Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» արտահայտությունը». Փաշինյանը՝ կառավարությանը (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 18:06

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից եւ երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված գումարները չնչին՝ այսպես ասած բարեգործության, օրինակ, լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շարունակելով իր՝ «օդում կախված լուրերի» շարքը՝ անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին:

Նրա խոսքերով՝ ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը ՀՀ պատրաստի շաքարավազ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր մաքսատուրքերից. «Այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան եւ որպես շաքարավազ դուրս գալիս այնտեղից: Օդում կախված լուրերի համաձայն, այս հանցավոր մեխանիզմը տարիներ շարունակ գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ եւ թույլտվությամբ: Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը, Ալեքսանյանի այս կանտրաբանդայից եւ նրա մենաշնորհներից ունի անձնական փայաբաժին եւ հենց այդպես գոյացված միջոցների հաշվին է լուծում ընտրությունը կեղծելու եւ իշխանությունը պահելու ապօրինի գործողությունների եւ հանցավոր մեխանիզմների ֆինանսավորման հարցերը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ եւ մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին: Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս անելու համար»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցրեց՝ արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» արտահայտությունը:

Նրան պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե որն է Փաշինյանի այս հարցի նպատակը. «Դուք այս ձեւով ուզում եք հերքել լուրերը, որ դուք իշխանության հետ ինչ-որ ձեւով շաղկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք եւ այլն: Ես կարծում եմ, որ եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու: Որ իշխանության հետ շաղկապված չեք, ես կարող եմ դրա մասին ասել այս ամբիոնից, այնպես որ ավելորդ ճիգեր գործադրելու կարիք այդ առումով չկա»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ լավ կլիներ Դավիթ Հարությունյանը պատասխաներ, թե ինչ նպատակով էր այդ ամենի մասին, որոշ բառեր փոխած, ասում Սերժ Սարգսյանը. «Արդյոք ասում էր ապացուցելու համար, որ ինքը ՀՀ-ում կոռուպցիայի, կաշառակերության հետ կապ չունի՞: Արդյոք Սերժ Սարգսյանը ձեզ համոզե՞լ է, որ ինքը կոռուպցիայի հետ կապ չունի: Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ ես ապացուցելու բան չունեմ: Ապացուցելու բան ունեք դուք եւ ձեր իշխանության ներկայացուցիչները»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Դավիթ Հարությունյանի այս խոսքերի նպատակն է, որ ինքը դադարեցնի իր՝ «օդում կախված լուրերի» շարքը, նրան հիասթափություն է սպասվում, նաեւ հորդորեց ՀՀ հայտնի կոռուպցիոներներին, որ պատրաստվեն իրենց լուրերի հրապարակմանը:

Դավիթ Հարությունյանը պնդեց, որ իր կարծիքը մնաց անփոփոխ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29