Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնչեց Սվիրիդովի երաժշտությունը

Հոկտեմբեր 15,2015 13:40

Այս տարի Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն աչքի է ընկնում համաշխարհային և հայաստանյան պրեմիերաների մեծ թվով։ Կազմակերպիչները տարբեր կոմպոզիտորների սիրված գործերին զուգահեռ հայ ունկնդրին հաղորդակից են դարձնում նոր ստեղծագործությունների հետ։ Այդպիսին էր հոկտեմբերի 14-ի կամերային համերգն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում կատարվեցին Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա` «Պետերբուրգյան երգեր» շարքը սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, բարիտոնի, բասի և դաշնամուրային տրիոյի համար՝ Ալեքսանդր Բլոկի խոսքերով, և «Հայրերի երկիրը» պոեմը տենորի, բասի և դաշնամուրի համար՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։

Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին են մասնակցում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին. «2014-ին մեր մասնակցությունը շատ հետաքրքիր էր. ելույթ ունեցանք երեք գործիքային կոնցերտներով՝ տրիոյի երաժիշտները հանդես եկան որպես մենակատար Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ հնչեցնելով Խաչատրյանի Ջութակի, Դաշնամուրի կոնցերտները և Թավջութակի համար գրված կոնցերտ ռապսոդիան։ Այս տարի արդեն կկատարենք Սվիրիդովի գործերը»։

Ջութակահար Կարեն Շահգալդյանը փառատոնի անցկացումը շատ լավ գաղափար է համարում. «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին, որ նրա մոտ նման ցանկություն է առաջացել։ Հայաստանում անցկացվում են հրաշալի համերգներ, սակայն Հայաստանի մշակութային կյանքը մշտական երաժշտական, համերգային գործունեության կարիք ունի տարբեր մակարդակներում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն և այլն։ Կարծում եմ՝ փառատոնի հիմնական գաղափարը հենց դա է՝ ապահովել տարբեր ժանրերի երաժշտության ներկայացումները։ Եվ ուրախ ենք, որ Խաչատրյանի անվան տրիոն հանդես է գալիս փառատոնի շրջանակներում հենց այս ծրագրով։ Սվիրիդովը մեծ կապ է ունեցել Հայաստանի հետ. հայտնի է, որ նա եղել է Ավետիք Իսահակյանի արվեստի երկրպագուն։ Ու պատահական չէ, որ այսօր ներկայացվելիք գործերից մեկը գրվել է հենց Իսահակյանի խոսքերի հիման վրա»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Առաջիկայում փառատոնի շրջանակներում սպասվում են հանդիպումներ մեծանուն երաժիշտների հետ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031