Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Բանակում զոհերի թիվն անհնար է ինչ-որ կերպ կեղծել»

Հունվար 27,2016 13:38

Այսօր «Մեդիա» կենտրոնում, «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2015 թ.-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրեց հասարակական հատվածի մոնիտորինգի պատկերը ՀՀ զինված ուժերում: Կազմակերպությունն արդեն հրապարակել է իր մոնիտորինգի տվյալները: Ըստ այդմ՝ 2014 թվականին բանակում մահացության դեպքերը 46-ն են եղել, 2015-ին 76 դեպք է գրանցվել. 41-ը մահացել է`սահմանային լարվածության արդյունքում: 2014-ին 26 զինվոր է այս պատճառով մահացել:

ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներով, 2015 թվականին բանակում եղել է մահացության 57 դեպք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ծառայության հետ անմիջական կապ չունեցող դեպքերը պետք չի դիտարկել ծառայության ժամանակ եղած զոհերի թվում: Օրինակ`պատահարներ, ինսուլտ, ինֆարկտ: Ես իրենց դաշտում թիվ եմ հանդիպել, որտեղ ներառված է նաեւ ԱԱԾ-ի մահացած զինվորի դեպքը: Զոհերի թիվն անհնար է ինչ-որ կերպ կեղծել, քանի որ բոլորն էլ բաց աղբյուրներից են օգտվում»:

Zara_Hovhannisyan+Sakunc

2013-ից հետո, ըստ Արթուր Սաքունցի, մահացությունների դեպքերը բանակում ավելացել են: «Ամեն ինչ չի, որ կարելի է վերագրել հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը: Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ են ձեռք առնվել, այդ թվում նաեւ՝ զինվորների պատրաստվածության, տեխնիկական անվտանգության, կարգապահական պատրաստվածության եւ այլն: Սա մտահոգության տեղիք է տալիս: Վերջին շրջանում նաեւ տեխնիկական պատճառներով`ավտովթարներ եւ այլն, մահերն են ավելացել: Դա էլ է մտահոգում: Նվազում կա ոչ պատշաճ բժշկական ծառայության պատճառով մահերի թվում: Տվյալներ չունենք ընդհանրապես բուժզննության որակի, մակարդակի մասին»,- ասաց Արթուր Սաքունցը` բարձրացնելով նաեւ ծառայողական քննությունների արդյունավետության հարցը, քանի որ կարգապահական խախտումների մասով ծառայողական քննություններից հետո դեպքերը, միեւնույն է, կրկնվում են:

«Համաձայն եմ, պետք է անընդհատ բարելավել մարտական ծառայությունն իր ամբողջականության մեջ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը`հավելելով, որ ՊՆ-ն չի փորձում հակառակորդի ակտիվությամբ կամ տեխնիկական պատճառներով բանակում եղած մահերը սրբագրել: «Գրեթե 57 մահերն էլ հակառակորդի գործողություններով են պայմանավորված, բայց ՊՆ-ում երբեւէ որեւէ մեկը չի փորձել դա օգտագործել: Իսկ 2013-ը եղել է հակառակորդի ամենապասիվ տարին եւ ՀՀ ՊՆ-ի պատրաստվածության եւ հակազդեցության ամենալավ տարին: Դու կարող ես այնպիսի բլինդաժ սարքել քո զինվորի համար, որ ամբողջապես պաշտպանես նրան դիպուկահարից, բայց 2015-ին արդեն հրետանին էր կրակում եւ ստացվում է, որ քո ջանքերն անարդյունք են եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031