Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու արջ պահելն ի՞նչ է, որ աշխարհով մեկ խայտառակ եղանք». Գյումրու գազանանոցի տերը ծանր հոգեապրումների մեջ է (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 20,2016 18:04

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգու ահավոր վիճակին երեկ անդրադարձ է կատարել բրիտանական DailyMail-ը՝ այն անվանելով աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին:

DailyMail-ի անդրադարձը մեծ իրարանցում է առաջացրել աշխարհով մեկ. բրիտանական պարբերականն իր էլեկտրոնային կայքում տեղադրել էր Aravot.am-ի պատրաստած տեսանյութը կենդանաբանական այգուց, բազմաթիվ գործարարներ ու մտահոգ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից նամակներ են գրում մեր խմբագրություն՝ առաջարկելով իրենց օգնությունը:

Երեկ Aravot.am-ի հետ կապվեց նաև ամերիկյան CBS հեռուստաընկերությունը՝ խնդրելով օգտագործել մեր նյութն ու փորձել օգնություն կազմակերպել կենդանիների համար:

Ինչևէ, սկսվել է անգամ դրամահավաք՝ «Օգնենք փրկելու Գյումրու կենդանիներին» ֆեյսբուքյան էջում, ավելացել են «SOS Gyumri Zoo Animals» ֆեսյբուքյան խմբի անդամները:

Gyumri_zoo_17 Gyumri_zoo_16 Gyumri_zoo_15 Gyumri_zoo_14 Gyumri_zoo_13 Gyumri_zoo_12 Gyumri_zoo_11 Gyumri_zoo_10 Gyumri_zoo_9 Gyumri_zoo_8 Gyumri_zoo_7 Gyumri_zoo_6 Gyumri_zoo_5 Gyumri_zoo_4 Gyumri_zoo_3 Gyumri_zoo_2 Gyumri_zoo_1 Gyumri_zoo_18

Իսկ այսօր վաղ առավոտից Գյումրու կենդանաբանական այգի նկարահանող խմբերի ու առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների հոսքը չի դադարում, վերջիններս գալիս, լուսանկարում են կենդանիներին, ճշգրտումներ են կատարում ու հեռանում:

Չնայած միջազգային աղմուկին՝ կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանը, որը վատառողջ է, տնից չի կարողանում դուրս գալ, տեղյակ չէ այս ամենին: Նա մեզանից լսելով միջազգային անդրադարձի մասին, և ուրախացավ, և շատ տխրեց՝ նշելով, որ աշխարհով մեկ խայտառակ եղանք: «Իմ հետ դեռ կապ հաստատող չի եղել, ես տեղյակ չեմ, ձեզանից եմ լսում, բայց ասեմ, որ հիմա հրաշալի մի տղա կա՝ Արսեն Վարդանյանը, որը կամավոր է, գալիս, կերակրում է իմ կենդանիներին: Արսենից բացի՝ ոչ մեկը ոչինչ չի անում, պետական մակարդակով ոչինչ դեռ չեն արել, չնայած գիտեք, որ բնապահպանության նախարարությունը հանձնաժողով էր ստեղծել: Միակ գործ անողները Արսենն ու իր կամավորներն են:

Բժշկական փաստաթղթեր ենք պատրաստում, որ արջերին ուղարկենք Ռումինիա, համաձայնություն ենք տվել արդեն, այնտեղի կենդանաբանական այգուն ենք տալու, իրենք 50-60 հատ արջ ունեն, հավաքում են արջերին: Սպասում ենք, որ գան, արջերին տանեն, բայց առյուծների ճակատագիրը դեռ հայտնի չէ:

Էնքան տխուր եմ, չեք պատկերացնի, ախր իմ պահած կենդանիներ են, ծնվել են Գյումրու գազանանոցում, չեմ ուզում սատկեն, իհարկե, չեմ էլ թույլ տա, որ սատկեն, բայց գոնե մի քիչ տեր լինեին, պահեինք Հայաստանում: Ամոթ չէ՞, ամբողջ Հայաստանով չկարողացանք 3 առյուծ ու երկու արջ պահեինք: Հայաստանն էնքան չունի-չունի, որ 5 կենդանի չի՞ կարող պահել: Խայտառակ եղանք, ես էսպես վատ երբեք չէի եղել, երկու արջ չեք կարող պահել, քաղաքապետն է, մեր վարչապետն է…Սա ուրախանալու թեմա չէ, որ աշխարհն է խառնվել իրար:

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն պարոն Խաչատրյանը համարվում է վայրի կենդանիների ֆոնդի անդամ, ախր ոնց եք պաշտպանում. որ կենդանին սովից սատկի, դուրսը մնա, չեք ուզում օգնենք: Գոնե մի ճար անեիք, տեղափոխենք Երևանի կենդանաբանական այգի, այնտեղ բժիշկ կա, պայման, օրական տաս հազար դրամ է նստում ամեն մի կենդանին, դրա եղածն ի՞նչ է, որ սաղ աշխարհով խայտառակ եղանք: Դուք 7-8 հատ առյուծ եք պահում, արել- չէր արել էդ մեր երկու առյո՞ւծն էին արել, ձեր մոտ որձերն են, իմ մոտ էգերն են, դա քո համար ի՞նչ է, որ չես տանում: Չեմ ուզում տանեն իմ կենդանիներին, չեք պատկերացնի ինչքան վատ եմ»,- ասաց սեփականատերը:

Այսօր այցելելով կենդանաբանական այգի՝ աշխատակից Հովհաննես Մադոյանից տեղեկացանք, որ արջերից մեկը՝ Միշան, նոր առողջացել, սառած կաղամբից կենդանին վատացել էր: Շատ են տանջվել արջի առողջական վիճակը նորմալացնելու համար. 5 օր անքուն գիշեր են անցկացրել, կաթ, դեղ, ձու են տվել, որ ոտքի կանգնի:

Գազանանոցի աշխատակից Հովհաննես Մադոյանն ասաց, որ չնայած կամավոր Արսեն Վարդանյանն անընդհատ կեր է հայթայթում, բայց ստիպված են առյուծներին մեկ անգամ կերակրել, որ բավարարի: Ստիպված կերակրում են ժամը 16.00-ից հետո, որ կշտանան ու գիշերը չմրսեն, եթե սոված եղան, կմրսեն:

Ըստ Հովհաննես Մադոյանի, արջերի կերն էլ չի բավարարում, տարբեր կերակրատեսակներ պետք է տաս, որ չհիվանդանան: Նա նեղվեց, որ հիմա մանկապարտեզներն էլ չեն աշխատում, որ գոնե արջերի համար լափ խնդրեն:

Այգու աշխատակիցը ևս նեղսրտում է, Արմավիրի պես փոքր քաղաքը կենդանաբանական այգու ունի, իսկ Գյումրու այգուն տիրություն չեն անում:

Մենք զրուցեցինք նաև ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային ներկայացուցիչ, կամավոր Արսեն Վարդանյանի հետ: Նա ասաց, որ տեսնելով կենդանիների վատ վիճակը՝ 2-3 ամիս առաջ ստեղծել են նախաձեռնող խումբ՝ «Փրկենք կենդանիներին» անվամբ: Այժմ հայկական բնապահպանական համացանցի՝ Armenian Envoirimental network-ի ներկայացուցիչ Սեդա Օզմենյանի ու Իսպանիայում բնակվող մեր հայրենակցի օգնությամբ կարողանում են որոշ քանակությամբ սնունդ՝ միս ու բանջարեղեն հայթայթել:

Ընդ որում, միսը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր բժշկական ստուգում պետք է անցած լինի, որ իրենք վերցնեն: Գնում են գյուղեր սնունդ հայթայթելու համար, երեկոյան ժամերին էլ՝ շուկա, որպեսզի վաճառքի ոչ պիտանի, սակայն թարմ վիճակում գտնվող ձկներ հավաքեն կենդանիների համար: «Ներկայումս առաջ են եկել խնդիրներ կենդանիների առողջական վիճակի հետ կապված. մարսողության, առյուծի ճիճվաթափության հետ կապված հարց ենք ունեցել, ձեռք են բերել դեղամիջոցներ: Կատարվել են բուժումներ մասնագետների խորհրդատվությամբ», -ասաց Արսեն Վարդանյանը:

Նա ասում է, որ այս ամենը բարի կամքի դրսևորում է, չի կարող հարատև լինել, պետք է կենդանիներին փրկելու միջոց գտնել:

Արսեն Վարդանյանը ևս խոսեց այն մասին, որ կնքվել է պայմանագիր արջերին Ռումինիայի տեղափոխելու համար, սակայն գործընթացը ձգձգվում է կենդանիների անձնագրեր չունենալու պատճառով:

Արսեն Վարդանյանը նաև ասաց, որ բրիտանական DailyMail-ի հրապարակումից հետո նոր թափ ստացավ արձագանքը, սակայն մեր զրուցակիցը զարմանում է՝ մի՞թե միջազգային մամուլը պիտի անդրադառնար, որ Հայաստանում մարդիկ ուշադրություն դարձնեին ու արձագանքեին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031