Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չուգասզյանն ընտրվել է հեղինակավոր ակադեմիայի անդամ

Փետրվար 16,2016 13:01

Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանն օրերս ընտրվել է Մոնպելյեյի ( Ֆրանսիա) Գիտությունների եւ գրականության ակադեմիայի անդամ: Սա առաջին դեպքն է, որ հայաստանցի որեւէ գիտնական արժանանում է այդ պատվին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Չուգասզյանը նշեց, որ անցյալ տարի էլ Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ են իրեն ընտրել: Ընդ որում, Հայաստանի ազգային ակադեմիան հումանիտար գիտությունների գծով չունի որեւէ անդամ, որը արտասահմանյան երկու ակադեմիաների անդամ լինի:

Ի դեպ, Լեւոն Չուգասզյանը ՀՀ գիտությունների ակադեմիայի անդամ չէ:

Նա տեղեկացրեց, որ Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիան Մոնպելյեյի գիտական ընկերություն է, որը ստեղծվել է 1846 թ. եւ շարունակությունն է Մոնպելյեյի Գիտությունների թագավորական ընկերության: Վերջինս հիմնվել է 1706թ. Լյուդովիկոս XIV թագավորի հրամանով՝ որպես Փարիզի ակադեմիայի մասնաճյուղ:

«Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի անդամ են ընտրվում այն ճանաչված գիտնականները, որոնք գիտեն ֆրանսերեն եւ կարող են ֆրանսերենով զեկուցում ունենալ ակադեմիայի նիստերին: Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիան ունի 90 լիիրավ, 20 պատվավոր եւ 42 թղթակից անդամներ: Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի բոլոր լիիրավ անդամները ֆրանսիացիներ են: Նրանց շարքում է նաեւ Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի նախկին պրոֆեսոր, հայագետ Ժիրայր Դեդեյեանը, որը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի բոլոր պատվավոր անդամները նույնպես ֆրանսիացիներ են: Թղթակից անդամների շարքում, բացի ֆրանսիացիներից, կան բելգիացի, իտալացի, շվեյցարիացի, մարոկկացի, սերբ, լիբանանցի, լեհ գիտնականներ՝ զանազան գիտությունների ներկայացուցիչներ»,- հայտնեց պարոն Չուգասզյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29