Լրահոս
Օրվա լրահոսը

 «Սև ծովից-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի իրագործման ճանապարհին»

Հոկտեմբեր 19,2015 14:55

«Իրան-Արևմուտք հարաբերություններում լարվածության թուլացմանը զուգահեռ, Իրանը ակտիվացնում է իր կողմից վարվող քաղաքականության վեկտորը հարևանների՝ մասնավորապես Հայաստանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Նարեկ Պողոսյանն`անդրադառնալով Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցին, հանդիպումներին, պայմանավորվածություններին, Իրան-Հայաստան գործարար համաժողովի արդյունքներին:

«Իրանը չի թաքցնում, որ լուրջ հավակնություններ ունի տարածաշրջանում իր ազդեցությունը ուժեղացնելու և տրանսպորտային առանցքային ուղի ձևավորելու խնդրի շուրջ: Իրանական կողմը հատկապես կարևորում է Իրան-Հայաստան-Վրաստանից դեպի Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը»,- ասում է միջազգայնագետը:

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպումների շրջանակում, հիշեցնենք, անդրադարձ է եղել այս հարցին: Իրանական պատվիրակության կազմում ընդգրկված Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ: «Սա կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ այն ելք չունի դեպի ծով և կարող է օգտագործել այս միջանցքը Պարսից ծով դուրս գալու համար: Մենք նույնպես կարող ենք օգտագործել այս միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, Սև ծով դուրս գալու համար»,- հավելել է Աբաս Ախունդին:

«Հարկ է նշել, որ Պարսից ծոցից Սև ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծումը աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ է խոստանում տարածաշրջանում: Ծրագրի իրագործման դեպքում տարածաշրջանում ծանրության նժարը կթեքվի Իրանի կողմը և արդյունքում կթուլանա թուրք-ադրբեջանական գործոնը՝ հատկապես այն պարագայում, երբ Թուրքիան այսօր ունի բազմաթիվ ներքին խնդիրներ՝ այդ թվում նաև քրդական հարցը: Իրանը հնարավորություն կստանա օգտագործել իր ողջ էներգետիկ և արտադրական ներուժը և արդյունքում առանցքային դերակատարություն ստանձնել միջանցքի կենսունակության ապահովման հարցում»,- կարծում է Նարեկ Պողոսյանը:

Ըստ նրա, մյուս կողմից էլ, Հայաստանը կկարողանա թոթափել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման դառը հետևանքները՝ այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական կողմը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու համար. «Հայաստանը հնարավորություն կստանա ստանձնել կապող օղակի դեր՝ Իրանի համար Սև ծով դուրս գալու համար, միևնույն ժամանակ դուրս գալ Պարսից ծոց, ինչու չէ՝ նաև Հնդկական օվկիանոս, ինչը տնտեսական առումով Հայաստանի համար լայն հորիզոն է ընձեռում»:

Միջազգայնագետը հավելում է, որ միևնույն ժամանակ, տրանսպորտային միջանցքի ստեղծման պարագայում Վրաստանը նույնպես կկարողանա կապ հաստատել Պարսից ծոցի հետ, ինչպես նաև՝ դիվերսիֆիկացնել իր տարածքով անցնող տարածաշրջանային ուղիները և նվազեցնել իր վրա թուրքական և ադրբեջանական կողմերի ազդեցությունը: Բացի այդ, Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Բուլղարիան ընդհանուր տարանցիկ ուղի և տնտեսական դաշտ ստեղծելու հնարավորություն կստանան, որը կկազմի դեպի Չինաստան տանող նոր «Մետաքսի ճանապարհի» հարավային հատվածը:

Մեր զրուցակիցը նշում է, որ Սև ծովը Պարսից ծոցին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար առաջնահերթ է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որին անդրադառնալով Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին նշել է. «Երկաթուղու կառուցման աշխատանքի մեծ մասը պետք է արվի Հայաստանում, մենք վստահեցրել ենք հայկական կողմին, որ երբ 3 միլիարդ դոլար ներդրման 1/3-րդը արդեն կատարված լինի, իրանական հատվածի երկաթգիծը մենք կկառուցենք»:

«Պետք է փաստել, որ չինական կողմը արդեն իսկ սկսել է ուսումնասիրել երկաթգծի նպատակահարմարությունը, և եթե այն շահավետ գնահատվի, ապա Պեկինը կֆինանսավորի 3.2 միլիարդ դոլար գնահատվող նախագիծը: Հայաստանը այս հարցում խնդիր ունի առավել հետևողական աշխատել ծրագրի բոլոր կողմերի հետ, պայմաններ ստեղծել, որպեսզի ծրագրի մյուս կողմերը՝ հատկապես իրանական կողմը ևս Չինաստանին ներկայացնի ծրագրի իրագործման շրջանակներում երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է չինական կողմին իր ողջ հնարավորություններով ի ցույց դնել երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը և ընձեռած հնարավորությունները՝ հատկապես այն պարագայում, երբ չինական կողմը, ունենալով Եվրոպան Չինաստանին տարանցիկ ուղիով կապելու հավակնոտ ծրագիր, վաղ թե ուշ ստիպված է լինելու մասնակցություն ունենալ այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ծրագրի իրագործումը գործնական նշանակություն է ստացել, որից դեպի իրագործում`մեկ քայլ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031