Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն անդրադարձել է մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդրին

Մարտ 14,2016 18:11

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են անօթևան քաղաքացիներին համապատասխան կացարանում տեղավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում շուրջ 100 քաղաքացիների արդեն իսկ ցուցաբերվել է աջակցություն:

«Կացարանով աջակցելուց զատ, լավ կլինի, որ սոցիալական ապահովության վարչությունը հետամուտ լինի նաև այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը: Մենք պետք է լուծումներ տանք նաև այս հարցին. եթե տվյալ մարդն աշխատելու հնարավորություն ունի, փորձենք օգտակար լինել, աջակցենք նրանց: Օրինակ, այդ մարդկանցից ոմանց կարող ենք կանաչապատման ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել: Աշխատե՛ք այս ուղղությամբ՝ մոտ ապագայում ներկայացնելով համապատասխան քայլեր, որոնք ձեռնարկվել են ձեր կողմից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նաև մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրը:

«Մայրաքաղաքի փողոցներում մուրացկան երեխաներ չպետք է լինեն. սա ամոթալի և ցավալի երևույթ է: Սակայն ցավով պետք է նշեմ, որ պարբերաբար հանդիպում ենք նման երեխաների, ինչը մտահոգիչ է բոլորիս համար: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա: Երեխաների իրավունքների բաժինը պետք է ակտիվ համագործակցի քաղաքապետարանի սոցիալական, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև ոստիկանության հետ: Փորձեք անել հնարավորը, որ այդ երեխաները ոչ թե փողոցում լինեն, այլ ինչպես իրենց հասակակիցները, գնան դպրոց, սովորեն, արժանապատիվ մանկություն ունենան: Այցելեք այդ երեխաների ընտանիքներ, տեղում ծանոթացե՛ք նրանց ընտանիքների պայմաններին, զրուցեք ծնողների հետ ու պարզեք այդ երեխաների փողոցում հայտնվելու բուն պատճառները: Լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031