Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները

Փետրվար 01,2016 13:48

Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ հայ դպրոցականների կողմից երկար սպասված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, ուստի եզրափակչում մրցում էին միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից:

Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան բարդ և ստեղծագործական լուծումներով:

Այսպիսով՝ մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթեցին Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) և Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester): Իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի «Animal lab» խաղը: «Animal lab»-ը հաղթող ճանաչվեց նաև «Լավագույն դիզայն» անվանակարգում:

«Լավագույն մտահաղացման» հեղինակ ճանաչվեց Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:

«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:

Նշենք, որ «ԴիջիԿոդի» շրջանակներում հայ դպրոցականներն աշխատում են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ «Աղվես»-ը «Scratch» ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Մրցույթը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման ունակությունները: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի, այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր են ստեղծում: Մրցույթը բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:

Հավելենք, որ «ԴիջիԿոդ» մրցույթին ներկա էր նաև Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների և մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ դոկտոր Բորիս Կոմրակովը: WITSA-ն առաջատար կոնսորցիում է, որի անդամ են հանդիսանում ՏՀՏ ոլորտի միության անդամների ավելի քան 80 երկրներ: Այն նաև հանդիսանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպիչը: Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ձեռք է բերել 2019թ-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման իրավունքը :

Նշենք, «ԴիջիԿոդն» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Շուշանիկ Ներսեսյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
Հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29