ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրապարակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն դրամ կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ տպարանային ծախսերի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին , մարզպետարաններին, համայնքներին:
Կառավարության որոշմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգն ու պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ: Ներկայումս Հայաստանում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի և, հետևաբար, սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը:
Կառավարության որոշմամբ, «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կհատկացվի համապատասխան գումար՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված Հասարակական (վարչական) համալիրի շինաշխատանքների վերջնական վճարումը կատարելու համար: Մեկ այլ որոշմամբ, վերոնշյալ հասարակական համալիրի կահավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել կահույքի ձեռքբերման պայմանագրում:
Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կարգավորումներ նախատեսելով փոքր և միջին խմբային ընկերությունների հիմնման և գործունեության վերաբերյալ: ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը: Այս բարեփոխումների շրջանակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ աշխատանքներն արդեն իսկ գտնվում են ընթացքի մեջ: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում քաղաքացիական օրենսդրության կարգավորումները համապատասխանեցվելու են մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:
Կարդացեք նաև
Գործադիրի համապատասխան որոշմամբ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների 2015թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ: «Մյուս տարվա, ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Այդ կապակցությամբ մեզ մոտ հիմա մշակվում է ճանապարհորդային քաղաքականությունը: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն ,սիրով, հիմա հենց այն փուլն է, երբ պետք է ընդունենք: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն` տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Գործընթացը կմշակվի:
Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:
Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ թռիչք է և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա: Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին: Սրանք են հիմնական կանոնները, պարոն վարչապետ»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Վարչապետն առաջարկել է բոլորի գրավոր կարծիքներն ունենալուց հետո այդ հարցը քննարկել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ