Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի համար նշանակություն չունի՝ այս կամ այն կոթողը հայկակա՞ն է, թե՞ իրանական». Մաջիդ Մեշքին

Հոկտեմբեր 28,2015 17:12

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի սկզբի հայկական կոթողների ու բնակավայրերի լուսանկարները:

Նախաձեռնությունը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան մշակույթի կենտրոնինն է, իսկ ծրագիրն իրականացվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի օգնությամբ:

«Մինչև հիմա նույնիսկ Վրաստանի կողմից երբևէ չի նախաձեռնվել այնտեղ գտնվող հայկական հուշարձանների ցուցահանդես: Այնպես որ, սա բացառիկ մի բան է մեր հարևանների պարագայում: Այն բարյացակամ, ջերմ վերաբերմունքը, որ ես ինքս զգում եմ Իրանի կողմից մեր հուշարձանների նկատմամբ, շատ ուրախացնող է ու օրինակելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Իրանի ժողովրդի համար հայերը հյուր չեն և ոչ էլ՝ երկրորդ կարգի քաղաքացի: Նրանք լիարժեք քաղաքացի են, ուստի պետք է հարգվեն նաև նրանց արժեքները»,- ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքինը՝ ընդգծելով, որ հայկական մշակութային արժեքների նկատմամբ ուշադրությունն առաջին հերթին հենց դրանից է գալիս: «Ինչպե՞ս կարող ենք մենք չհարգել հայերի մշակութային հարուստ ժառանգությունը, երբ նրանք մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում ու նաև բազմաթիվ ճարտարապետական կոթողներ են ստեղծել հենց իրենց ձեռքերով»,- հավելեց նա:

Մաջիդ Մեշքինը փաստում է՝ Իրանում հայկական կոթողներն այնքան շատ են, որ դրանք կարելի է անվերջ նկարել ու բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպել: Նա հուսով է, որ «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը շարունակական կլինի, և տարեկան գոնե մեկ անգամ կկազմակերպվի նման ցուցահանդես:

«Ուզում եմ հատուկ նշել, որ ԻԻՀ-ի համար նշանակություն չունի՝ այս կամ այն կոթողը հայկակա՞ն է, թե՞ իրանական: Նույն ուշադրությունն ու հոգատարությունը, որ կա իրանական մշակութային ժառանգության նկատմամբ, առանց չափազանցության, կա նաև հայկականի նկատմամբ: Կարևորը ոչ թե կոթողի պատկանելությունն է, այլ արժեքը»,- շեշտեց Մաջիդ Մեշքինը:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս: Նախատեսվում է դրանից հետո ցուցադրություն կազմակերպել նաև Թեհրանում: Դեռ հստակ չէ, բայց այս ցուցադրություններից հետո լուսանկարները, ամենայն հավանականությամբ, կպահվեն Երևանի Կապույտ մզկիթում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031