Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն Հանրային խորհրդում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ

Հունվար 13,2016 17:27
zvartnoc

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Գրիգոր Ազիզյանը տեղեկացրել է, որ Կոնցեսիոները Երևանի քաղաքապետարան է ներկայացրել օդանավակայանի վերափոխման նոր նախագիծ, որտեղ ներկայացված է հին ուղևորային համալիրը մասամբ քանդելու հարցը: Ներկաները մտահոգություն են հայտնել հարցի վերաբերյալ` նշելով, որ կան չքննարկված տարբերակներ շենքի ամբողջական պահպանման առումով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է առաջիկա օրերին Հանրային խորհրդում կազմակերպել լայն քննարկում` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր նախագիծը, փորձել գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար:

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թ. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:

Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկեց հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև ՀԽ լիագումար նիստում (13.11.2013թ.) դեմ արտահայտվեց քանդմանը՝ Կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշներից մեկը:

Հարցը կրկին բարձրացվեց 2015 թվականին, երբ կոնցեսիոները շենքի վերակառուցման նոր նախագիծ ներկայացրեց: 06.06.2015թ. Հանրային խորհուրդը ՀՀ կառավարությունից ստացավ նամակ (այն ուղղված էր նաև պետական մի շարք մարմինների) քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակը: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:

24.07.2015-ին Հանրային խորհուրդը որոշում կայացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր տարբերակի վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված էր. «Արժևորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված Կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաև հին ուղևորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը՝ Հանրային խորհուրդը որոշեց.

1. Դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:

2. Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031