Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ վրա կրակեց ՌԴ-ի տված զենքը` Ալիեւի ձեռքով» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 14:36

«Մեզ վրա կրակեց մեր այսպես կոչված դաշնակից-պետության կողմից տրամադրված զենքը` Ալիեւի ձեռքով: Սա փաստ է, որն արձանագրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անուղղակիորեն, բայց, այնուամենայնիվ, դա փաստ է: Երեկ էլ իմացանք, որ դեպի Հայաստան ռուսական ռազմական մատակարարումների հետ կապված խնդիրներ են եղել, ինչը Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց Հովիկ Աբրահամյանը: Դա փաստ է»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա բնորոշմամբ` Ալիեւին 4 օրում փաստորեն ժամանակ էր տրված փոխելու «ստատուս քվոն», ինչը նրան չհաջողվեց: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` ԼՂ խնդրի կարգավորման դիվանագիտական հարթակում ստեղծվել է նոր իրավիճակ. «ԼՂՀ-ի գործոնն ավելի բարձր քաշային կատեգորիայում է, ինչը վկայում է համանախագահների այցը Ստեփանակերտ: Նրանք այցելում են նաեւ ՊԲ շտաբ, առանձին բանակցում ԼՂՀ Պաշտպանության նախարարի հետ: ՊԲ-ն ապացուցեց շատ ակնառու, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության կարեւոր գործոն է, որի հետ հաշվի են նստում միջազգային ուժերը»:

Ըստ այդմ, ըստ Մեհրաբյանի, հայկական դիվանագիտության առաջ նոր խնդիրներ են դրված, որոնք կենսական կարեւորություն ունեն հայ ժողովրդի եւ պետականության համար: Նախեւառաջ, հայ զինվորի սխրանքը պետք է դիվանագիտական հարթության վրա ամրագրվի. «Հայկական կողմը պետք է հասնի նրան, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանագծի վրա ստեղծվեն երաշխիքներ, որ նման հարձակում Ադրբեջանն այլեւս չի կարող գործել: Դա ունի ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական բաղադրիչներ, որոնք արդեն իսկ կան Մինսկի խմբի առաջարկությունների մեջ եւ որոնք ընդունել է հայկական կողմը: Վերջինիս խնդիրն է, որպեսզի այդ մեխանիզմները պարտադրվեն ընդունել ագրեսիվ գործողությունների դիմած Ադրբեջանին: Սա կարելի է անել անգամ ներկայիս ձեւաչափով:

Երկրորդ խնդիրը` Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

Երրորդը, հայկական կողմը պետք է ոչ մի դեպքում չգնա նոր զինադադարի համաձայնագրի ստորագրմանը: 1994թ. համաձայնագիրը լիովին բավարար է, բայց թերություն ունի` չի պարունակում պատասխանատվություն եւ հիմնված է երեք կողմերի բարի կամքի վրա, հետեւաբար` երաշխիքներ եւ մեխանիզմներ են պետք: Առաջինը դա դիտորդների մանդատի փոփոխությունն է եւ թվի մեծացումը, հագեցումը համապատասխան սարքավորումներով, որպեսզի մոնիթորինգը կրի մշտական բնույթ: Բացի այդ, միջազգային հետաքննական մեխանիզմներ պետք է ներդրվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930