Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փոքր երկիր է և չի կարող իրեն թույլ տալ գիտությամբ չզբաղվել». Արամ Գալստյան

Մարտ 01,2016 15:13

«Ես տեսնում եմ, որ Հայաստանում գիտական ներուժ կա: Ուղղակի պետք է իմանալ՝ ինչպես այն ճիշտ օգտագործել: Դուրս գնալու և այնտեղ աշխատելու մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը՝ պետք է խրախուսել: Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ դրսում աշխատելուց հետո երիտասարդ գիտնականը գա Հայաստան և այստեղ կարողանա զբաղվել գիտությամբ ու առաջ գնա»,- այսպես է կարծում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ, Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանը:

Հայազգի գիտնականը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր հանդես եկավ բաց դասախոսությամբ՝ «Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով:

2000 թվականից Կալիֆոռնիայի համալսարանում աշխատող Արամ Գալստյանը առաջին անգամը չէ, որ Հայաստանում այսպիսի դասախոսություն է կարդում. «Առաջին անգամ Ամերիկյան համալսարանում եմ կարդացել: Դա 6-7 տարի առաջ էր: Ես այն ժամանակ մեծ հույսեր ունեի, որ ուսանողները դրանից կոգևորվեն, և այդպես էլ եղավ. որոշ ուսանողներ կապվեցին ինձ հետ, փորձեցինք ինչ-որ բան անել, բայց ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց: Այս անգամ ավելի մեծ հույսեր ունեմ: Ամեն դեպքում, այսօր համոզվեցի, որ այստեղ ուսանողների համար տեխնիկական բոլոր պայմաններն ապահովված են, որպեսզի նրանք համարվեն գիտական համայնքի մի մաս, ռեսուրսների պակաս ընդհանրապես չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Գալստյանը:

Նա հավատացրեց, որ շատ հայ ուսանողներ ոչ մի բանով ոչ միայն չեն զիջում, այլև գերազանցում են օտարազգի շատ ուսանողների. «Չնայած ասում են, որ Հայաստանի կրթական համակարգը լավ վիճակում չէ, բայց ժամանակ առ ժամանակ այնպիսի ուսանողներ են հայտնվում, որոնք ուղղակի ապշեցնում են իրենց պատրաստվածությամբ, իրենց ներուժով: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անել այդպիսի ուսանողներին խրախուսելու համար, որպեսզի նրանք գիտությամբ զբաղվեն, գիտությունը մեր երկրում առաջ տանեն: Հայաստանը շատ փոքր երկիր է և չի կարող իրեն թույլ տալ գիտությամբ չզբաղվել»,- ընդգծեց Արամ Գալստյանը:

Նկատենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՀՀ նախագահի հովանու ներքո 2012 թվականից իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրի ղեկավար մարմնի անդամ, ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ նախորդ տարվանից հայազգի նշանավոր գիտնականների են հրավիրում Հայաստան դասախոսություններ կարդալու. «Արդեն մեկ դասախոս՝ հայտնի գիտնական Արտեմ Օգանովն այցելել է Հայաստան, դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանում: Արամ Գալստյանի դասախոսությունը երկրորդն է այս ծրագրի շրջանակներում»,- հավելեց նա:

Գևորգ Վարդանյանի խոսքով՝ ծրագրի նպատակը միայն այն չէ, որ մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն ունենան լսելու հայազգի գիտնականների դասախոսությունները. «Նաև նպատակ ունենք մեր հայտնի գիտնականներին կապելու Հայաստանի հետ և օգտագործելով նրանց գիտական ներուժն ու կապերը՝ փորձել համատեղ ծրագրեր իրականացնել: Արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ մեր առաջին դասախոսի՝ Արտեմ Օգանովի հետ: Շատ շուտով ԵՊՀ-ի ասպիրանտներից մեկը կմեկնի նրա լաբորատորիա, որպեսզի վերապատրաստվի, ապա վերադառնա Հայաստան, և համատեղ ուժերով փորձեն այստեղ լաբորատորիա ստեղծել: Նաև մեր երկրորդ դասախոսի՝ Արամ Գալստյանի հետ նախնական պայմանավորվածություն կա, որ եթե լինեն ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկություն կունենան համակարգչային գիտությամբ զբաղվելու, մեր հայազգի գիտնականը պատրաստ է ամեն կերպ աջակցելու նրանց վերապատրաստմանը»,- ասաց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամը:

Նա վստահեցրեց, որ այս ծրագիրը չի նպաստում նրան, որ մեր երիտասարդ գիտնականները գնան արտերկիր ու այլևս չվերադառնան. «Հստակ պայման կա՝ այն երիտասարդը, որը կգնա ու կվերապատրաստվի դրսում, անպայման պետք է վերադառնա: Հեռանկարներ կան նաև Հայաստանում»,- ասաց Գևորգ Վարդանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031