Լրահոս
Օրվա լրահոսը

3 անձի մեղադրանք է առաջադրվել` Ալավերդիում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցելու համար. գործն ուղարկվել է դատարան

Սեպտեմբեր 29,2015 14:59

3 անձի մեղադրանք է առաջադրվել` Ալավերդիում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցելու համար. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եղանակը, մասնակից անձանց շրջանակը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել են Ս.Հովհաննիսյանը, Ա.Մարտիրոսյանը և Հ.Մարգարյանը, ովքեր 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված, ապօրինի մուտք են գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել կանացի եւ մանկական ոսկյա զարդեր՝ պատճառելով ընդհանուր առմամբ` 2.873.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ապա՝ «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Պարզվել է նաեւ, որ փախուստն իրականացնելու ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակչի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո ուղեւորվել են դեպի «Մադան» կոչվող թաղամաս՝ Ջիլիզա անտառների ուղղությամբ։ Այնուհետեւ՝ ավտոմեքենան կայանել են անմարդաբնակ մի տարածքում եւ հետքերը թաքցնելու նպատակով այրել հանցագործության կատարման ժամանակ իրենց հագին եղած հագուստները, ոսկյա զարդերի պիտակները եւ շարունակել փախուստը ոտքով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ավազակային հարձակման մասնակիցներից երկուսը հայտնաբերվել են նույն օրը, իսկ երրորդն օրեր անց ներկայացել է ինքնակամ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մարտիրոսյանին, Հ.Մարգարյանին ու Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930