Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը պարտավոր է ապահովագրել զինվորի կյանքը. Կա ֆինանսավորման կոնկրետ աղբյուր». Արա Պապյան

Հունվար 19,2016 18:16

Պաշտոնական պատասխանի և հասարակական քննարկման ակնկալիքով

Երբ 1994-ի մայիսին հայկական կողմերը տեղի տվեցին արտաքին ճնշումներին ու Ադրբեջանի լալահառաչ թախանձանքին և վերջինիս հետ ստորագրեցին զինադադար, հայերը, երևի, կարծում էին, որ մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի կնքել բանակցված և փոխզիջումների վրա խարսխված խաղաղության պայմանագիր: Ինչքանով էր արդարացված այդ իրավիճակում զինադադարի կնքումը՝ առանձին հարց է, որը կարոտ է մանրակրկիտ ուսումնասիրության և հարցի վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ լինել: Անձամբ ես կարծում եմ, որ առանց լուծելու հայկական կողմի առջև ծառացած ստրատեգիական նպատակը՝ այն է Ադրբեջանին նավթի և գազի արտահանման ճանապարհներից զրկելը, զինադադարի կնքումը ժամանակավրեպ էր: Ներկայումս ակնհայտ է, որ զինադադարը չի ծառայել և չի ծառայում իր բուն նպատակին՝ խաղաղության հաստատմանը: Ադրբեջանը զինադադարը և գազի ու նավթի արտահանման բաց ճանապարհներն օգտագործեց և դեռ օգտագործում է հսկայական դրամական մուտքերի, հետևաբար նոր զինատեսակներ ձեռք բերելու և պատերազմը շարունակելու համար: Ըստ այդմ, զինադադարի կնքման հայկական կողմի հիմնական փաստարկը՝ նորանոր զոհերից խուսափելը, չարդարացրեց իրեն: Ադրբեջանին զինադադարի մշտական պարտադրումը ծանր բեռի նման ընկած է Հայաստանի ուսերին: Ի դեպ, զինադադարը ստորագրելիս հայկական կողմերը թույլ տվեցին մեկ էական սխալ ևս՝ նրանք զինադադարի պայմանների մեջ չներառեցին ապառազմականացված չեզոք 3-5 կմ լայնությամբ գոտու առկայության պահանջ: Նման գոտու բացակայությունը այժմ թանկ է նստում կողմերի վրա՝ ամեն տարի երկուստեք լինում են բազմաթիվ զոհեր: Զինադադարի կնքումից ի վեր Հայաստանի զինված ուժերն ունեցել են հետևյալ մահացու կորուստները. (տվյալները ոչ պաշտոնական են, բայց շատ մոտ են իրականությանը).

Aghyusak

Իհարկե, այս թվերն անհամեմատելի են պատերազմի տարիների (1991-1994թթ.) զոհերի թվի հետ, երբ տարեկան զոհվում էր միջինում 1500 հոգի: Այսուհանդերձ, ամեն մի զոհ մեզ համար խիստ թանկ է և անփոխարինելի: Անշուշտ, մարդկային կյանքն անգին է ոչինչ չի կարող փոխարինել զոհված զավակին, հորը կամ ամուսնուն: Բայցևայնպես, կարծում եմ, որ, նախ և առաջ պետության, ապաև հասարակության պարտքն է մեղմելու կորստի հետևանքները: Հատկապես, երբ ակնհայտ ու դառը ճշմարտություն է, որ զոհվողներ ճնշող մեծամասնությունը անապահով ընտանիքներից են: Վերջին շրջանում հասարակական որոշ նախաձեռնություններ փորձ են անում դրամահավաքների միջոցով որոշակի աջակցություն ցուցաբերել զոհվածներին ընտանիքներին: Իհարկե, սա հասարակական համերաշխության առումով կարևոր է, և թերևս պետք է շարունակել, բայց նման բարի ցանկությունն ունի նաև բացասական հետևանք՝ ավելացնում է պետականազուրկ ժողովուրդ լինելու զգացողությունը և քայքայում է պետականության հիմքերը: Հասարակությունն արդեն իսկ հարկեր է վճարում պետությանը և պետություն որպես բարեխիղճ տնտես պիտի ճիշտ տնօրինի այդ գումարները և այդ դեպքում վստահաբար լրացուցիչ միջոցներ ի հայտ կգան:

Հիմա անցնեմ բուն առաջարկին: Պետությունն ապահովագրում է պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաները: Մի կողմ թողնենք այն հարցը՝ թե ինչու՞ են ծառայողական ավտոմեքենաներն այդքան շատ ու այդքան թանկ: Ապահովագրելը, երևի, ճիշտ է, քանի որ առանց ապահովագրման ավտոմեքենան չի կարող երթևեկել, որովհետև ակնհայտ է՝ վթարներ միշտ լինելու են, հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու դրանց հետևանքների վերացումը: Նույն պետությունը իր մոտ զինվորական ծառայության է տանում 18 տարին լրացած արական սեռի իր քաղաքացիներին, որոնց պահելուն ու մեծացնելուն, ճիշտն ասած, պետությունը գրեթե մասնակցություն չի ունեցել: Հիմա հարցը՝ իսկ ինչու՞ չի ապահովագրում նրանց կյանքը և առողջությունը: Նամանավանդ պարզ է, որ կռվող բանակում պատերազմական զոհեր լինելու են: Միթե՞ հայրենիքին ծառայող զինվորի կյանքը պակաս կարևոր է, քան ծառայողական ավտոմեքենան: Կրկնում եմ՝ մարդկային կյանքն անգին է և ոչ մի գումար չի կարող փարատել կորուստը: Բայց երբ տեսնում ես, թե հոգեկան ծանր վիճակին զուգահեռ ինչպիսի ծայրահեղ ծանր ու կարոտալի վիճակում են հայտնվում զոհվածների ընտանիքիները, հասկանում ես՝ պետությունը պարզապես պարտավոր է ապահովագրել զինվորի կյանքը: Այստեղ բնականաբար միանգամից հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց փող: Իհարկե ես կարող էի ասել՝ թող կրճատեն, օրինակ, Ֆինանսների նախարարության ճոխ-ճոխ ծախսերը Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա, թող կրճատեն պետական ծառայողական ավտոմեքենաների թիվը, թող կրճատեն Կենտրոնական բանկի ծախսերը, և լիքը նման բաներ, բայց չեմ ասում:

Ես պարզապես ցույց եմ տալիս մի շատ տրամաբանական լուծում՝ ֆինանսավորման մի կոնկրետ աղբյուր:

2010թ. ՀՀ ոստիկանությունն ունեցել է 15 477 ծառայող, դրանից ընդամենը հինգ տարի առաջ 8875 հոգի: Վերջին տվյալներով (2013թ.) Հայաստանում կա 18 333 ոստիկան: Հինգ տարի առաջ՝ 2010թ. ՀՀ ոստիկանության բյուջեն եղել է 35,2 մլրդ դրամ, 2016թ. համար նախատեսված է 59,3 մլրդ դրամ: Տարբերությունը՝ 24,1 մլրդ դրամ: Ներկա փոխարժեքով՝ (1$US = 480 դրամ) ավելի քան 50 մլն, ԱՄՆ դոլար: Միայն վերադարձը ՀՀ ոստիկանության 2010թ. թվաքանակին և բյուջեին հնարավորություն կտա տնտեսելու տարեկան 50 մլն ԱՄՆ դոլար: Ահա ձեզ զինվորականների կյանքի ապահովագրման գումարի աղբյուրը:

Անցյալ տարի ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր՝ 75 հոգի: (տես վերևի ցուցակը) Եթե ամեն զոհի համար որպես կյանքի ապահովագրական գումար միանվագ վճարվի, ասենք, 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (սա ի լրումն պարբերաբար վճարվող զանազան նպաստների), ապա դա կանի ընդամենը 750 հազար դոլար, վերոնշյալ 50 մլն-ի ընդամենը 1.5%-ը:

Իսկ ի՞նչ պետք է անել մնացած 48.5 մլն. ԱՄՆ դոլարը: Այդ գումարով պետք է արդիականացնել ռազմաճակատային գծի ազդանշանային համակարգը և դիտարկում իրականացնող միջոցները: Եթե ամեն գծամետր սահմանի վրա ծախսվի 1000 (հազար) ԱՄՆ դոլար, (պատկերացնում եք, թե ինչքան բան կարելի է անել յուրաքանչյուր կմ վրա մեկ մլն. դոլար ծախսելով) ապա 48,5 մլն. դոլարով հնարավոր կլինի արդիականացնել 48,5կմ ռազմաճակատային գիծ: Այսինքն, 5-6 տարվա մեջ մենք կունենանք լրիվ այլ պատկեր և՛ անվտանգության և, հատկապես, զոհերի թվի էական կրճատման առումով: Սա նաև հնարավորություն կտա լուծել Հայաստանի ժողովրդագրական վիճակից ծագող մի շարք խնդիրներ ևս, որոնք անհաղթահարելի են թվում ներկայումս:

Կարծում եմ Օպերայի շրջակայքի կամ Բաղրամյան փողոցը վերահսկող ոստիկանի աշխատանքը երկրի համար պակաս կենսական է, քան Հայրենիքի սահմանները հսկող զինվորի կյանքը կամ զոհվելու դեպքում նրա ընտանիքին գոնե մի փոքր նեցուկ կանգնելը: Ի վերջո` մենք ապրում ենք ապահով Հայաստանում, իսկ ապահով երկում ի՞նչ ենք անում այսքան ոստիկան:

Արա Պապյան,

Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միանգամայն համաձայն եմ Արա Պապյանի հետ: Ես նույնը արդեն մի քանի տարի է գրում եմ՝ իմ մեկնաբանություններում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031