Լրահոս
Օրվա լրահոսը

Մի նախագիծը փակվում է, մյուսը` բացվում

Հոկտեմբեր 01,2015 10:04

Ի՞նչ եղավ «Նովոռոսիան»: Կարծես թե այդ եզրն այլեւս ոչ ոք չի օգտագործում։ Հաջողվե՞լ է արդյոք Ուկրաինայի տարածքում ստեղծել ռուսական հանրապետություններ։ Ոչ։ Հաջողվե՞լ է համոզել այնտեղ ապրող ռուսներին, որ իրենք ավելի լավ են ապրելու «Նովոռոսիայի» նոր իշխանությունների օրոք, որ այդ իշխանություններն ավելի մաքուր են ու անկաշառ, քան իրենց չսիրած Կիեւի իշխանությունները։ Հավանաբար, դարձյալ ոչ։ Կա՞ որեւէ արդարացում մի քանի հազար ռուսաստանցի «կամավորների», իսկ իրականում՝ զինծառայողների զոհվելու համար։ Ոչ։ Հետեւաբար, «Նովոռոսիա» նախագիծը պետք է կամաց-կամաց փակել։

«Հին» նախագծի դասերը չամփոփելով եւ քարոզչական մակարդակով հայտարարելով, որ այն հանճարեղ էր եւ «ազգափրկիչ», պետք է սկսել «նորը»՝ սիրիականը։ Հիմա էլ Ասադի զինված ընդդիմությանը հարվածելով՝ կարելի է հայտարարել, որ դրանով մարդկությունը փրկվում է «Իսլամական պետությունից»։ Դժվար թե դա իրականություն դառնա, բայց ամերիկացիների հետ քարոզչական նոր պատերազմի դաշտը պատրաստ է։ Ամերիկացիներն, իհարկե, նույնքան երեսպաշտ են՝ պնդելով, թե նրանք սկզբունքային դեմոկրատներ են եւ այդ պատճառով են ուզում տապալել Ասադի բռնապետական եւ ոչ լեգիտիմ իշխանությունը. հետաքրքիր է, իրենց բարեկամ Սաուդյան Արաբիայի ռեժիմը դեմոկրատական է եւ լեգիտի՞մ: Բոլոր դեպքերում պարզ է, որ Ռուսաստանի ավիահարվածներից «Իսլամական պետությունը» չի վերանա, պարզապես տարբեր ուղղություններով բազմաթիվ կրակողներին եւ մահ սփռողներին տարածաշրջանում կավելանա եւս մեկը:

Մի նախագծի տապալումից միանգամից, առանց շունչ առնելու եւ լուրջ գնահատական տալու մեկ այլ նախագծի անցնելու սովորությունը հատուկ է նաեւ մեր ներքին կյանքին: Մեկ տարի առաջ մեկնարկ էր տրված «ոչ իշխանական քառյակ» նախագծին: Ընթացքում պարզվեց, որ քառյակը եռյակ է, այնքան էլ հրաշալի չէ եւ նույնիսկ առանձնապես «ոչ իշխանական» չէ: Նախագիծը փակվեց, բայց նրա հեղինակները շարունակում են պնդել, որ այն հանճարեղ էր ու աննման: Պարզապես իշխանությունները չթողեցին, որ քառյակ-եռյակը հաջողության հասնի: Հավանաբար, ակնկալվում էր, որ իշխանությունը կասի՝ «եկեք, խնդրեմ, իշխանափոխություն պարտադրեք»:

Հիմա մենք գործ ունենք միանգամից երեք նախագծի հետ՝ ՀԱԿ-ի «Ոչի ճակատը», Պարույր Հայրիկյանի ու Հմայակ Հովհաննիսյանի «Ազգային փրկության ճակատը» եւ Աշոտ Մանուչարյանի Հակաիմպերիալիստական ճակատը: Բայց ինձ թվում է, որ ճակատը մեկն է լինում՝ եթե կան տարբեր ճակատներ, դա խոսում է այդ խմբերի մասնատվածության մասին: Խնդրում եմ իմ այս խոսքերը հիշել հաջորդ startup-ի ժամանակ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Ա. Աբրահամյան, եթե Ձեր անձնական ՛՛Ոչ՛՛-ը չի տեղավորվում Ձեր նշած երեք ՛՛Ոչ՛՛-երից և ոչ մեկում, ապա հիանալի հնարավորություն ունեք ստեղծելու չորրորդ՝ նախորդների թերություններից զերծ ՛՛Ոչ՛՛-ի ճակատը: Իսկ ինչո՞ւ ոչ, էդ ինչպե՞ս կարող է Ձեր նախկին աշխատակից Մ.Եսայանը դառնալ մարտնչող ՀՀԿ-ական, իսկ Դուք չեք կարող գոնե չեզոքացնել նրա կատարած ավերածությունները / նկատի ունեմ, իհարկե, քաղաքական ճակատում /:
    Թե՞ Ձեր ՛՛Ոչ՛՛-ը արդեն տրանսֆորմացիա է ենթարկվել…

  2. Մարգար Մախսուդյան says:

    Կուզենայի իմանալ, թե շինիչ առաջարկներով համեմված մեկնաբանությունս ինչո՞ւ է ՛՛արտաքսվել՛՛ կայքից, իսկ եթե գտել եք, որ դրանք ՛՛անհարիր են քաղաքակիրթ բանավեճին՛՛, ապա բարի եղեք ներկայացնել, թե հատկապես ո՛ր ՛՛հոդվածի՛՛ տակ է ընկել այն, որպեսզի մյուս անգամ նույն սխալը չկրկնեմ:
    Նախապես շնորհակալություն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մարգար ջան, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե խոսքը իմ հոդվածի շինիչ մեկնաբանության մասին է, ապա խնդրում եմ այն նորից զետեղել՝ ես դա անձամբ կդիտարկեմ եւ կա՛մ կհրապարակեմ, կա՛մ կբացատրեմ, թե ինչու չեմ հրապարակում: Եթե խոսքն այլ հոդվածների մասին է, խնդրում եմ դիմել Աննա Իսրայելյանին:

      • Մարգար Մախսուդյան says:

        Արամ ջան, իմ արձագանքը պայմանավորված էր մեկնաբանությունների տեղադրման ընթացակարգի խախտման հետ, քանի որ մեկնաբանություններն ուղարկելուց անմիջապես հետո նախ նստում են այսպես ասած պահեստայինների նստարանին, իսկ որոշ ժամանակ անց՝ թերևս կախված մոդորատորի զբաղվածությունից, հայտնվում կամ չեն հայտնվում ՛՛Մեկնաբանություններ՛՛ սյունակի ներքո:
        14:03 – ին արված հարցումս արեցի այն բանից հետո, երբ տեսա, որ 11:49 – ի մեկնաբանությունս ընդհանրապես անհաետացել էր կայքից, որից էլ ենթադրություն արեցի, որ այն՝ իր մի շարք նախորդների պես տեղափոխվել է ՛՛տուգանային հրապարակ՛՛, սակայն շուտով պարզվեց, որ հարցումս և մեկնաբանությունս գրեթե միաժամանակ հայտնվեցին կայքում: Կարծում եմ այստեղ կանխատեսելիության խնդիր կա, որն իհարկե լուծելի է: Ի՞նչ կարծիքի եք:

  3. gib.gibindus says:

    Ի՞նչ եղավ “Նովոռոսսիան”: Լուգանսկ և Դոնեցկ քաղաքների մոտ ստեղծվեց նոր երկիր` Լուգանդոնիա:

  4. Հրանտ Պապիկյան says:

    ՛՛Նովոռոսիա՛՛ ծրագիրը լիովին իր նախագծված գրաֆիկով գնում է: Ես Դոնեցկում ընկերներ ունեմ, և կարճ ասեմ՝ Դուք սխալվում եք այնտեղի իրավիճակի նկարագիրը տալուց: Իսկ ՛՛Սիրիա՛՛ նախագիծը իր բուն նպատակներից զատ, մի խնդիր էլ է լուծելու շուտով, և սա էլ հիշեք հաջորդ startup-ների համար:
    Պարզ և ԱԿՆԱՌՈՒ ձևով կներկայացվի, թե ինչ է նշանակում ռուսական զինուժի իրագործած ռազմական գործողությունը ռեալ-թայմով, և հարց կբարձրացվի՝ արդյո՞ք նովոռոսիայում կռվող ՛՛ռուսական բանակի՛՛ մասին հեքիաթները տեղին են, և իրոք այդ բանակի այնտեղ լինելու դեպքում քանի օրում ռուսները կհասնեին Կիեվ…
    Շատ հետաքրքիր շախմատ է ընթանում, որին ողջ աշխարկը շունչը պահած հետևում է: ՈՒ էդ ֆոնի վրա անցում է կատարվում դեպի ՀԱԿ… Հմայակ… Հայրիկյան… Մանուչարյան… ձանձրալի ու նաֆթալինոտ անուններ…
    Հիշեցի ՛՛Մենք ենք մեր սարերը՛՛ ֆիլմի հանճարեղ սկիզբը՝ աշխարհի կատաղի եռուզեռից կտրուկ անցումը դերի սարեր ու … ոչխարներ))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031