սովորում՝ սովորեցնելով:

«Այբ» դպրոցի տնօրենի պնդմամբ իրենց նպատակն այն է, որ աշակերտները կարողանան այդ տարածքում հետաքրքիր, ֆանտաստիկ, յուրօրինակ ինչ որ բաներ մտածել, մոգոնել, ստեղծել, կառուցել եւ դրա մասին լուր տարածել աշխարհով մեկ:

Ֆաբլաբի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի առաջին օրերին:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930