Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ժամը 4-ը ժամանակ տվեցին ոստիկանությանը

Հունվար 27,2016 15:25

«Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը Ազատության հրապարակից գիշերը բերման ենթարկված ակտիվիստների վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ծիծաղելի է համարում:

«Այնպիսի հայտարարություն էր, կարծես թե Նորք- Մարաշ 2-րդ գործողությունն են իրականացրել ու նոր բանդա են բացահայտել: Սա ոստիկանության ոճն է: Ոստիկանությունը դարձել է գործող վարչախմբի գործիք: ՀՀ ներքին անվտանգությունը զրոյական վիճակի է հասել, ու ամեն անգամ, քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում ոստիկանությունն օգտագործվում է վարչախմբի կողմից: Ամեն ընտրության կրիմինալի, փողոցային խուժանի հետ ոստիկանությունը պարտադրում է քվեարկել իրենց կամքի թելադրանքով: Դեկտեմբերի 6-ի քվեարկությունը ցույց տվեց, որ մեր հասարակությունը չի ենթարկվում փողոցային խուժանին, կրիմինալին»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները շուրջօրյա նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում ու երեկ բերման են ենթարկվել: Ոստիկանությունը տարածել էր, թե մի քաղաքացու ահազանգով, պարզվել է, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանում մի խումբ անձինք ոգելից խմիչք են օգտագործում ու բարձրաձայն հայհոյում:

Պարոն Մակեյանը, քննադատելով իշխանությանը, անդրադարձավ նաեւ երեկ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձեւին ու ասաց, որ այն ապտակ էր հայ ժողովրդին, բայց. «Զարմանալի է՝ դրանից հետո նույնիսկ իշխանությունը դիվանագիտության հաղթանակ է հայտարարում: Պետք է մտածենք մեր երկրի, Արցախի անվտանգության մասին, որովհետեւ ՀՀ եւ Արցախի անվտանգությունը փոխկապակցված են: Հայաստանի այսօրվա վիճակը չի կարող չարտացոլվել ԼՂՀ անվտանգության վրա»:

Պարոն Մակեյանը նաեւ ասաց, որ այժմ պատրաստվում են մարտի 1-ի հանրահավաքին, այդ օրը մոբիլիզացիայի երկրորդ հնարավորությունն է. «Մարտի 1-ը մեր ցավն է ու վարչախմբի խայտառակությունը: Անցել է ութ տարի, ու որեւէ մեկը չի պատժվել, ընդդիմությունը պետք է համախմբվի ու սկսի մոբիլիզացիան»:

Բայց մինչեւ մարտի 1-ը, «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչները իշխանությանը փոփոխություններ անելու վերջնաժամկետ են տվել: Ճակատի ներկայացուցիչները նախ պահանջում են, որ ոստիկանների ուղիղ կեսը սահման գնա եւ սահմանը պաշտպանի. «Ոստիկանությունը կոռուպցիայի հիմնական օղակներից մեկն է, ոստիկանության ուղիղ կեսը պետք է տեղափոխվի սահման՝ սահմանը պաշտպանելու, այդ կերպ կթեթեւանա երկրում գաղջ մթնոլորտը, կոռուպցիան: Ու դա պետք է արվի մինչեւ մարտի 1-ը: Ինչո՞ւ Հայաստանի ներսում պետք է 20.000 ոստիկան ունենանք, թող գնան 18 տարեկան երիտասարդների կողքին կանգնեն: Հաջորդ պահանջը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում մարդու իրավունքների լրիվ ոտնահարում է, մարդը արժեք չունի, եւ այդ բնագավառում մենք չենք զիջում Ադրբեջանին, առաջինը պահանջում ենք՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, եւ քանի որ ՀՀ-ում ՄԻՊ-ը անպաշտպան է ու պարտադրված հրաժարական տվեց, ռեժիմի բացերը բաց ասող, կոռուպցիայի մեջ չթաթախված ու չվախեցող մեկին ենք պահանջում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, օրինակ` Զարուհի Փոստանջյանը»:

Պարոն Մակեյանը նաեւ հավելեց, որ հրապարակում շարունակելու են շուրջօրյա հերթապահությունը. «Մարտի 1-ը դարձնելու ենք մեծ մոբիլիզացիայի օր ու, բնականաբար, հրապարակը պետք է պահենք, դրա համար առաջարկում ենք ոստիկանությանը վերադարձնել առգրավված գույքը մինչեւ այսօր ժամը 4-ը: Եթե մինչեւ ժամը 4-ը չվերադարձնեն մեր գույքը, այսօր ժամը 6-ին սկսում ենք մեր շտաբի վերականգնման աշխատանքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031