Լրահոս
Օրվա լրահոսը

 Հաստատվել է ԼՂՀ  պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Սեպտեմբեր 26,2015 11:10

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։

Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված ժամանակահատվածում բյուջեի սեփական և ընդհանուր եկամուտների կրճատում է սպասվում։ «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 89,8միլիարդ դրամ։ Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերը կպահպանվեն գրեթե նույնությամբ։Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեն նաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:

Արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։«Չնայած պետական բյուջեի կրճատում չի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորության դեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճի ապահովմանը։ Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղված վարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք է համապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։Պետք է ևս մեկ անգամ վերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը»,- ասել է վարչապետը։

Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկերը։ Պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվող սոցիալական քաղաքականությանը, և այդ առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։

Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը, ժամանակի ընթացքում պետք է վերանայել այդ կարգի սկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։

Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է  նաև մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը:

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխան ստորաբաժանումների կանոնադրությունները, իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած են ճանաչվել։

Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի,իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների (ԽՍՀՄ բանակի՝ թվով 122 կենսաթոշակառու) և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը սահմանելով 36,000 դրամ (ներկայումս՝ 31,500 դրամ), 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 26,000 դրամ (ներկայումս՝ 23,100 դրամ), 3-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը 18,000 դրամ (ներկայումս՝ 15,750 դրամ), մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ներկայումս՝ 21,000 դրամ), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 80,000 դրամ (ներկայումս՝70,000 դրամ)։

Կառավարության նիստում փոփոխության է ենթարկվել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, և 2016 թվականի հունվարի 1-ից այն աճելու է  շուրջ 43 տոկոսով՝ կազմելով 50,000 դրամ։ Կենսաթոշակի գումարների կրկնակի վճարման հնարավոր դեպքերը բացառելու համար՝ այսուհետև վերահաշվարկվելու են սոցիալական և զինվորական կենսաթոշակների հիմքերը:

Գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝460,474 հեկտար, իսկ ըստ սեփականության սուբյեկտների՝ գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող հողերը։

Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող պետական կառավարման մարմինների ցանկը: Սահմանվել է նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման կարգը։

Կառավարությունը հաստատել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկն ու հրապարակման կարգը ևսահմանել վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, ինչպես նաև՝ դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը:

Նիստում հաստատվել է այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը, որոնք պետական պատվերով ստանալու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները:

Գործադիր մարմինը հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին, որի մշակումը պայմանավորված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ  գնահատման և թեստավորման կենտրոնին կից արդեն գործում է մանկավարժա-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան աշխատանքներ է տանում դպրոցներում սովորող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Նախարարն անդրադարձել է նաև 2015-2016թթ. ուսումնական տարում դպրոցականների թվին՝նշելով, որ նախորդ տարվա համեմատ այն  ընթացիկ տարում ռեկորդային աճ է գրանցել՝ ավելանալով 947-ով։Գործադիր իշխանության ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ առթիվ և նշել, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանք տանել հանրապետությունում ժողովրդագրական կայուն աճ ապահովելու ուղղությամբ։

Կառավարության անդամների հավանությանն է արժանացել ««Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930