Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը»

Ապրիլ 09,2016 18:03

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրին Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։

Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930