Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Կյոկչյանը վիրավորված է IOWA-ի անլուրջ վերաբերմունքից

Հոկտեմբեր 15,2015 19:00

«Ցանկացած մրցույթում հնարավոր է հասնել հաջողության, եթե ճիշտ ես պատրաստվում: Մեզ էլ կհաջողվեր հասնել, եթե չերգեի մի երգչուհու հետ, որն իրեն ոչ սթափ էր պահում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց «Նոր ալիք» մրցույթ­ում այս տարի Հայաստանը ներկայացրած երգիչ Գրիգոր Կյոկչյանը:

«Քանի որ Հայաստանն այս տարի հեռարձակման լիցենզիա ձեռք չէր բերել, ենթադրում էի, որ ինձ կպարտադրեն որոշ բաներ, բայց չէի կարծում, որ այդ ամենը վերջին օրով կլինի: Մրցույթում ամեն ինչ լավ էր ընթանում: Առաջին օրվա ելույթը տպավորիչ էր, իսկ ահա երկրորդ օրը խնդիրներ առաջացան: Պետք է զուգերգով հանդես գայի Սոնա Շահգելդյանի հետ, բայց իմ երկրի՝ լիցենզիա ձեռք չբերելու պատճառով զրկվեցի այդ իրավունքից: Կազմակերպիչների որոշմամբ՝ պետք է երգեի իրենց ընտրած երգը իրենց ընտրած արտիստի հետ:

Այդպես որոշվեց, որ մրցութային երկրորդ օրը IOWA-­ի հետ եմ ելույթ ունենալու: Թե´ ես, թե´ IOWA­-ն Իգոր Նիկոլաևի «Երկու աստղ» երգի մեր գործիքավորումներն ունեինք: Մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը պետք է որոշեր, թե որ գործիքավորումն է ավելի լավ, և ընտրեց իմը: Սակայն վերջին փորձի ժամանակ միանում է IOWA­-ի գործիքավորման տարբերակը, և ասում են, որ հենց դա պիտի կատարենք»,­- պատմեց Գրիգոր Կյոկչյանը:

Երգիչը վիրավորված է անարդարությունից և երգչուհու «անլուրջ վերաբերմունքից», սակայն չի մտածում այս մրցույթին այլևս չմասնակցելու մասին:

Ասաց, որ դրանից հետո որոշել է հրաժարվել «Նոր ալիք»­-ին մասնակցելուց, բայց մի քանի պատճառներ նրան հետ են պահել այդ որոշումից. «Սկանդալ կլիներ, և Հայաստանը հետագայում այդ մրցույթին մասնակցելու իրավունք չէր ունենա: Հրաժարվելն իմ կողմից էգոիզմի դրսևորում կլիներ: Բացի այդ, հրաժարվելու դեպքում խաչ կքաշեի այդ տարածաշրջանում գործունեություն ծավալելու վրա»,- ասաց երգիչը:

Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 2­-11­-ն անցկացվեց երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը գրավել է 7­-րդ հորիզոնականը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031