Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դիմեց Սերժ Սարգսյանին. «Հասկանալի է, որ դուք հիմա խուճապի մեջ եք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 16:41

ԱԺ-ում շարունակվում է 2016-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում սկսեց խոսել հանրաքվեի մասին՝ ասելով, որ գործող իշխանությունները, չնայած օգտագործեցին իրենց ողջ զինանոցը ընտրությունները կեղծելու համար, այնուամենայնիվ ստացան իրենց գնահատականը:

ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ընդհատեց պատգամավորին՝ ասելով. «Դուք ոնց որ խառնել եք, սա պետական բյուջեի քննարկումն է»:

Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա երկրի վերաբերյալ ամենաքաղաքական փաստաթուղթն է ու ոչ մի բան էլ չի խառնել. «Խնդրում եմ մի ընդհատեք, լա՞վ, այլեւս չընդհատեք, դուք դրա իրավունքը չունեք»:

Հետո Զարուհի Փոստանջյանն  անդրադարձավ միջազգային դիտորդների գնահատականներին.  Սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը խորհրդարանական համակարգի, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց իշխանության մնալու նախագահի երկրորդ եւ վերջին ժամկետի ավարտից հետո: Ասվում է, որ տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ: Հիմա այս համատարած ընտրակեղծիքների հետեւանքով այս իշխանություններին դեմ քվեարկած հասարակությունը չի համակերպվելու այս իրավիճակի հետ եւ այս բյուջեն, որը մեզ ներկայացվում է, մեր հանրության համար լինելու է լրացուցիչ ճգնաժամի պատճառ, ավելի քաղցած են մարդիկ լինելու, ավելի է խորանալու արտագաղթը: Ըստ տիկին Փոստանջյանի, պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Նա նշեց, որ կես մլն մարդ եկավ ընտրատեղամաս եւ գաղտնի քվեարկությամբ ասաց իր ոչ-ը, հիմա չպետք է սպասել, պետք է դուրս գալ հրապարակ:

Հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց Սերժ Սարգսյանին. «Հասկանալի է, որ դուք հիմա խուճապի մեջ եք, հասկանալի է, որ քաղաքական կոնսենսուս ՀՀ-ում չկա, քաղաքացիները ձեզ այլեւս չեն վստահում, բայց պետք չի դա անընդհատ նշել եւ ավելի վատթարացնել ձեր վիճակը»:

Նա կոչ արեց քաղաքացիներին հրաժարվել կարմիր գծերի, արագաչափերի տուգանքները վճարելուց, քանի որ այդ ամենը մտնում է Սերժ Սարգսյանի գրպանը. «Սերժ Սարգսյանի այդ տուգանքներն էլ անարդար են, եթե դուք ստանում եք 50 հազար դրամ, տուգանքները չեն կարող կազմել 500 հազար»:

Հերմինե Նաղդալյանը ողջ ելույթի ընթացքում այլեւս չընդհատեց Փոստանջյանին, իսկ ելույթից հետո արձագանքեց. «Սերժ Սարգսյանի անունը շուտ-շուտ տալով՝ մարդիկ լուծում են իրենց պոպուլյարությունը բարձրացնելու խնդիրը»:

Նա նշեց, որ այդ հայտարարությունը հանրաքվեի հետ կապված ոչ թե ԵԽ-ի անունից է հնչել, այլ՝ ԵԽԽՎ-ի 3 անդամների ներկայության անունից. «Ես կարծում եմ, որ խուճապի մեջ են նրանք, ովքեր անընդհատ իրար կոչ են անում չհուսախաբվել: Իշխանությունը նման խնդիր չունի: Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, հաստատ ավելի մեծ տուգանքների ու տոկոսների տակ կընկնեք, դա լավ խորհուրդ չէ իրականում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031